ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի ու Աբխազիայի միջև ստորագրված պայմանագիրը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի ու Աբխազիայի միջև Դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին երեկ ստորագրված պայմանագիրը:
Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն. «ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի Դաշնության ու վրացական Աբխազիա շրջանի միջև որևէ այսպես կոչված պայմանագրի օրինականությունը:
Մենք վերստին Ռուսաստանին կոչ ենք անում կատարել 2008 թվականի հրադադարի մասին համաձայնագրին համապատասխան բոլոր պարտավորությունները, զորքերը տանել դեպի հակամարտությունից առաջ զբաղեցրած դիրքեր, հրաժարվել վրացական Աբխազիա ու Հարավային Օսիա շրջաններն անկախ պետություններ ճանաչելուց և հումանիտար օգնության ազատ միջանցք ապահովել այդ շրջաններ:
Մենք վերստին լիակատար աջակցություն ենք հայտնում Ժնևի միջազգային քննարկումներին` որպես անվտանգության ու հումանիտար հարցերով առաջընթացի հասնելու միջոց, որոնք շարունակում են տեղում ազդել Վրաստանի բնակավայրերի վրա»: