7 ամիս անց` քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք դեռևս չկան
«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունում» տեղի ունեցած իրադարձությունների մասին հաղորդում ներկայացրած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը դիմել է դատարան:
Մեզ հետ զրույցում փաստաբանը տեղեկացրեց, որ բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` բողոքարկելով քննչական մարմնի ու վերահսկողություն իրականացնող դատախազի անգործությունը: Փաստաբանի խոսքով` ավելի քան 7 ամիս է` քրեական գործ է հարուցվել, նախաքննություն է իրականացվում, սակայն մինչ այժմ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլ ամսին լրատվամիջոցներում բաց նամակ հրապարակվեց, որտեղ գիշերօթիկ հաստատության աշխատակիցները ներկայացրել էին հաստատությունում երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների և անօրինությունների մասին: Հրապարակված նամակում հաստատության աշխատակիցները խոսել էին այն մասին, որ վերջին երեք տարիների ընթացքում հաստատությունում գրանցվել են 30 գոյություն չունեցող աշխատակիցներ: Նամակում նշվել էր նաև, որ հաստատության արդեն նախկին տնօրենի դեմ բողոք-նամակներն ուղակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն «նախարարության աշխատակիցները նամակի հետքերով գալիս են հաստատություն և աչք փակելով իրականության վրա` հեռանում են»:
Ներկայացնելով քրեական գործի ընթացքը` փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ շուրջ 7 ամիս է` հարուցված քրեական գործով նախաքննություն է իրականացվում, սակայն բազմակողմանի, օբյեկտիվ քննություն չի կատարվել, հանցագործության մասին հաղորդման մեջ ներկայացված հանգամանքները չեն պարզվել: «Մեր ունեցած տեղեկություններով` քննությունն իրականացվում է միայն ֆինանսական չարաշահումների մասով, որը հանցագործության մասին հաղորդման մեկ քառորդ մասն էր միայն»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:
Տիգրան Հայրապետյանն ասաց, որ իրենք բավական երկար ժամանակ սպասել են նախաքննության ընթացքին, նախաքննական մարմնից իրենց վստահեցրել են, որ շուտով բոլոր մեղավորներին մեղադրանք կառաջադրվի: Փաստաբանի խոսքով` քրեական գործի հարուցումից երեք ամիս անց անհասկանալի գործընթաց է սկսվել, մի քանի անգամ փոխվել է քննիչը, ապա քրեական գործն ուղարկվել է նորաստեղծ Քննչական կոմիտե:
Փաստաբանը նշեց նաև, որ իրենց տեղեկություններով` չի հարցաքննվել Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը: Նրա խոսքով` փոխնախարարի գործողություններն իրավական գնահատականի չեն արժանացել: Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ մասնավոր հարցման ենթարկվելիս հաստատության երեք աշխատակիցները պատմել էին, թե ինչ բռնություններ են երեխաների նկատմամբ կիրառվել հաստատությունում, և ինչպես էր փոխնախարարն առանձին «նախաքննություն» իրականացրել` պարզելու համար, թե «ո՞վ է հանդգնել այս ապօրինությունների մասին բարձրաձայնել»: Փաստաբանի խոսքով` գիշերօթիկ հաստատություն այցի ընթացքում փաստաթուղթ է կազմվել, որտեղ աշխատակիցները նշել են, որ իրենք չեն եղել նամակի հեղինակը:
«42 անդամներից 41-ը ստորագրել էր այդ նամակը: Այսինքն` բացահայտ ապօրինություն էր, պաշտոնական լիազորությունների պաշտոնական չարաշահում»,- ասաց Տ. Հայրապետյանը` նշելով, որ նախաքննության ընթացքում իրենք միջնորդել են քրեական գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, սակայն իրենց այդ միջնորդությունը մերժվել է:
Նշենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ` խիստ նկատողություն` «պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար»:
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ առայժմ իրենց հայտնի չէ, թե երբ է նշանակվել բողոքի քննությունը: Փաստաբանը կարևորեց նաև լրատվամիջոցների դերը` քրեական գործն ավարտին հասցնելու գործում: