Բաժիններ՝

Շինարարությունը ուշքի չի գալիս

Շինարարության ոլորտը տարվա ընթացքում մի կարճ ժամանակահատված կենդանության նշաններ ցույց տվեց, սակայն շատ արագ վերադարձավ անկումային ցուցանիշներին։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, շինարարության ծավալը 2014 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  նվազել է 4.4%-ով։ Ընթացիկ տարում կատարվել է 287.2 միլիարդ դրամի շինարարություն։ ՀՆԱ-ի մեջ ոլորտի տեսակարար կշիռն իջել է մինչև 7.5%-ի։

Պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալը նվազել է 2.5%-ով և կազմել 43.9 միլիարդ դրամ։ Զգալիորեն նվազել է բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալը։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին բնակչությունն իրականացրել է 65.6 միլիարդ դրամի շինարարությունը, որը 21.8%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մարդասիրական օգնության հաշվին իրականացված շինարարությունն է՛լ ավելի մեծ չափով է նվազել՝ 39.6%-ով, հասնելով 4.5 միլիարդի։

1.5 տոկոսով աճել է միայն կազմակերպությունների կողմից իրականացված շինարարության ծավալը՝ կազմելով 134 միլիարդ դրամ։

Ավելացնենք, որ շինարարության անկման ֆոնին նվազել են նաև այս ոլորտի հետ փոխկապակցված արտադրատեսակների արտադրության ծավալները։ Այսպես, գաջի արտադրությունը բնեղեն արտահայտությամբ նվազել է 25%-ով (ծավալը՝ 18728 տոննա), ցեմենտինը՝ 1.1%-ով (372.6 հազար տոննա), կրինը՝ 8.6%-ով (21359 տոննա), ալյումինե և պլաստմասսե դռների ու պատուհանների արտադրությունը՝ 18.6%-ով (28667 հատ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս