Ադրբեջանական գործողություններն ուղղված են ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ. Արտակ Զաքարյան

«Մեր արձագանքը միշտ եղել է այնպիսին, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ ենք արել հասցեական դիրքորոշում ունենալ և տվյալ պարագայում Ադրբեջանին ի ցույց դնել որպես կոպիտ խախտում իրականացրած կողմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Ըստ նրա՝ հայկական ուղղաթիռի խոցման դեպքն իր մեջ պարունակում է շատ կոշտ և կոպիտ դիվերսիոն գործընթաց, որն ուղղված է բանակցային խաղաղ գործընթացը խաթարելուն, այսինքն՝ ադրբեջանական գործողություններն ուղղված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ: Ա.Զաքարյանը ընդգծեց, որ հայկական կողմը կայուն համոզված է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, չկա նաև այլընտրանք Մինսկի խմբի բանակցային գործընթացին: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը նախկինում ևս բազմաթիվ անգամներ փորձել է ձախողել բանակցային գործընթացը և այդ մասին գիտեն բոլորը. «Այդ գործողություններն անթույլատրելի են, չեն կարող նպաստել հասարակությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը, հակամարտության խաղաղ կարգավորմանը և ուղղված են խաղաղ կարգավորման Մինսկի խմբի գործընթացը խոչընդոտելուն»:

Պատգամավորը վստահություն հայտնեց, որ Ադրբեջանը ստիպված է լինելու մի օր ընդունելու ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվիճելի և բացարձակ հիմնարար սկզբունքը, որքան էլ փորձի ձախողել գործընթացը և սահմանի վրա մեծացնի լարվածությունը:

«Մեր դիվանագիտությունն այսօր ամբողջութամբ ու ծանրաբեռվածությամբ աշխատում է: Այստեղ թույլի և ուժեղի խնդիր չէ, գոյություն ունի հնարավորությունների և գործողությունների շրջանականերում տարվող աշխատանք, և մեր դիվանագիտությունն աշխատում է դրանց շրջանակներում: Հայկական կողմն ադեկվատ գնահատական տվել է տեղի ունեցածին, համապատասխան հայտարարություններ արել է, իսկ Մինսկի խմբի շրաջանակներում, այո, ես համաձայն եմ որ վաղուց արդեն ժամանակն է, որ Մինսկի խումբը հասեցական վերաբերմունք ունենա կողմերի նկատմամբ: Սա պետք է ազդանշան լինի Մինսկի խմբին, որ այսուհետ հայտարարությունները լինեն թիրախավորված, կոնկրետ, և Ադրբեջանին պետք է զսպել իր սադրրիչ գործողություններում»,- ասաց Զաքարյանը:

Տեսանյութեր

Լրահոս