Պուտինն անվերահսկելի դարձավ նավթի բարձր գների պատճառով. Ջորջ Բուշ-կրտսեր
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարցը լուծելու համար ԱՄՆ-ը պետք է գործի ողջ աշխարհի հետ համագործակցելով.
«Գիտե՛ք, երբ ես նախագահ էի, Վլադիմիրը սկսեց գործել այնպես, կարծես թե, քաղաքականությում մեկի հաղթանակն անպայմանորեն նշանակում է մյուսի պարտություն: Այլ կերպ ասած՝ հաղթում եմ կա՛մ ես, կա՛մ դու: Մենք չենք կարող հաղթել միասին:
Այնպես որ, հասկացե՛ք, որ նրա հարցը լուծելու համար մենք պետք է հետագայում նույնպես գործենք ողջ աշխարհի հետ համագործակցելով: Սկզբնական շրջանում ես լավ հարաբերություններ ունեի Ռուսաստանի նախագահի հետ:
Հետագայում բարձրացան նավթի գները, նա դարձավ ավելի անկախ և սկսեց էներգետիկան օգտագործել Խորհրդային Միության վերականգնման համար: ԽՍՀՄ-ի փլուզումը խիստ ազդեցություն է ունեցել Պուտինի վրա: Նա կարծել է, որ դա վատ է աշխարհի համար: Դրանով և նա տարբերվում է Գորբաչովից»:
Բուշը ԽՍՀՄ-ի փլուզումը որակել է որպես գաղափարախոսության հաջողություն, որը գերակայել է մյուս գաղափարախոսության հանդեպ՝ ընդգծելով, որ իր հայրը՝ Ջորջ Բուշ-ավագը, շատ բան է արել դրա համար: