Մեծ Թաղերում վերաբացվել է գորգագործական արտադրամասը
Մեծ Թաղերը Հադրութի շրջանի ամենամեծ գյուղն է: Այն ունի հազար չորս հարյուրից ավելի բնակիչ: Բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ: Ինչպես ամեն մի գյուղի, այնպես էլ Մեծ Թաղերի բնակիչներն ունեն իրենց դարդն ու հոգսը, սակայն չեն դժգոհում: «Աշխատող մարդը չի կորի, պիտի աշխատես, ստեղծես, որ ապրես»,- ասում է գյուղի տարեց բնակիչներից մեկը, իսկ մյուսը, որ երեսուն տարեկան կին է, չորս երեխաների մայր, ավելացնում է.
«Մեծ ոգեւորություն ապրեցի, երբ լսեցի, որ գյուղում գորգագործական արտադրամաս է բացվում: Առաջիններից մեկն եղա, որ աշխատանքի ընդունվելու դիմում գրեցի: Թեեւ ծանոթ չեմ գորգ գործելուն, բայց, ինչպես ասում են, կնոջ ձեռքից բան չի պրծնի,- ծիծաղում է,- համոզված եմ՝ շուտով կընտելանամ գործին»:
Մեծ Թաղերը հնուց ի վեր հայտնի է եղել շերամապահությամբ, մետաքսագործությամբ ու գորգագործությամբ: Տարբեր ժամանակներում ունեցել է գորգագործական արտադրամասեր: Գորգագործության խորն արմատների մասին է վկայում Իշխանագետի հին գերեզմանաքարին քանդակված գորգը: Մեծ Թաղերի գորգերը գովաբանվել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում:
Այսօր, ի ուրախություն գյուղի բնակիչների, Մեծ Թաղերում նորից բացվել է գորգագործական արտադրամաս: Նորաբաց «ՄԹԱԳ» ՍՊԸ (Մեծ Թաղերի ավանդական գորգագործություն) դեռ 10 աշխատող ունի, սակայն նպատակ ունի ընդլայնելու իր գործունությունը, ավելի շատ գյուղացիների աշխատանքով ապահովելու:
Արտադրամասը սերտորեն համագործակցում է Արցախում գործող «Ղարաբաղ կարպետ» ընկերության հետ. կազմակերպվում են փոխադարձ այցելություններ, փորձառություն են վերցնում, ծանոթանում գորգի գործման արվեստին, վարպետանում:
Նորաբաց արտադրամասի տնօրեն Գարիկ Ոսկանյանը մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց. «Դարերի պատմություն ունի Մեծ Թաղերի գորգագործությունը: Գյուղը միշտ էլ հայտնի է եղել այս առումով, ամեն ընտանիքում դազգահ կար, կանայք գործում էին գորգ ու կարպետ: Իսկ 1930-1981 թվականններին գյուղում արդեն կար գորգագործարան, որտեղ 50-60 գորգագործ կանայք էին աշխատում: Նրանց գործած գորգերը շատ հայտնի էին Խորհրդային միության երկրներում:
Խորհրդային կարգերի անկումից հետո գործարանը միառժամանակ փակվեց, ապա տարիներ անց նորից բացվեց: 1992-2005 թվականներին գործում էր գորգագործական արհեստանոց, որն ուներ փորձառու աշխատողներ: Սակայն, մի քանի տարիների աշխատանքից հետո, որոշ խնդիրների հետ կապված, այն դադարեց գործել:
Այսօր, ԼՂՀ փոխվարչապետ, համագյուղացի Արթուր Աղաբեկյանի ջանքերի շնորհիվ, արդեն մի քանի օր է, ինչ գյուղում գործում է գորգագործական այս արտադրամասը»:
Տնօրենի խոսքով՝ գորգագործներն ոգեւորված են, նրանցից ոմանք տիրապետում են գործին, ոմանք՝ նոր են սովորում: «Հույս ունենք կկարողանանք արդարացնել մեզ, նպաստել Մեծ Թաղերի ավանդական գորգագործության վերականգնամանը»,- նշեց Գ. Ոսկանյանը: