Թոմաս դե Վաալ. «Հայաստան-Թուրքիա. ունենք 2 ստորագրություն, չունենք գործընթաց»

Հոկտեմբերի 22-23-ը Անկարայի համալսարանում տեղի ունեցավ «Փակ դարպաս՝ Թուրքիա-Հայաստան սահմանի հեռանկարները» խորագրով միջազգային համաժողով:

Մասնակիցներից մեկը` «Քարնեգի կենտրոնի» Կովկասի գծով բրիտանացի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը, պատասխանելով Ermenihaber.am-ի հարցերին, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին:

– Ինչպե՞ս եք տեսնում հարաբերությունների ապագան: Ի՞նչ եք կարծում` մի օր Թուրքիան կմոռանա՞ Ադրբեջանի գործոնը ու կբացի՞ Հայաստանի հետ սահմանը:

– Հայ-թուրքական սահմանի բացման հարցում ես, ցավոք, բավական վատատեսական մոտեցում ունեմ: Հայկական կողմում առկա բացասական արձագանքները՝ առավելապես սփյուռքի կողմից, ՀՀ նախագահին ավելի զգուշավոր են դարձնում, իսկ Ադրբեջանի ճնշումն է թուրքական կողմին զգուշավոր դարձնում: Արդյունքում՝ մենք ունենք 2 ստորագրություն, բայց չունենք գործընթաց: Եվ ցավոք, Ադրբեջանի դիրքերը Թուրքիայում գնալով հզորանում են, ուստի կարծում եմ, որ ցյուրիխյան արձանագրությունները չեն վավերացվի: Ահա թե ինչու են սահմանի բացման շանսերը բավականին փոքր: Ու դա բխում է Ադրբեջանի շահերից:

Կարդացեք նաև

– Ամեն դեպքում չենք կարող ժխտել, որ հասարակությունների միջև որոշակի շփումներ կան:

– Այո, չենք կարող ժխտել: Այնուամենայնիվ փոքր քայլեր արվում են երկու հասարակությունների շփման մեջ: Առևտրի, մշակույթի և այլ բնագավառներում կան որոշակի շփումներ: Այն փաստը. որ այսօր Անկարայում տեղի է ունենում հայ-թուրքական համաժողով արդեն առաջընթաց է: 10 տարի առաջ նման բանի մասին նույնիսկ մտածել չէինք կարող: Ճիշտ է, շատ դանդաղ, բայց այնուամենայնիվ առաջընթաց կա: Սա կարևոր գործընթաց է: Բացի այդ թուրքական հասարակությունը հիմա ավելի բաց է և ունի այլ մոտեցում թե հայկական հարցի և թե սահմանի բացման վերաբերյալ:

– Կարծում եք, որ հասարակական կարծիքը կարող է պարտադրել պետական քաղաքականության մեջ կուրսի փոփոխությո՞ւն:

– Ոչ անմիջապես: Դա երկար ժամանակ կպահանջի: Սերնդափոխություն է տեղի ունենում: Ես այն համոզմունքին եմ, որ նոր սերունդն ավելի հանդուրժող է: Բայց ամեն դեպքում այս գործընթացը երկար ժամանակ կպահանջի:

– Իսկ ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Թուրքիայից որևէ քայլի ակնկալիք պե՞տք է ունենալ:

– Որևէ խոշոր նշանակության քայլ չեմ ակնկալում: Թուրքիայի նախագահը, բնականաբար, Հայաստան չի մեկնի: Սակայն ինչ-որ փոքր քայլեր ամեն դեպքում հնարավոր է, որ կարվեն: Ներողություն, որ այսքան վատատես եմ:

Աստղիկ Իգիթյան
Անկարա

Տեսանյութեր

Լրահոս