Ռուբեն Բալոյան. Պաշտպանական կողմի մատնանշած խախտումները ուռճացված են և կրում են ձևական բնույթ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի մասնկացությամբ տեղի ունեցած վթարի գործի քննությունը: Դատարանում տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը խնդրեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարայանի ներկայացրած դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին միջնորդությունը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Ռուբեն Բալոյանն ասաց, որ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմից բազմիցս ներկայացվել են միջնորդություն դեպքի վայրի զննության արձանագրության՝ որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը հաստատելու մասին: «Այսինքն՝ ապացույցի հետազոտումից կամ վկաներից ոմանց ցուցմունքներից հետո պարտադիր ունկնդրում էինք պաշտպանական կողմի պնդումներն առ այն, որ 20.10.13թ. դեպքի վայրի զննություն կատարելիս քննիչ Հ. Հակոբյանը թույլ է տվել Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտումներ, ուստի և դեպքի վայրի զննության արձանագրությունը Վարդան Պետրոսյանի մեղադրանքի հիմքում դրվել չի կարող»,- ասաց Ռուբեն Բալոյանը:

Նրա խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ: «Ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսևորվելով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ սույն Օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ կամ որևէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա»,- Օրենսգրքի համապատասխան հոդվածը մեջբերեց փաստաբանը:

Ռուբեն Բալոյանն ասաց, որ ապացույցների թույլատրելիության հարցին վճռաբեկ դատարանն անդրադարձել է գործերից մեկով և իրավական դիրքորոշում ձևավորել այն մասին, որ որպես քրեական գործով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը, մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները պարզելու միջոց կարող են օգտագործվել միայն այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել, ամրագրվել և գործին կցվել են քրեադատավարական օրենքով սահմանված և թույլատրելի համարվող կարգով:

Կարդացեք նաև

Ըստ փաստաբանի՝ վճռաբեկ դատարանը դիրքրորոշում է արտահայտել, որ ապացույցների ձեռքբերման և ամրագրման թույլատրելիությունը կարգավորող նորմերից հետևում է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալները, հատկապես, եթե դրանք իրենց հերթին հանգեցրել են դատավարության մասնակիցների իրավունքների էական խախտման, ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:

Նրա խոսքով՝ նշված գործով վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցների ձեռքբերման գործընթացում էական չեն կարող համարվել դատավարական գործողության կատարման կարգի այն խախտումները, որոնցով չեն սահմանափակվել դատավարության մասնակիցների՝ օրենքով երշխավորված իրավունքները կամ այլ իրավունքներից նրանք չեն զրկվել, ինչպես նաև այն խախտումները, որոնք ստացված փաստական տվյաների հավաստիության վրա չեն ազդել կամ չէին կարող ազդել:

«Այլ խոսքով՝ քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման ժամանակ թույլ տրված քրեադատավարական օրենսդրության խախտումները պետք է գնահատվեն՝ ելնելով դրանց բնույթից, ծանրությունից և վերոնշյալ գործողությունների արդյունքնում ստացված ապացուցողական նյութի որակի և հավաստիության վրա կրած ազդեցության աստիճանից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապացույցն անթույլատրելի ճանաչելը որպես իրավական հետևանք պետք է տեղի ունենա միայն քրեադատավարական օրենսդրության էական խախտման առկայության պայմաններում:

Հակառակ դեպքում՝ ապացույցների թույլատրելիության հարցին կցուցաբերվի ձևական մոտեցում, ինչն էլ կհանգեցնի ապացուցողական նյութի անտեղի կորստի: Այսինքն՝ քննարկելով ապացույցի օգտագործման թույլատրելիության հարցը՝ անհրաժեշտ է պատասխանել երեք հարցի՝ ապացույց ձեռք բերելիս առկա՞ է արդյոք քրեադատավարական օրենսգրքի նորմերի խախտում, ինչպիսի ազդեցություն է ունեցել նշված խախտումը ձեռք բերված նյութի որակի և հավաստիության վրա, արդյոք ապացույցի օգտագործման անթույլատրելիության հաստատումը չի՞ կրում ձևական բնույթ և չի՞ հանգեցնում ապացույցի անտեղի կորստի:

Վերը առաջ քաշված հարցերի լույսի ներքո էլ պարզենք, թե պաշտպանական կողմի առաջ քաշած փաստարկները բավարա՞ր են արդյոք ապացույցի օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու համար: Պաշտպանական կողմը նշում է, որ դատաքննությամբ հնարավոր չեղավ պարզել, թե ո՞վ է դեպքի վայրի զննությանը մասնակցած երկրորդ ընթերական, հնաարվոր է՝ ոստիկանության աշխատող կամ կողմերից մեկի մերձավոր ազգական, արդյոք իրավունք ունե՞ր նա որպես ընթերակա մասնակցել դատավարական գործողությանը»,- ասաց Ռուբեն Բալոյանը:

Նրա խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ընթերական քրեական գործով չշահագրգռված ՀՀ չափահաս քաղաքացի է, որին քրեական հետապնդման մարմինը հրավիրում է մասնակցելու քննչական գործողության կատարմանը՝ հաստատելու համար դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները:

Ռուբեն Բալոյանի խոսքով՝ դատաքննության ընթացքում հարցաքննված վկաների ցուցմունքներով հաստավեց, որ դեպքի վայրի զննությանը մասնակցել է երկու ընթերակա, ընթերակաները հրավիրվել են քննիչի կողմից՝ դեպքի վայրում եղած անձանցից պատահականության սկզբունքով, նրանք մասնակցել են քննչական գործողության ողջ ընթացքին և արձանագրության մեջ դրված ստորագրություններով հաստատել զննության ընթացքն ու արդյունքները:

Նրա խոսքով՝ որևէ կերպ չի հիմնավորվել, որ երկրորդ ընթերական գտնվել է անձնական կամ ծառայողական կախվածության մեջ վարույթն իրականացնող մարմնից կամ կարող էր լինել կողմերից որևէ մեկի մերձավոր ազգականը:
«Տուժող կողմը ևս մեկ անգամ կոչ է անում օրենքի խախտման վերաբերյալ պաշտպանական կողմի հայտարարություններն առարկայացնել, այլ ոչ թե ձևականորեն ստեղծել օրինականության խախտման պատրանք:

Դեպքի վայրի զննության արձանագրության վերջում ԱԻՆ Եղվարդի հրշեջ հերթափոխի պետ Վարդանյանի ստորագրության փաստով պաշտապանական կողմը փորձ է անում հիմնավորել, որ Վարդանյանը եղել է քննչական գործողության մասնակից, մինչդեռ վերջինիս իրավունքներն ու պարտականությունները նրան չեն բացատրվել: Քրեական դատավարության օրենսգիրքը վարույթն իրականացնող մարմնին չի պարտավորեցնում, ինչպես պաշտպանական կողմն է նշում, քննչական գործողությանը մասնակցած անձին պարզաբանել իր իրավունքներն ու պարտականությունները:
Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է քննչական կամ դատավարական գործողությունը սկսելուց առաջ դատավարության մասնակցի կարգավիճակ ձեռք բերած անձին պարզաբանել իր իրավունքներն ու պարտականությունները: Վարդանյանը դատավարության մասնակցի կարգավիճակ չի ունեցել, քանի որ զննության պահին վերջինս ընթերակա, մասնագետ, փորձագետ, վկա, դատական նիստերի քարտուղար, դատախազ, քննիչ, տուժող, կասկածյլալ, մեղադրյալ կամ պաշտպան չի հանդիսացել:

Վարդանյանն իր ծառայողական պարտականությունները կատարելիս ընդամենը ներկա է եղել զննությանը: Այսինքն՝ պաշտպանական կողմի պնդումն առ այն, որ Վարդանյանին նրա իրավունքներն ու պարտականությունները չպարզաբանելով՝ քննիչը թույլ է տվել քրեադատավարական խախտումներ, հիմնազուրկ են և հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ, 25-րդ , 101-րդ և 218-րդ հոդվվածների իմպերատիվ պահանջներին»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Նա նշեց, որ պաշտպանական կողմը, ընդունելով Եգորյանի՝ զննությանը որպես մասնագետ ներգրավված լինելու փաստը, միջնորդությամբ վիճարկել է նրա՝ հատուկ մասնագիտական գիտելիքների տիրապետելու փաստը:

Փաստաբանն ասաց, որ դատաքննության ընթացքում Եգորյանը ցուցմունք է տվել, որ դեպքի վայրի զննության ժամանակ աջակցել է քննիչին՝ հետքերը պահպանելու, լուսանկարահանումներ, համապատասխան չափումներ կատարելու հարցում. «Կարծում եմ՝ դատարանը կհամաձայնի, որ դեպքի վայրը պահպանելու, չափումներ և լուսանկարահանումներ կատարելու համար պետք չեն ոչ տեխնիկական, մաթեմատիկական կամ հատուկ բնագավառի այլ գիտելիքներ:
Նման գործողություններ կատարելու համար անհրաժեշտ է, որպեսզի անձն ունենա իրավաբական կրթություն, քրեագետի որակմամբ, որն առկա է, քանի որ Եգորյանը ՀՀ ոստիկանության ակադեմիայի շրջանավարտ է»:
Ռուբեն Բալոյանի խոսքով՝ դատաքննության ընթացքում Եգորյանը ներկայացրել է անձը հաստատող փաստաթուղթ, որտեղ առկա են բավարար տեղեկություններ, որ նա օժտված է բավարար գիտելիքներով՝ ճանապարհային պատահարի զննությանն աջակցելու համար:

«Դեպքի վայրի զննությանը որպես մասնագետ ներգրավված Եգորյանի գործողությունների վերաբերյալ միջնորդության մեջ շարադրված փաստարկներն իրարամերժ են, որով նպատակ է հետապնդվում ձեռք բերել ձևական խախտումներ զննության ընթացքի վերաբերյալ»,- ասաց փաստաբանը:

Ռուբեն Բալոյանի խոսքով՝ պաշտպանական կողմը դատարանին չներկայացրեց որևէ էական խախտում, որով զննության արձանագրության հավաստիությունը կարող էր դրվել կասկածի տակ: Ռուբեն Բալոյանն ասաց, որ պաշտպանական կողմը նշել է՝ զննության արձանագրության մեջ կատարվել են ուղղումներ, սակայն բացակայում են մասնակիցների ստորագրությունները, որ այդ ուղղումները կատարվել են իրենց գիտությամբ: Նրա խոսքով՝ ստորագրելով արձանագրության վերջում, մասնակիցները հաստատել են դրա բովանդկաությունն ամբողջությամբ, դրանք հավաստում են, որ առկա է յուրաքանչյուր գրառում արված է մասնակիցների գիտությամբ:

Տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչն ասաց նաև, որ տեսանյութում ընթերակաների չերևալը չի նշանակում, որ նրանք չեն մասնակցել գործողությանը, քանի որ պաշտպանական կողմը չի հիմնավորվել, որ տեսանկարահանվել է հենց դեպքի վայրի զննության պահը: Նրա խոսքով՝ դեպքի վայրի զննությունը տևել է 1 ժամ 9 րոպե, մինչդեռ տեսանյութի տևողությունն ընդամենը 7 րոպե 38 վայրկյան է, ուստի դրա հիման վրա հետևությունների հանգելն աբսուրդ է: Փաստաբանն ասաց նաև, որ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ նշված չափական տվյալներն ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը, դեպքի վայրի զննությամբ հաստատվել է վթարի վայրը, որը գտնվում է կողնակում:

«Դատաքննությամբ հաստատվեց, որ դեպքի վայրի զննություն կատարելիս քրեադատավարական նորմերի էական խախտումներ թույլ չեն տրվել, պաշտպանական կողմի մատնանշած խախտումները ուռճացված են և կրում են ձևական բնույթ, ուստի և թվարկված փաստարկներով դեպքի վայրի զննության օգտագործումն անթույլատրելի դիտելը կհանգեցնի ապացուցողական նյութի անտեղի կորստի, որն անընդունելի է: Արդյունքում՝ ձևական պատճառաբանություններով ամբաստայալը կխուսափի քրեական պատասխանատվությունից և պատժից, ինչը լուրջ վնաս կհասցնի արդարադատությանը»,- ասաց Ռուբեն Բալոյանը:

Տեսանյութեր

Լրահոս