Ուկրաինան Ղրիմը կորցրեց իր ոչ բլոկային կարգավիճակի պատճառով. Լուբկիվսկի
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիիլ Լուբկիվսկին կարծում է, որ Ուկրաինան Ղրիմը կորցրել է իր ոչ բլոկային կարգավիճակի պատճառով: Այդ մասին նա հայտարարել է այսօր Կիևում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ:
Նա ընդգծել է, որ իրենք չեն կարող իրենց թույլ տալ լինել չեզոք երկիր, և որ Ուկրաինան, ընտրելով ոչ բլոկային ուղին, մեկուսացրել է իրեն, ազատ է արձակել Ռուսաստանի ձեռքերը, և այդ ամենի հետևանքը եղել է Ղրիմի կորուստը:
Խոսելով Ռուսաստանի մասին՝ Լուբկիվսկին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է փոխի իր մտածելակերպը. «Ինչպիսի՞ Ռուսաստան է անհրաժեշտ մեզ: Ահա թե որն է հարցը, որը պետք է հենված լինի մեր մտածելակերպի վրա: Ուկրաինային անհրաժեշտ է ժողովրդավարական, ազատ ու կանխատեսելի Ռուսաստան, որն ունակ է գրագետ ձևով լուծել իր մասշտաբային, ահռելի սոցիալական ու տնտեսական խնդիրները»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն երեկ խորհրդարանում հայտարարել է, որ Ուկրաինան հրաժարվում է ոչ բլոկային քաղաքականությունից: