Հայաստանը գնում է ԵՏՄ՝ Միացյալ նահանգների հանձնարարականով. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)
Ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք խորը ճգնաժամային երևույթներ, և դրա հիմնական մեխանիզմը դարձել է ժողովուրդների կողմից ինքնիշխանության կորուստը: Այս կարծիքին է Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, որն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այդ կորսուստը տեղի է ունենում երկու ձևերով.
«Առաջին՝ երկրի քաղաքական ընտրանիները անցնում են ծառայության օտար ուժերին, այսինքն՝ իրականացնում են ոչ թե սեփական երկրի նպատակները, շահերը, իղձերը, երազանքները, այլ իրականացնում են մի որևէ այլ, որպես կանոն, աշխարհի առաջատարի նպատակադրումները, հանձնարարականները: Երկրորդն այն է, որ երկրներում տարածվում է խորթ արժեհամակարգ, երկրների ժողովուրդների ինքնությանը, մշակույթին չհամապատասխանող արժեհամակարգ, որը բերվում է դրսից և որն ունի մի նպատակ՝ հեշտացնել արտաքին կառավարումը: Ժողովուրդները հենց ընդունում են արտաքին համակարգերը, միանգամից դառնում են խաղալիք, ընտրանիները տրվում են այդ խորթ համակարգերին և դառնում են գործիք՝ դրանով տապալում են իրենց երկրների ապագան»:
Ըստ Ա. Մանուչարյանի՝ ինչպես հետխորհրդային բոլոր երկրներում, Հայաստանում նույնպես ընտրանիները բացարձակապես կապ չունեն ժողովրդի հետ: Նա կարծում է, որ ընտրանիները իրենց արժեհամակարգերով տրված են փողին, իշխանությանը և փառքին. «Հայասատնում գործող հիմնական ուժերը Միացյալ Նահանգներն են և Ռուսաստանը, Եվրամիությունը Միացյալ նահանգների գործիքն է: Իսկ մյուս բարեկամ երկրների հետ չենք կարողանում որևէ խորքային հարաբերություն հաստատել՝ այս ընտրանու պահվածքի պատճառով»:
Ա. Մանուչարյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքական ընտրանու 90%-ը սպասարկում է Միացյալ Նահանգների շահերը, իսկ 10%-ը՝ Ռուսաստանի:
168.am-ի հարցին՝ եթե Հայաստանի քաղաքական ընտրանու 90%-ը սպասարկում է Միացյալ Նահանգներին, ինչպե՞ս է՝ ՀՀ-ն միանում ԵՏՄ-ին, Ա. Մանուչարյանն այսպես պատասխանեց.
«Հայաստանը գնում է ԵՏՄ՝ Միացյալ նահանգների հանձնարարականով: Հայաստանը գտնվում է Միացյալ Նահանգների վերահսկողության տակ, բայց մի պայման կա, բանն այն է, որ Ռուսաստանը իր մոտ տարածքներում ավելի մեծ հզորություն ունի և կարող է որոշակի քայլեր անել: Ռուսաստանը Հայաստանում բավարար ուժ ունի, որ ցանկացած իշխանության սրբի և դնի իր իշխանավորին: Իսկ Միացյալ նահանգները հասցրել են ՀՀ-ի ողջ պետական համակարգը դարձնել ամերիկյան: Եթե ղեկավարին հանեն ռուսները և դնեն ռուսական մի որևէ ղեկավարի, ապա այդ ամբողջ բուրգը փլվելու է: Միացյալ նահանգները չեն ուզում բուրգը կորցնեն, դրա համար նրանք մեր ղեկավարությանը թույլ տվեցին, որ Ռուսաստանի ճնշման տակ ստորագրեն այդ բանը, մինչև իրավիճակը ավելի բարեհաջող կլինի, Ռուսաստանը ավելի թուլացած կլինի, այդ ժամանակ իրենք հանգիստ կկատարեն այդ ռեվերսը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Անի Քեշիշյան