Բաժիններ՝

Նոր Հաճնի «Շողակն» գործարանը կսկսի աշխատել հաջորդ տարվա սկզբից

Դեռ 2013 թ. հունվարին Եղվարդում նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, թե Նոր Հաճնի «Շողակն» գործարանը «տեսանելի ապագայում սկսելու է աշխատել»: Թեև այդ «տեսանելի ապագան» մի քիչ երկար տևեց, սակայն ադամանդագործության երբեմնի «ադամանդը» կրկին կսկսի աշխատել հաջորդ տարվա սկզբից: Ընկերության նոր սեփականատերերը այս տարվա հունիսից վերանորոգում են սկսել գործարանի փոքր արտադրամասում: Նախատեսվում է, որ այդտեղ կաշխատի մոտ 300 մարդ:

Ընկերության տնօրեն Սերգեյ Գասպարյանի կարծիքով՝ հումքի հարցերը կարգավորելու դեպքում գործարանում մոտ 15-20 հազար կարատ ադամանդ կմշակվի: Նա դժվարացավ նշել ներդրումների ծավալը: Փոքր արտադրամասի վերագործարկումից հետո հերթը մեծ արտադրամասինն է:

Գործարանը հիմնվել է 1976թ.՝ տարեկան 140 հազար կարատ վերամշակման հզորությամբ: Հայաստանի ադամանդագործության զարգացման գագաթնակետը 2002-2003թթ-երն են, որն հիմնականում պայմանավորված էր «Շողակն» ընկերության գործարկմամբ: Իսրայելական «Lev Լevaev Diamonds» ընկերությունը, 2000թ. ձեռք բերելով «Շողակն» գործարանը, դառնում է ոլորտի խոշորագույն արտադրողը: 2005թ. եղել է արտադրության առավելագույն մակարդակը՝ ամսական մինչև 35 հազար կարատ մշակմամբ և 1800 աշխատողով: Աշխատել է

սեփականատիրոջ հումքով: Սակայն 2007թ.-ից «Շողակնը» դատական վեճի մեջ էր ՊԵԿ-ի հետ, ինչի արդյունքում նույն տարվանից դադարեցվեց ձեռնարկության գործունեությունը: «Շողակնի» սեփականատեր, ադամանդագործության ոլորտում համաշխարհային հռչակ վայելող հրեա Լև Լևաևի կողմից նախաձեռնություն կար «Շողակն» գործարանի տարածքում հիմնել ադամանդի բորսա, բայց չնայած նախապատրաստական որոշ աշխատանքների իրականացմանը, նախաձեռնությունը չիրագործվեց, իսկ Լևաևն ամիսներ առաջ գործարանը վաճառեց ռուսաստանաբնակ, ծագումով հայազգի Ահարոն Պապոյանին և Վարդան Տողանյանին: Ընկերության կայքում նշվում է, որ 2014 թ. ապրիլին մի խումբ ներդրողներ գնեցին գործարանը և այն դարձավ Arister Solutions ընկերության սեփականությունը:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ընկերության վաճառքի գործարքին անմասն չէ նաև Բաղրամյան 26-ը: Չի բացառվում, որ աշխարհահռչակ գործարարի՝ Հայաստանը լքելու որոշումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության հանգամանքով, քանի որ ռուսական «Ալռոսայից» ներկրված հումքը վերամշակելուց հետո ՀՀ ընկերություններն իրավունք չունեն այն արտահանել որևէ երրորդ երկիր և պետք է կրկին ուղարկեն Ռուսաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս