Մենք ցանկանում ենք Աբխազիան վերածել տարանցիկ երկրի Ռուսաստանի ու Հայաստանի միջև. Բուտբա
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիան մտադիր է ներգրավել ռուսական կոմերցիոն ընկերություններին՝ Սուխումի մոտ գտնվող օդանավակայանի վերակառուցման համար:
Այս մասին Ռուսաստանի ու Աբխազիայի միջև սոցիալ-տնտեսական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստում հայտարարել է Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբան:
Նիստում քննարկվել են Աբխազիայի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելուն ուղղված ներդրումային ծրագրերի հարցը, որն իրենում ներառում է սոցիալական ու ենթակառուցվածքային տարբեր օբյեկտների վերակառուցում: Ենթակառուցվածքային նախագծերից մեկն էլ առնչվում է օդանավակայանին:
Բուտբան հայտարարել է, որ իրենք ցանկանում են, որ Սուխումի օդանավակայանը սկսի գործել հաջորդ տարվանից՝ հավելելով, որ այն կվերակառուցվի ամբողջովին: Աբխազիայի վարչապետը հայտարարել է, որ իրենք մտադիր են զարգացնել նաև երկաթուղային հաղորդակցությունը.
«Կա ցանկություն և տարվում է համապատասխան աշխատանք, որպեսզի Աբխազիան դառնա տարանցիկ երկիր. Ռուսաստանից բեռները Վրաստանի միջոցով անցնեն Հայաստան և հակառակ ուղղությամբ»: