Վարդան Պետրոսյան. «Ռելսերից ոչ ոք ընկած չէր, եթե ոչ դուք»
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործի քննությունը: Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ ուսամնասիրելով դեպքի վայրի զննության արձանագրությունը, կարելի է տեսնել, որ գծագիրը գծված է քանոնով, տարբեր գույների գրիչներով, հանգիստ ձեռագրով:
Նրա կարծիքով՝ դեպքի վայրի արձանագրությունը չի կազմվել դեպքից հետո՝ հոկետմբերի 20-ին՝ ժամը 22:50-23:59-ընկած ժամանակահատվածում. «Նման արձանագրություն, նման ձեռագրով, նման գծագրով, նման տարբեր գրիչներով, նշումներով հնարավոր էր քննիչը կազմեր միայն իր առանձնասենյակում, ինչը նշանակում է, որ ինքը դեպքի վայրից տեղափոխվել է իր առանձնասենյակ, նոր կազմել այս գծագիրը: Դա նշանակում է, որ բոլոր ականատես վկաները, որոնք եկան, դատարանում ցուցմունք տվեցին, որ մենք կարդացինք, ծանոթացանք, համոզվեցինք ճշմարտության մեջ, ստորագրեցինք, իրականությանը չհամապատասխանող ցուցմունք են տվել»:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, թե առավել հավանական վարկածներից մեկն այն է, որ դեպքի վայրի զննության մասնակիցները ստորագրել են դատարակ բլանկի վրա, ապա քննիչը դեպքի վայրից տեղափոխվել է իր առանձնասենյակ և այնտեղ կազմել արձանագրությունը:
Փաստաբանի խոսքով՝ հավանական է նաև, որ «իրենք գծել են գծագիրը, չի համապատասխանել վթարի մեխանիզմին, այնուհետև նորից գծել են և նորից ստորագրվել է այս փաստաթուղթը: Դրա պատճառով էլ մեկ ընթերակային չենք կարողանում գտնել, ի հայտ չի գալիս, իսկ երկրորդ ընթերակայի ստորագրությունը չի պատկանում իրեն»:
Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ երկու վարկածի դեպքում էլ կատարվել է քրեորեն պատժելի արարք: Փասատաբանն ասաց նաև, որ դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելու դեպքում՝ քրեական գործը պետք է կարճվեր:
Նա անօրինական համարեց նաև նախորդ դատական նիստի ընթացքում դատավորի կողմից կայացված որոշումը, որով դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին միջնորդության լուծումը հետաձգվել էր, և դատավորը որոշել էր դրան անդրադառնալ խորհրդակցական սենյակում:
Ն. Բաղդասարյանի խոսքով՝ իր որոշման մեջ դատարանը հղում է կատարել Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածին: Ըստ փաստաբանի՝ հոդվածը նախատեսում է, որ միջնորդության լուծումը կարող է հետաձգվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը:
«Մենք ասում էինք, որ դեպքի վայրը արձանագրությանը կից սխեմայում սխալ է չափագրված, այսինքն՝ չափսերը սխալ են: Այդ էական հանգամանքը պարզելու համար, եթե դուք հետաձգում եք, առնվազն պետք է կրկնակի չափագրումներ կատարել, որ պարզեք՝ ես ճի՞շտ եմ, թե՞ ոչ: Հիմա Դուք միջնորդությունը հետաձգել եք խորհրդակցական սենյակում լուծելու համար և ես՝ որպես իրավաբան, չեմ տեսնում, թե ինչպես եք Դուք խորհրդակցական սենյակում պարզելու՝ քննիչ Հայկարամ Հակոբյանը այդ հետքերը ճի՞շտ է գծել, թե՞ ոչ: Մյուս հանգամանքները, որ մենք բարձրաձայնել էինք, կապված էր ձեռագրաբանության հետ: Այսինքն՝ ստորագրությունները դրված են իրե՞նց կողմից, թե՞ ոչ: Օրինակ՝ մենք հարց էինք բարձրացրել, ասել էինք, որ մյուս ընթերակայի ստորագրությունը (խոսքը վերաբերում է Վազգեն Կարապետյանի ստորագրությանը) հնարավոր է՝ դրված չէ իր կողմից, որովհետև աչքի հայացքով տարբերություն կա առաջին էջի և հաջորդ էջերի միջև:
Հարգելի դատարան, կարո՞ղ եմ ես որպես իրավաբան հասկանալ, թե ինչպես եք Դուք խորհրդակցական սենյակում (եթե Դուք ասում եք՝ մենք տեղավորվում ենք Քրեական դատավարության օրենսգրքի սահմաններում) պարզելու, թե այս քննչական գործողության արձանագրության տակ դրված ստորագրությունները պատկանում Վազգեն Կարապետյանի՞ն, թե՞ ոչ,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը, ապա շարունակեց,- Դուք ասում եք՝ հետաձգեմ, խորհրդակցական սենյակում պարզեմ: Հիմա դա ասելուց հետո կա՞ մարդ, որ հավատա, որ Դուք արդար որոշում եք կայացնելու: Ինձ թվում է՝ չկա»:
Դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելով՝ Վարան Պետրոսյանի մյուս պաշտպան Սամվել Ջաղինայանն էլ անօրինական և չհիմնավորված համարեց այն՝ ասելով. «Ավելին՝ հենց այդ որոշմամբ Դուք հակասել եք Ձեր կողմից որդեգրված դիրքրոշմանը»:
Սամվել Ջաղինյանն ասաց, որ նույն դատական նիստի ընթացքում մեկ այլ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելով՝ դատավորը միջնորդության լուծումը հետաձգել է խորհրդակցական սենյակում՝ հիմնավորելով, որ դատարանում վկաների տված ցուցմունքներն այժմ չի կարող գնահատման արժանացնել:
Փաստաբանի խոսքով՝ մեկ այլ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելիս՝ դատարանը մեջբերել է վկաներից մեկի ցուցմունքը, այսինքն՝ դատարանն, ըստ նրա, հակասում է իրեն: «Ինչո՞ւ մեկ միջնորդության քննարկման համար այդ նույն վկայի ցուցմունքը Դուք հիմա գնահատման չեք արժանացնում, իսկ մեկ այլ միջնորդությունը մերժելու համար որոշում կայացնելով՝ այդ նույն վկայի ցուցմունքից մեջբերում եք կատարում Ձեր որոշման մեջ»,- դիմելով դատարանին՝ ասաց փաստաբանը:
Բացի դա, ըստ փաստաբանի՝ ցուցմունք տալիս ընթերական հայտնել է, որ փողոցի անունը, որտեղ ինքը բնակվում է, փոխվել է, և, ըստ փաստաբանի՝ եթե ընթերական դեպքի վայրում է եղել, նույնը պետք է նաև այնտեղ հայտներ, սակայն քննիչը հասցեն հին ձևով է գրել:
Փաստաբանն ասաց, թե հնարավոր է՝ ներկայացած ընթերական իրավապահ մարմինների համար «հերթապահ ընթերակայի կարգավիճակ ունի»:
«Դուք Ձեր որոշման մեջ նշել եք, որ Գասպարյանը դատարանում հայտնեց, թե դա իր ստորագրություններ են: Ես դատական նիստի արձանագրությունն ամբողջությամբ հանել եմ, Գասպարյանը նման բան չի ասում: Ավելին, հարգելի դատարան, Գասպարյանը մի քանի անգամ նշում է, որ տեսողությունը լավ չէ, չի կարողանում կարդալ: Փորձագետը տվել է, որ ստորագրությունների նմանակում է եղել: Այն անձի, ով չի կարողանում կարդալ, եթե իր ստորագրությունը նմանեցրել են, ինքն էլ լավ չի տեսնում, ինչպե՞ս կարելի է այդ մարդու ասածն արժանահավատ համարել, ասել՝ չէ, ինքը պնդեց, որ դա իր ստորագրությունն է»,- դիմելով դատավորին՝ ասաց փաստաբանը:
Արձագանքելով փաստաբաններին՝ տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ «պատճառաբանություններն այնքան են ուռճացվել, որ ամեն տողն ու տառը կասկածի տակ է դրվել». «Ինձ ընդամենն անհասկանալի է՝ ինչքա՞ն կարելի է ուռճացնել այս ամեն ինչը: Չի՛ կարելի: Այնպիսի կարծիք է ստեղծվում, որ «Նիվան» այդ երկու ընտանիքներով հատուկ կանգնեցրել են այդ տեղում, որ հատուկ Վարդան Պետրոսյանը գա, վթարի ենթարկվի»:
Ռուբեն Բալոյանը միջնորդեց դատաձեռագրաբանական և դատափաստաթղթաբանական համալիր փորձաքննություն նշանակել: Ռ. Բալոյանն ասաց, որ տուժող կողմը շարունակում է պնդել, որ վթարի պահին Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է ալկոհոլ օգտագործած վիճակում.
«Մասնավորապե Վ. Պետրոսյանի բժշկական փաստաթղթերում առկա բազմաթիվ հակասությունները՝ ուղղումները, ջնջումները, լրացուցիչ գրառումները ակնհայտորեն խոսում են այն մասին, որ ամբաստանյալի խմածության վիճակի վերաբերյալ բժշկական կենտրոններում կազմված բոլոր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ: Որպես նախաբան նշեմ, որ բժշկական փաստաթղթերում առկա ուղղումները, ջնջումները և ավելացումները կատարվել են սույն քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքը՝ վարորդի խմածությունը քողարկելու նպատակով:
Դա է պատճառը, որ փաստաթղթերի կազմման, փաստաթղթերում փոփոխություններ կատարելու հանգամանքները, նպատակները և կատարողներին անհրաժեշտ է պարզել սույն քրեական գրծի շրջանակներում»:
Ռուբեն Բալոյանն ասաց, որ քրեական գործում առկա ամբաստանյալի սթափության վիճակի զննության արձանագրության մեջ «սթափ» բառը նշված է «հետազոտության արդյունքը» սյունակում, այնինչ նշված սյունակում, ըստ նրա, անհրաժեշտ էր նշել ալկոմետրի կողմից ցույց տված թվերը:
Բացի դա, ըստ նրա՝ «սթափ» բառի «ս» տառը պարզ տեսանելի ուղղված էր կամ ջնջված:
Ռ. Բալոյանի խոսքով՝ դատական նիստերից մեկի ժամանակ Վարդան Պետրոսյանի պաշտպանը ներկայացրեց Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրության ևս մեկ օրինակ՝ նշելով, որ այն տրամադրվել է Նաիրիի բժշկական կենտրոնի տնօրինության կողմից:
Ըստ նրա՝ պաշտպանը նաև հայտարարել է, որ սա քրեական գործում առկա նույն վարորդի սթափության վիճակի զննության արձնագրությունն է:
«Հետազոտելով պաշտպանի կողմից ներկայացված արձանագրությունը՝ պարզեցինք, որ այն ակնհայտ կերպով տարբերվում է քրեական գործում առկա օրինակից:
Մասնավորապես՝ քրեական գործի օրինակում արձանագրության 7-ր սյունակում նշված է «ալկոմետր», պաշտպանի կողմից դատարանին ներկայացված օրինակում, նույն 7-րդ սյունակում նշված է «ալկոմետր», արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ:
Այսինքն՝ հայերեն լեզվով ստացվում է, որ արտաշնչված օդի մեջ առկա է ալկոհոլի հոտ:
Քրեական գործի օրինակում արձանագրության 7-րդ սյունակում ալկոմետրից հետո որևէ գրառում չկա: Պաշտպանի կողմից դատարանին ներկայացված օրինակում «ալկոմետր» բառից հետո առկա են կետադրական երկու նշաններ՝ բութ, ստորակետ»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ նշելով նաև այլ հանգամանքներ:
Մասնավորապես, ըստ նրա՝ քրեական գործում առկա և պաշտպանի կողմից դատարանին ներկայացված օրինակներում ստուգող բժշկի և բուժհաստատության ղեկավարի ստորագրությունները բացահայտ տարբերվում են միմյանցից:
Ռուբեն Բալոյանն ասաց, որ առկա տարբերությունների վերաբերյալ դատարանում հարցաքննվել է բժիշկ Հ. Գևորգյանը: «Ակնհայտ է, որ բժշիկ Գրորգյանը դատարանում տվեց սուտ ցուցմունք, խուսափողական, իրարամերժ պատասխաններ: Նիկոլայ Բաղդասարյանն էլ փորձեց ուղղումներ կատարել իր թույլ տված անճշտությունների մեջ: Դատական նիստի արձանգրություններից պարզ երևում է, թե պաշտպանական կողմը ինչպես է փորձում բժիշկ Գևորգյանի ցուցմունքներն ուղղել և բժիշկ Գևորգյանին դնել ճիշտ ճնապարհի վրա, որովհետև ռելսերից ընկել էր բժիշկ Գևորգյանը»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Նա հարց հնչեցեց՝ արդյոք դատաքննությամբ հետազտված սթափության վիճակի զննության միմյանցից էապես տարբերվող երկու արձանագրությունների հիման վրա կարո՞ղ է փաստել Վարդան Պետրոսյանի սթափ լինելը. «Իրականում գործում առկա երկու սթափության վիճակի զննության արձանագրությունները դատաքննությամբ բազմակողմանի և լրիվ չեն հետազոտվել, քանի որ մինչ օրս անհայտ է, թե դրանցից որն է սկզբնական փաստաթուղթը և հետևաբար մինչ օրս պարզ չէ, թե արդյոք քրեական գործում առկա նախաքննության մարմնի կողմից ներկայացված սթափության վիճակի զննության արձանագրությունը հենց այն սկզբնական փաստաթո՞ւղթն է, որը կազմվել է Վ. Պետրոսյանի սթափության վիճակը ստուգելուց անմիջապես հետո:
Վերը նշված հարցերի պատասխանները չունենալու պայմաններում դատարանը չի կարող որևէ հետևության հանգել Վ. Պետրոսյանի սթափ լինելու-չլինելու վերաբերյալ: Տուժող կողմը գտնում է, որ արձանագրությունները լրիվ և բազմակողմանի հետազոտված կարող են համարվել միայն այն դեպքում, երբ դատարանը համապատասխան փորձաքննությամբ կպարզվի, թե ի վերջո արձանագրություններում ջնջումներ, փոփոխություններ, ավելացումներ կատարվե՞լ են, թե՞ ոչ, և եթե՝ այո, ապա ինչպիսի՞ տվյալներ են նշված եղել արձանագրության սկզբնական տարբերակում»:
Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն ասաց, որ սկզբնական և պաշտպանի կողմից ներկայացված արձանագրություններում անհամապատասխաննություններ կան, առավել քան ակնհայտ է, որ ստորագրված է տարբեր մարդկանց կողմից, ինչ-որ նախադասություն է ավելացված:
Մեղադրողը նշեց, որ սա այն հարցը չէ, որը պետք է քննարկվի այս դատարանում, այս դատական նիստի ընթացքում: «Ընդունենք նշանակեցինք, պարզվեց՝ կեղծված է եղել, սթափ չէ կամ ինչ-որ աստիճանի խմածություն, հիմնավորեցինք, որ դա արել է վկա բժիշկը, կամ գլխաբոր բժիշկը, կամ ավագ բուժքույրը: Ի՞նչ է դա մեզ տալու: Եկեք այս հարցին պատասխանենք իրավաբաններով: Ունենալու ենք կասկած Վարդան Պետրոսյանի խմածության մասին, որը միանշանակ չփարատված կասկած է, պետք է մեկնաբանվի հօգուտ նրա, ունենալու ենք մի քանի հանցագործություններ կատարողներ, որոնք այս մեղադրանքի հետ կապ չունեն»,- ասաց մեղադրողը՝ տուժող կողմին հորդորելով ենթադրյալ հանցագործության կատարման մասին կասկած ունենալու դեպքում հաղորդում ներկայացնել առանձին վարույթում այս հարցը պարզելու համար:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ միջնորդությունը պետք է մերժվի: Նա նշեց, որ առաջին արձանագրության մեջ գրված է, որ Վարդան Պետրոսյանը գնվում է սթափ վիճակում և դրան որևէ բան ավելացնելու կարիք չկա:
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանն ասաց, որ ողջունում է մեղադրողի օբյեկտիվ աշխատելաոճը, այսքան ժամանակ իր նկատմամբ անձնական թշնամանք չի զգացել: Նա նշեց, որ ժամանակի իմաստով պատահական չեն ակոլոհոլի վերաբերյալ միջնորդությունները, ինքը դրա մասին կխոսի իր վերջին խոսքում, սակայն պատահական չէր, որ այսօր նման միջնորդություն է ներկայացվել:
«Ուռճացնում են շատ բաներ, ինչպես ասաց տուժող կողմի ներկայացուցիչը, ռելսից գցում են վկային, ինչպես հասկացա: Բայց ես հիշում եմ՝ նախորդ հարցաքննությունը վկայի՝ 1 ժամ 15 րոպե տևած, ամբողջ ժամանակ «ս» մեծատառ և փոքրատառին վերաբերվող, կրկնօրինակի և պատճենների տարբերությունը մեկնաբանող: Երբ որ ասում եք՝ ինչո՞ւ եք սխալվում, հարգարժան տուժողի ներկայացուցիչը ընդմիջում խնդրեց: Ռելսերից ոչ ոք ընկած չէր, եթե ոչ դուք: Ռելսերից ընկած է միայն նա»:
Վարդան Պետրոսյանն ասաց, որ ինքը արդեն մեկ տարի է՝ կալանքի տակ է: «Ես նստած եմ լուրջ, անխոնջ, լուռումունջ: Ես սպասում եմ, որ աշխատեն բոլորը և տան օբյեկտիվ գնահատական, այսինքն՝ դատարանին հնարավորություն տալ օբյեկտիվ գնահատական տալ: Ես ձայն չեմ հանում: Ինձ համար հաճելի չէ նստելը, դա ինչ-որ թյուրիմացություն է, որ սա մի տարօրինակ մարտավարություն է, որ ձգձգում են նիստը: Ես առաջինը պիտի ընդվզեմ դրա դեմ, բայց ես չեմ խոսում»:
Նա ասաց, որ միջնորդության լուծումը թողնում է դատարանի հայեցողությանը:
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը մերժեց Ռուբեն Բալոյանի միջնորդությունը: