
Ռուսաստանն ու Աբխազիան կարող են կազմակերպել Սուխում-Թբիլիսի-Երևան ուղղությամբ երկաթուղային հաղորդակցություն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանն ու Աբխազիան կարող են ընդհանուր համաձայնության դեպքում կազմակերպել Սուխում-Թբիլիսի-Երևան ուղղությամբ երկաթուղային հաղորդակցություն:
Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Սոչիում Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ ստորագրել է Դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր.
«Հնարավոր ենք համարում այլ գործընկերների հետ համատեղ մտածել և ընդհանուր համաձայնության դեպքում իրագործել այնպիսի նախագիծ, ինչպիսին է Սուխում-Թբիլիսի ուղղությամբ երկաթուղային տարանցիկ հաղորդակցությունը: Այդօրինակ նախագծերի իրագործումը նպաստելու է շահագրգիռ բոլոր կողմերի միջև հարաբերությունների զարգացման համար պայմանների ստեղծմանը»:
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Հայաստանը 2015 թվականից ստեղծում են Եվրասիական տնտեսական միություն, ընդ որում` Հայաստանը մնացյալ մասնակիցներից անջատված է Վրաստանի տարածքով: