Բաժիններ՝

Ստամբուլում ապրող հայ երեխաների կարոտը եկեղեցու նկուղում մի պատառ Հայաստան է ստեղծել

Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասի հայ ավետարանական եկեղեցու նկուղային հարկում «ժամանակի մեքենա» կա. մի քանի վայրկյանում Հայաստան է տանում: Այստեղ Հրանտ Դինքի անվան դպրոցն է: Սա մոտ 150 հայ մանուկների ու պատանիների «Հայաստան» կոչվող կղզին է: Այստեղ ամեն բան հայերեն է: Հայերեն են անգամ մանուկների անկարգություններն ու ուսուցիչների նախատող հայացքները, փոքրիկ Սարգիսի ծիծաղն ու քնել չցանկացող 3 տարեկան Մարիամիկի արցունքերը:

Ամեն կողմից հնչող «Բարև Ձեզ», «Բարով եք եկել»-՚ն ու  պատերի հայրենասիրական գրություններն ինձ մի պահ հայրենիք տեղափոխեցին: Բացում եմ դասարաններից մեկի դուռը.

– Ի՞նչ դաս է ձեզ մոտ:

– Մայրենի,- խմբով պատասխանում են երեխաները:

Դպրոցը հիմնվել է հատուկ հայաստանցի երեխաների համար, որոնց ծնողները հանգամանքների բերումով հայտնվել են Թուրքիայում և ժամանակավորապես աշխատում են այնտեղ: Ի տարբերություն Ստամբուլի մյուս հայկական դպրոցների՝ այս դպրոցը միակն է, որը բացառապես Հայաստանի կրթական ծրագրով է դասավանդումն իրականացնում: Ուսուցչական կազմը նույնպես Հայաստանից է:

Դպրոցն ութամյա է: Այն ավարտելուց հետո աշակերտներին տրվում է տեղեկանք, որի հիման վրա նրանք կարող են կրթությունը շարունակել Հայաստանի հանրակրթական դպրոցներում: Իսկ Թուրքիայում այդ տեղեկանքը պարզապես թուղթ է և ոչինչ չի նշանակում: Բայց դա բնավ չի անհանգստացնում երեխաներին ու նրանց ծնողներին, քանի որ նրանք իրնեց ապագան միմիայն Հայաստանի հետ են կապում:

«Երբ 2003 թվականին հիմնեցինք դպրոցը ընդամենը 7 աշակերտ ունեինք: Տարեցտարի նրանց թիվը գնալով ավելանում է: Ուսուցիչները նույնպես Հայաստանից են: Այնտեղ են կրթություն ստացել», պատմում է դպրոցի տնօրեն Հերիքնազ Ավագյանը:

Արդեն 11 տարի այս կրթօջախի սաներին մեկ ընդհանուր երազանք է համախմբում.հայրենիք են ուզում վերադառնալ:

– Մի տարի հետո վերադառնալու եմ:

– Երևանի՞ց ես:

– Չէ, Արտաշատից:

– Կարոտո՞ւմ ես Արտաշատը:

– Շատ…

(Ջուլիա 14 տարեկան)

– Իսկ դո՞ւ:

– Ես Երևանից եմ:

– Դու է՞լ ես ուզում հետ գնալ:

– Հա:

– Լավ չի՞ այստեղ:

– Լավ է: Դպրոցն էլ եմ շատ սիրում, ուսուցիչներիս էլ: Քաղաքն էլ գեղեցիկ քաղաք է. Նույնիսկ ֆուտբոլի եմ գնում: Բայց… չգիտեմ… որ իմ երկրում չեմ…չգիտեմ… մի տեսակ հանգիստ չեմ:

(Միքայել 12 տարեկան)

Երեխաների՝ տուն վերադառնալու բաղձանքն ու կարոտը եկեղեցու նկուղը վերածել են դպրոցի, նեղ ու անշուք սենյակները՝ դասասենյակների, եկեղեցու աթոռը՝ աշակերտական նստարանի: Երեխաների չփարատվող կարոտը օտարության մեջ մի պատառ Հայաստան է ստեղծել, մի պատառ`  մայր հայրենիքից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա:

Աստղիկ Իգիթյան
Ստամբուլ
Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս