Ուղղաթիռային էսկադրիլիայի ղեկապետ. «Տղերքին խոսք ենք տալիս, մենք բոլորս, որ իրենց փայ երկնակամարին տեր ենք լինելու»

Երեկ Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ ադրբեջանական զինուժի կողմից խփված հայկական ՄԻ-24 ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի, անձնակազմի անդամներ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի հոգեհանգստի արարողակարգը, քաղաքացիական և զինվորական հրաժեշտի արարողությունը:

Այսօր ժամը 13-ին զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ժամը 14-ին տեղի կունենա սգո միտինգ և հուղարկավորություն զինվորական արարողակարգով:

Մայոր Սերգեյ Սահակյանը 38 տարեկան էր, ուներ երեք որդի: Նա ծառայել է «Էրեբունի» ռազմական օդանավակայանում տեղակայված 15-րդ ուղղաթիռային բազայի թիվ 32822 զորամասում: Հայաստանի ռազմաօդային ուժերի սպա էր: Իսկ մյուս երկու օդաչուները՝ 25-ամյա Սարգիս Նազարյանն ու 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանը, դեռևս ամուսնացած չէին:

Երեկ հոգեհանգստի արարողությանը ներկա Ավիացիոն զորամասի շտաբի պետի տեղակալ մայոր Վաչագան Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սերգեյ Սահակյանին՝ ուղղաթիռի հրամանատարին, ճանաչում է ավելի քան 21 տարի.

Կարդացեք նաև

«Միասին ծառայել ենք, երկար ուղի ենք անցել, հոյակապ անձնավորություն էր, բարձր ինտելեկտով օժտված, մեծ վարպետությամբ օդաչու էր: Նազարյան Սարգիսը զորամասում ծառայում էր շուրջ 3 տարուց ավելի, ավագ լեյտենանտ էր: Ինքը, ճիշտ է, օդաչու չէր, բայց անձնակազմի մեջ էր, տեխնիկ էր: Ռազմական ավիացիոն ինստիտուտն ավարտել էր կարմիր դիպլոմով, ուներ մեծ գիտելիքներ, իրեն առաջարկել էին նույնիսկ մնալ և դասախոսել Ավիացիոն ինստիտուտում, բայց հրաժարվել էր, քանի որ սիրում էր ավիացիոն տեխնիկան, սիրում էր իր աշխատանքը, սիրում էր թռչել, իր տարերքը թռչելն էր, օդն էրգ»: Մայոր Ստեփանյանն ասաց նաև, որ Ազատ Սահակյանը մեկ տարուց ավելի ծառայում էր զորամասում: Նրա երազանքներից է եղել զորավարժություններին մասնակցելը, հատկապես՝ Արցախում. «Եվ իր երազանքն այսպես ստացվեց…»:

Նրա գնահատմամբ՝ հատուկ գործողությունը փայլուն կատարվեց. «Նման գործողությունների ընթացքում սովորաբար գործողություններ իրականացնող կողմը տալիս է ավելի շատ կորուստներ, բայց մեր տղաներն այնպես կատարեցին, որ մենք առանց կորուստների կատարեցինք այդ գործողությունը: Բոլորս խոնարհվում ենք մեր հետախույզների առջև»։

Տրանսպորտային մարտական ուղղաթիռային էսկադրիլիայի ղեկապետ, մայոր Գոռ Ղազարյանն էլ ասաց, որ ճանաչել է երեք տղաներին. «Դժվար է խոսել, դժվար է արտահայտվելը, բայց հենց դժվարությունները նրա համար են, որ մենք պետք է հաղթահարենք այդ դժվարությունները: Սերգեյ Սահակյանի հետ ծառայել եմ 19 տարի, կիսել ենք մեր ծառայության բոլոր դժվարություններն ու ուրախությունները: Շատ ծանր է խոսել Ազատի ու Սարգիսի մասին: Երկուսն էլ երիտասարդ, կարգապահ, բանիմաց սպաներ էին, ու դժվար թե անկարգ սպաների առաջ դրվեր նման առաջադրանքը:

Առանձնապես ուրիշ սպասելու բան էլ չկա Սաֆարովի նման ստահակներ հերոսացնող պետությունից: Նրանք իրենց դեմքը մեկ անգամ չէ, որ ցույց են տվել, բայց ես՝ անձամբ մեր զորամասի անունից, տղերքին խոսք ենք տալիս, մենք բոլորս, ես նրանց անունից եմ խոսում, որ իրենց փայ երկնակամարին տեր ենք լինելու, ու թող այդ Հեյդարի թոռնիկներն էլ իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում, ու հատուցումն էլ այն բաժինն է, որ իրենք ստանալու են շատ սառը ու ժամանակին»: Վերջում Գ. Ղազարյանն ավելացրեց, որ սա այն հակամարտությունն է, որ պսակվելու է միայն ու միայն մեր հաղթանակով:

Նշենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը: Միջադեպից գրեթե տասն օր անց՝ նոյեմբերի լույս 22-ի գիշերը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, իրականացնելով հատուկ նշանակության գործողություն, տարհանեց ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի՝ լեյտենանտ Ազատ Սահակյանի դին, երկու օդաչուների մասունքները և, ինչպես Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում էր նշված, ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Հավելենք, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս