Ինձ ասացին՝ «ո՞վ էս ստեղ, կորի մի հատ ստեղից, եթե լրագրող չես, ձայնդ կտրի». Նոյեմբերի 14-ի ակցիայի ժամանակ տուժած ակտիվիստ (տեսանյութ)
«Սահմանադրական դատարանում քննվում էր արտաքին քաղաքականությանը վերաբերող կարևորագույն հարց, որին պետք է մասնակից լինեին ՀՀ-ի քաղաքացիները, առաջին հերթին՝ պետք է հանրաքվեով մասնակից լինեին: Նախ, դա փակ նիստով քննարկվեց, և ոստիկանության պահվածքն ադեկավատ էր այդ փակությանը»: Այս տեսակետն այսօր հայտնեց քաղաքացիական ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը՝ «Որքանով են իրավաչափ ոստիկանների գործողությունները ակցիաների ժամանակ» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին, երբ Սահմանադրական դատարանում քննարվում էր Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագրի սահմանադրականության հարցը, մի խումբ ակտիվիստներ և քաղաքական գործիչներ բողոքի ակցիա էին իրականացնում ՍԴ-ի դիմաց, որի ժամանակ տեղի ուենցան բախումներ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև:
Զ. Հովհաննիսյնաը նշեց, որ շատ քիչ թվով քաղաքացիներ էին հավաքվել այնտեղ, որոնք բնավ չէին ներկայացնում որևէ սարսափ իշխանությանը և խափանում այդ պայմանագրի սահամնադրականության ճանաչմանը. «Բայց, այնուամենայնիվ, այս անգամ ոստիականությունը, ինչպես և նախորդ անգամներին, իրեն վերագրեց քաղաքական ֆունկցիաներ: Այսինքն՝ վերցնելով իր վրա ուշադրությունը, խափանել ակցիայի բուն նպատակը, ցուցադրել, որ քաղաքացիները դուրս են եկել հենց արտաքին քաղաքականությանը վերաբերող իրենց բողոքը արտահայտելու»:
Ըստ նրա՝ ոստիկաններն ի սկզբանե սեգմենտավորեցին հանրությանը, կեսին չէին թողնում, որ անցնեն մայթը, մյուսներին ուղարկում էին դիմացի մայթը. «Այլ մոտեցում էր նաև սպանված զինծառայողների ծնողների նկատմամբ, որոնք ափերից դուրս եկան, քանի որ իրենք միշտ անցկացրել են ցանկացած շենքի առջև ակցիաներ, և երբևէ իրենց հանդեպ որևէ բան չի եղել: Բռնություններ կիրառվեցին նաև նրանց նկատմամբ»:
Զ. Հովհաննիսյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ, բացի նրանից, որ ոստիկանությունը բոլորովին չի տիրապետում իրավական բառապաշարին, այն նաև, թույլատրված լինելով վերևից, ակտիվորեն խառվում է քաղաքականությանը՝ ցուցադրելով, որ կոնկրետ արտաքին քաղաքականության վերաբերյալ տեսակետ հայտնելու իրավունք չունի հանրությունը, հավաքվելու իրավունք չունի նմանատիպ իրավիճակներում, երբ քննվում է Ռուսաստանի հետ կապված որևէ խնդիր.
«Երբ հրում էին ինձ, ես պետք է ընկնեի գետնին, այլ ոչ թե ավտոմեքենայի վրա. ասում են՝ «ինչո՞ւ ես դու ընկնում այդտեղ, դա քաղաքացու գույք է, փչացնում ես», ասում եմ հա՝ պետք է ասֆալտին ընկնեի՝ իմ գլուխը փչացնեի: Քաղաքացու հանդեպ վերաբերմունքն ամբողջովին հակամարդկային է»:
Նոյեմբերի 14-ի ակցիայի ժամանակ ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժած ակտիվիստ Գոհար Սարոյանն էլ նշեց՝ «ոստիկաններին վերևի պաշտոնավորներից կոնկրետ մատնանշում էին ինչ անել առավել ակտիվներին, կամ իրենց կարծիքով նրանց, ովքեր վտանգ են ներկայացնում. «Ասում էին՝ «հլը սրան հավքեք, տարեք ստեղից», կամ՝ իրենց մեջ խոսում էին՝ «փարթի են անում ստեղ» և այլն, կարող էին աստիճաններին խփելով հրել այնպես, որ քաղաքացին կարող էր իրոք կյանքից զրկվել: Ինձ ասացին՝ «ո՞վ էս ստեղ, կորի մի հատ ստեղից, եթե լրագրող չես, ձայնդ կտրի»»: