ՄԻԱՎ-ով վարակելով կանանց` ամուսիներն արգելում են նրանց հետազոտվել եւ բուժօգնություն ստանալ. «Ասում են դե կին է, վարակվում է` վարակվի». medialab.am
medialab.am-ը գրում է. Անդառնալի հոգեկան ցավը, խաբված լինելու բութ զգացողությունը եւ ուշաթափության հասցրած անելանելի վիճակը ամուսնանալուց մի քանի ամիս անց բաժին հասան 29-ամյա Կարինե Խաչատրյանին (անուն ազգանունը փոխված է), երբ պարզվեց, որ ամուսինը իմանալով իր ՄԻԱՎ ունենալու մասին, վարակել է նաեւ կնոջը:
«Ես մի դժոխքի մեջ էի հայտնվել,-«Մեդիալաբին» պատմում է Կարինեն,-որոշ ժամանակ համակերպվելով իրավիճակի հետ ուզում էի բժշկի գնալ, եւ պայքարել իմ կյանք մտած ՄԻԱՎ վարակի դեմ, երբ ամուսինս շատ բռի ու կոպիտ ձեւով հայտարարեց, որ ես ոչ տնից դուրս գալու իրավունք ունեմ, ոչ էլ «ինչ որ բուժում ստանալու»:
Մետ կես տարի պատանդի նման ամուսնու տանը ապրելով, Կարինեն զրկված է լինում որեւէ մեկի հետ կապ հաստատելու հնարավորությունից, ինչպես նաեւ հետազոտվելու, դեղորայք ու բուժում ստանալու հնարավորությունից:
Կես տարի անց, աղջկա կյանքում տիրող իրավիճակի մասին տեղեկանալուց հետո Կարինեի հայրը կարողանում է հարցով զբաղվող հասարակական կազմակերպության ջանքերի շնորհիվ դստերը օգնություն հասցնել:
«Իրական աշխարհ իրական մարդիկ» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Մադոյանը «Մեդիալաբին» ասում է, որ նման դեպքերը եզակի չեն: Նա նշում է, որ շատ դեպքերում տղամարդիկ տեղյակ լինելով իրենց հիվանդ լինելու մասին, առանց խղճի խայթի վարակում են իրենց կանանց եւ արգելում բուժօգնություն ստանալ:
«Հեռախոսը կնոջ ձեռքից վերցրել էին, բժիշկները չէին կարողանում կապ հաստատել նրա հետ: Երբ մենք խորհուրդ էինք տալիս աղջկա հորը պարզապես վերցնի և տանի իր աղջկան հայրական տուն, կամ ստիպի բաժանվել, նա նույնպես հրաժարվում էր: Իսկ ամուսինը, սկեսուրն ու սկեսրայրը, գիտակցելով այդ ամենը և տեսնելով, որ աղջիկը անպաշտպան է, ավելի էին մեծացնում ճնշումները»,-պատմում է Հովհաննես Մադոյանը:
Մի քանի ամիս անարդյունք բացատրական աշխատանքներ տանելուց հետո, ՀԿ-ի աշխատակիցները անցնում են ավելի կոշտ մեթոդների և պարզապես սպառնում ամուսնուն, որ «դատի կտան»: Դրանից հետո ամուսինը համաձայնվում է, որպեսզի կինը բուժում ստանա:
«Տարբեր ձևերով՝ համոզելով, բացատրելով, վերջացրած վախեցնելով, փորձում ենք միջամտել: Վախեցնելը դիտարկում ենք որպես ծայրահեղ և վերջին միջոց: Այսինքն, եթե 6 ամիս շարունակ բացատրելով որևէ արդյունքի չենք հասնում, մնում է սպառնալիքի միջոցով ստիպել այդ տղամարդկանց, որպեսզի թույլատրեն իրենց կանանց հետազոտվել և բուժում ստանալ: Հիմնականում ստացվում է, բայց այդ ժամանակը, որ ծախսում ենք համոզելու վրա, անշրջելի հետևանքներ է թողնում: Դեպքեր են լինում, որ այդ ընթացքում զարգանում է մի այլ հիվանդություն, որը բավականին վատթարացնում է կնոջ առողջական վիճակը»,-ասում է Մադոյանը:
Լիլիթ Առաքելյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: