Հակամարտության անժամկետ հետևանքները
Արցախի ազատագրումից անցել են երկար տարիներ, բայց հակամարտության հետևանքով մինչև օրս շատ հարցեր պատասխաններ դեռ չեն ստացել:
Արցախյան պատերազմի տարիներին բազմաթիվ մարդկանց ճակատագրեր անհայտ մնացին, ու շատերը համարվեցին անհայտ կորած, իսկ նրանց ընտանիքները մնացին կատարյալ անորոշության մեջ: Պատերազմի ավարտից հետո շատերը մեծ հոսքով վերադարձվեցին Հայաստան, իսկ անհայտ կորածներն այս 20 տարիների ընթացքում գրեթե չեն վերադարձել: Որպես անհայտ կորածներ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Հայաստանում այսօր գրանցված է ավելի քան 430 անձ, որոնց հիմնական մասը կորել է 90-ականներին` 1992-ից 1994-95 թթ. ընկած ժամանակահատվածում: Անհայտ կորածների մեծ մասը տղամարդիկ են, կան նաև կանայք ու երեխաներ:
Հայաստանում դեռ չկա անհայտ կորածների հարցերը կարգավորող առանձին օրենք կամ օրենսդրական ակտ, ուստի` այս անձինք այսօր չունեն համապատասխան կարգավիճակ: Արդյունքում` անհայտ կորածների ընտանիքները, տարբեր հարցեր ծագելու դեպքում, չգիտեն` ինչպես վարվել: Կան շատ ընտանիքներ, ում հարազատներն անհայտ կորած են, և իրենք մինչև օրս սպասում են իրենց հարազատին` հոգեպես պատրաստ չլինելով վերցնել մահվան վկայականը: Միևնույն ժամանակ, կյանքը շարունակվում է, և հետզհետե նրանց համար ծագում են շատ հարցեր: Օրինակ, եթե անհայտ կորածը գրանցում ունի որևէ հասցեում, ապա տվյալ ընտանիքը չի կարող այդ անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվել, մինչև չպարզվի իրենց հարազատի ճակատագիրը: Խնդիրներ կարող են ծագել նաև ընտանիքի անդամի քաղաքացիական կարգավիճակի փոփոխման դեպքում: Նմանատիպ բազմաթիվ խնդիրների դեպքում այս ընտանիքներն այսօր շատ հաճախ բախվում են իրավական լուրջ խնդիրների:
Անհայտ կորած անձանց խնդիրները գտնվում են ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում, որն աշխատանքներ է տանում` անհայտ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ, մյուս կողմից` համագործակցում է ՀՀ կառավարության հետ` տրամադրելով տեխնիկական աջակցություն օրենսդրական բարեփոխումներ կատարելու հարցում, ինչպես նաև տարբեր ծրագրերով աջակցում է անհայտ կորածների ընտանիքներին` Հայկական կարմիր խաչի ընկերության և մի քանի տեղական գործընկերների հետ համատեղ:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկար տարիներ աշխատում է Հայաստանի ու Ադրբեջանի պետական հանձնաժողովների հետ, որոնք զբաղվում են անհայտ կորածների հետ կապված խնդիրներով,- նշում է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` հավելելով,- Մեր այս գործունեության շրջանակներում բազմատեսակ աջակցություն ենք տրամադրում անհայտ կորածների ընտանիքներին և հավաքագրում ենք մանրամասն տվյալների բազա, որը հետագայում կօգնի անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման գործում: Մենք պատրաստ ենք աջակցել այս հանձնաժողովների միջև տեղեկատվության փոխանակմանը, ինչի արդյունքում ընտանիքներին կտրվեն պատասխաններ իրենց հարազատների վերաբերյալ»:
Անհայտ կորածների ընտանիքներ այժմ շատ կան Հայաստանի տարբեր մարզերում, որոնք ապրում են անորոշության մեջ ու երբեք չեն կորցնում հույսը, որ իրենց կորած հարազատը կենդանի է, քանի որ հակառակ ինֆորմացիա չեն ստացել:
Անհայտ կորածի հարազատ է նաև Ալինա Հովհաննիսյանը, ում հանդիպեցինք Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում: Ալինայի ամուսինը` Գրիգորյան Վարազդատը, անհայտ կորել է Արցախի շարժման տարիներին, և մինչև այսօր ընտանիքը ոչ մի լուր չունի իրենց հարազատից: Ալինան այժմ բնակվում է Հարթաշեն գյուղում` իր երկու որդիների ու նրանց ընտանինքերի հետ միասին: Ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրներն են անասնապահությունը և հողագործությունը:
56-ամյա Ալինան, չնայած հիմա շրջապատված է թոռնիկներով ու երեխաներով ու իրեն երջանիկ է համարում, սակայն նրա կյանքում պակասում է շատ կարևոր բան, իսկ անորոշությունն ավելի է խորացնում իր ցավը: Առանց արտասվելու դժվարանում է հիշել իր ամուսնու կորուստը.
«Մի գեղեցիկ օր, շատ մի գեղեցիկ օր` 1993-ի սեպտեմբերի 4-ին, մի գեղեցիկ աշուն, գնաց, էլ չվերադարձավգ Աշխատանքային մեքենայով գնացին ավտոմեքենայի համար շարժիչ բերելու, գնացին Զանգիլանի տարածք: Այդ ժամանակ Զանգիլանի տարածքը դեռ չգրավված տարածք էր` ադրբեջանական էր: Տարածքը գրավել են դեպքից մի քանի օր հետո: Զանգիլանի տարածքում շատ են եղել կորածները. իրենք չգիտեին այդ տարածքի` վտանգավոր լինելու մասին: Դե, ոչ մի բան էլ դրած չի եղել, որ զգուշացներ` չանցնեին էդ տարածքը: Վարազդատը հարևանի ավտոմեքենայով գնաց, «Սամասվալ» մակնիշի ավտոմեքենա էր, 4 հոգով էին ավտոմեքենայում: Չորսից էլ ոչ մի լուր չունենք:
Շա՜տ ենք հետաքրքրվել` շա՜տ մեծ գումարներով: Անմիջապես հետո հետաքրքրվեցինք. սկզբում մտանք Շուշվա բերդ, էնտեղից մի մարդ, ում աները Շուշվա բերդում էր այդ ժամանակ, մերոնք բռնել էին իրեն, զանգեցինք այդ տղայի փեսային: Այդ մարդն ասաց` միայն իրենով կարող ենք հետաքրքրվել, զանգեցինք այնտեղ, ասաց, որ գնացել է Զանգիլան, հետաքրքրվել է, ու ասաց, որ Գրիգորյանն ուղղաթիռով տեղափոխվել է Բաքու: Ասեց, որ մեր մեքենան` այսինչ համարով, այնտեղ կանգնած է` մի փոքր կոտրատված, կրակված է վրան:
Դրանից մի 4-5 տարի հետո, Խաչիկ գյուղից մի Ալեքսանյան Ժորա կար, իրեն փոխանակեցին Նախիջևանի միլպետի կնոջ հետ: Բոլոր կորածների նկարները տարան, որ տեսնի էդ մարդը, ու էդ նկարների միջից հանեց մեր նկարը, ասաց, որ ինքն այդ տղային 1996 թվին տեսել էր Բաքվում, չհիշեց տարածքը. ասաց, որ ինքն էլ է գերի եղել ու չի հիշում տեղը: Այդ ժամանակ դեռ պետությանն էլ չէինք դիմել, մենք ինքներս էինք փորձում գտնել, շատ մեծ գումարներ ծախսեցինք տեղեկություն իմանալու համար: Դե, հիմա էլ անհատները չեն կարող հետաքրքրվել, հիմա Կարմիր խաչն է դա անում»:
Կորած հարազատի ցավն ամեն մեկը յուրովի է տանում. ցավում են ոչ միայն կինը, ծնողներն ու երեխաները, այլև կորածի թոռնիկները, որոնք երբևիցե չեն տեսել իրենց պապիկին, բայց շատ պատմություններ լսելով`արդեն հասցրել են սիրել ու սպասում են` ինչպես բոլորը: «Դե, մենք հիմա ոչինչ, Վարազդատի ծնողներն իրեն շատ երկար սպասեցին, շա՜տ-շա՜տ երկար: Կեսրարս 20 տարի երեսը չէր թրաշում: Երկուսն էլ ապրեցին, նույն տարիքում մահացան` 2 տարի առաջ: Կեսրարիս գերեզմանի քարն էլ միրուքով ա հիմա. չթրաշվեց այդքան տարիներ. ինքն իմ էրեխեքի համար երկրորդ հայր է եղել: Փոքրս 9 տարեկան էր, երբ Վարազդատը կորավ, մեծը` 13: Վարազդատի ծնողները մինչև վերջ հավատում էին, որ իրենց տղան վերադառնալու ա, ասում էին` մենք գնում ենք, դուք կտեսնեք էդ օրը:
Ծնողը եթե պատկերացնի` իր երեխան չկա, էլի նույն բանը կմտածի, ոչ մի ծնող չի մտածի իր երեխայի վատը: Դե, մինչև վերջ կսպասես, ուղղակի էս դրությամբ, որ տեսնում եմ հեռուստացույցով` էն գերիներին ինչ վիճակում են բերում. ցույց են տալիս, որ տանջում են, սպանում… Հիմա 20 տարիգ Ո՞նց կարող ա մտածես, որ լավ կպահեն: Եթե էս ցույց տալը չլիներ, հույսը մեծ կլիներ: Դե, մտածում էինք` գերիներ շատ կան, ամեն պատերազմ էլ իրա գերիներն ունենում ա, բայց հիմա, որ տեսնում եմ` մի օրվա բռնածին տանում են ծեծում-տանջում են…»,- պատմում է Ալինա Հովհաննիսյանը:
Ալինայի ընտանիքն այսօր ոչ մի օգնություն չի ստանում պետությունից, նրանց աջակցել է ԿԽՄԿ-ն` տան մասնակի վերանորոգման և անասնապահության հարցում: «Կարմիր խաչի օգնությամբ էս լուսամուտները բերել-դրել ենք. դե, մենք առանց տոկոս էս 10 տարի պետք ա մուծենք սրա փողը: Նաև գումար է տվել, 2 խոզ ենք առել:
Կարմիր խաչից գոհ եմ: Մեզ էդ մարդկային այցելությունները, մեզ էդ բարոյական օգնությունը շատ կարևոր է: Իրանք մեզ հարազատի նման են վերաբերվում. գան, նստեն, խոսենգ Դե, պետությունն էլ, չգիտեմ… Երևի մի քիչ աղքատ ա, այ բալա ջան, չեմ էլ նեղանում: Իմ երեխաները մի քիչ ուրիշ են. աղջկաս դպրոցում մի երկու տարի անվճար գիրք էին տալիս, եկավ տուն, լաց եղավ. ասում ա` «մամ, մենք բոլորից լավ ենք ապրում, ինչի՞ են ինձ գիրք տալիս»: Իրա ընկերների միջից որ իրան` որպես ծնողազուրկի, առանձնացնում էին, ինքը վատ էր զգում:
Եթե օգնեն, ոչինչ, բայց ես չեմ կարող ուզել: Թող իմ երեխաներն առողջ լինեն, հեն ա, մեկը Ռուսաստան ա, բայց ոտքի հետ կապված պրոբլեմ ունի, մյուսը` ողնաշարի պրոբլեմ: Ես էլ մեր միջնակարգ դպրոցում աշխատում եմ` որպես քիմիկ, աշխատավարձս նոր բարձրացել ա` 59 հազար դրամ, փոքր տղաս շատ էր օգնում, հիմա ստեղ չի. մեծամասամբ ես եմ անում: էն վախտ մենք շատ լավ էինք ապրում, բոլորն աշխատում էին: Վարազդատը որ լիներ` շատ լավ կլիներ. բա, ջահել տղամարդ էր` աշխատող, չխմող, շատ նվիրված, ամենալավ բաները միշտ երեխաների համար անում էրգ»,- պատմում է Ալինան:
Անորոշության ու մշտական սպասողականության մեջ ապրելը նման ընտանիքների առօրյայի մի մասն է դարձել: Դադարել հույսով ապրել ոչ բոլորն են կարող, իսկ մշտական սպասել ու ոչ մի հստակ լուր չիմանալ հատուկ է այս ընտանիքներից շատերին: «Հույսը մեծ ա, հույսը մեզ կպահի: Երեխաներն ուզում են մի գերեզմանի քար սարքեն, բայց ես չեմ թողնում: Ասում եմ` իրա գերեզմանն ինձ հետ կսարքեք: Եթե դուք, մինչև ստեղ հասնելը, գյուղի վերևից սկսած` հարցում անեիք, կհամոզվեիք, որ Վարազդատը մատով ցույց տալու տղամարդ է եղել` ամեն ինչով. ընտանիքին նվիրված, լավ ամուսինգ Ինքը որ գա, չգա, ինձնից հետո էս լավ անունը կմնա գյուղում: Ես իմ երեխաներիս ասել եմ, որ ես ուզում եմ ապրել էնքան ժամանակ, մինչև տատիկն ու պապիկը մահանան, ես իմ ձեռքով թաղեմ, նոր հանգիստ ես մեռնեմ, որ իրանց տղայի արածը ես անեմ»,- ասում է Ալինան: