Վրացական կողմը մեկնաբանել է Աբխազական երկաթուղու վերաբացման մասին Պուտինի հայտարարությունը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանել է Աբխազական երկաթուղու բացման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը.

«Մենք այդ հարցը կդիտարկենք այն դեպքում, եթե դա ծառայի աբխազական հակամարտության կարգավորմանը, և եթե այդ ամենն իրականացվի Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմամբ, Վրաստանի ինքնիշխանության նկատմամբ հարգանք ցուցաբերելու դեպքում: Այդ դեպքում մենք կարող ենք լսել ռուսական կողմի նախաձեռնությունը, թե նա ինչպես է պատկերացնում երկաթուղու վերականգնումը»:

Վրաստանի հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել է, որ անհնար է Մոսկվայի ու Սուխումի նախաձեռնությամբ Աբխազական երկաթուղու վերականգնումը.

«Բացառված և անհնար է Ռուսաստանի ու Աբխազիայի նախաձեռնությամբ երկաթուղու վերականգնումը: Ռուսաստանի հետ նախագծերում Աբխազիան ներառելը երբեք չի բխի Վրաստանի շահերից»:

Վրաստանի արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլին իրհերթին հայտարարել է, որ Վրաստանի տրանսպորտային ու տարանցիկ պոտենցիալի օգտագործումը երկրի բացառիկ ու ինքնիշխան իրավունքն է, ինչի համար էլ մեկ ուրիշն իրավասու չէ իրագործել նման նախագծեր, ինչպիսին է Աբխազական երկաթուղու վերաբացումը. «Որոշումը կընդունվի միայն հաշվի առնելով Վրաստանի շահերը, և որևէ մեկը չի կարող մեզ թելադրել իր պայմանները»:

Տեսանյութեր

Լրահոս