Աբխազական երկաթուղու վերաբացումը կնշանակի տարածաշրջանում մեր գլխավոր դաշնակից Ադրբեջանի շրջափակում. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում երեկ հայտարարել է, որ երկրի իշխանությունները շանտաժի միջոցով տապալել են Ուկրաինայի բիզնես-օմբուդսմենի պաշտոնում Վրաստանի նախկին վարչապետ Նիկա Գիլաուրիի նշանակվելը.

«Դա Եվրոբանկի նախագիծն էր, և Վրաստանի կառավարությունը նոտա հղեց ու հայտարարեց, որ եթե Գիլաուրին կարևոր պաշտոն զբաղեցնի Ուկրաինայում, ապա Վրաստանի կառավարությունը կխզի Եվրոպական բանկի հետ համագործակցությունը:

Նրանք ուղիղ ձևով մեզ բաժանում են Ուկրաինայից, Ադրբեջանից, որովհետև Աբխազական երկաթուղու վերաբացումը կնշանակի տարածաշրջանում մեր գլխավոր դաշնակից Ադրբեջանի շրջափակում»:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր էր համարել ընդհանուր համաձայնության գալու դեպքում Աբխազական երկաթուղու վերաբացումը:

Վրաստանի արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլին իր հերթին հայտարարել էր, որ Վրաստանի տրանսպորտային ու տարանցիկ պոտենցիալի օգտագործումը երկրի բացառիկ ու ինքնիշխան իրավունքն է, ինչի համար էլ մեկ ուրիշն իրավասու չէ իրագործել նման նախագծեր, ինչպիսին է Աբխազական երկաթուղու վերաբացումը. «Որոշումը կընդունվի միայն հաշվի առնելով Վրաստանի շահերը, և որևէ մեկը չի կարող մեզ թելադրել իր պայմանները»:

Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբան հայտարարել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի Աբխազիան դառնա տարանցիկ երկիր. Ռուսաստանից բեռներն Աբխազիայի ու Վրաստանի միջոցով անցնեն Հայաստան և հակառակ ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս