«Ես երեք աչք չունեի, որ մեկը հանեին՝ երկուսը մնար». Լարիսա Ալավերդյանին ասել է ադրբեջանցի դիվերսանտներից մեկը
ՀՀ Մարդու Իրավունքների (ՄԻ) առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենց կազմակերպությունը դիմել է միջազգային մի շարք կազմակերպությունների՝ առաջարկելով մոնիթորինգ անցկացնել Քարվաճառի դիվերսանտների դեպքի հետ կապված:
«Կապ չունի՝ ադրբեջանցի է, ով է, ինչ է, միջազգային կազմակերպությունները պետք է հետաքրքրվեն նրանով: Ես անձամբ իմ կազմակերպության անդամների հետ այցելել եմ նրանց ու տեսել, որ ամեն ինչ կարգին է: Բայց Ադրբեջանի տարածած դեզինֆորմացիան ժխտելու համար անհրաժեշտ է, որ միջազգային կազմակերպությունները այցելեն ու իրենց աչքով դա տեսնեն: Մինչ այժմ արձագանքել են երկու կազմակերպություններ, որոնք ասացին, որ միջոցներ չունեն՝ Ղարաբաղ այցելելու: Ինձ զարմացնում է այն, որ երբ պետք է իրոք միջամտել, խուսափում են, իսկ երբ անհրաժեշտություն չկա, միջամտում են»,-ասաց նա:
Ըստ նրա՝ դիվերսանտների դատավարությունը շատ երկար է շարունակվելու, որովհետև վկաները շատ են ու նրանց հարցաքննելու համար կպահանջվի երկար ժամանակ.
«Միայն թվում է, որ հեշտ է դատական պրոցեսի ժամանակ դրական մթնոլորտ ստեղծել, երբ դատում են անձանց, որոնք մեղադրվում են առնվազն երկու անձի սպանության մեջ: Իրականում շատ դժվար է:
Գաղտնիք չէ, որ նույնիսկ մեր դատարաններում՝ մեր քաղաքացիների հանդեպ, պահվում են որոշակի նորմեր, իսկ Արցախի դատարանի համար սա իրոք առաջընթաց էր, որովհետև թե՛ դատավորը, թե՛ մեղադրողը, թե՛ բուն տուժած կողմն ունեն արժանապատիվ կեցվածք: Նրանք հասկանում են, որ միջազգային նորմը պահանջում է մեղադրյալին դրական վերաբերվել, որ նա չվախենա և ազատ արտահայտվի: Դրանից օգտվում են երկուսն էլ. նրանք ընկճված չեն, պատասխաններն ազատ են»,-նկատեց նա:
Լարիսա Ալավերդյանն ասաց, որ անձամաբ զրուցել է դիվերսանտների հետ և նրանք զարմացած են եղել հայկական կողմի դրական վերաբերմունքից: Նա նշեց, որ երբ դիվերսանտներին պատմել է, թե ինչ են իրենց մասին գրում Ադրբեջանում՝ թե նրանցից մեկի մի աչքը հանել են և այլն, դիվերսանտը կատակել է՝ ես երեք աչք չունեի, որ մեկը հանեին, երկուսը մնար, ինչպես տեսնում եք՝ իմ երկու աչքն էլ տեղում է:
«Այն, որ իրենք պատրաստ էին դիվերսիա անելու համար՝ հասկանալի է ոչ միայն նրանից, ինչ ցույց տվեց առաջին իսկ օրը ղարաբաղյան կողմը, այլև հենց իրենց բացատրություններից: Փաստերի ճնշումը անիմաստ է դարձնում այս կամ այն դրվագը»,-ասաց նա: