Որքանով են իրավաչափ ոստիկանության գործողությունները

«168 Ժամը» հավաքների ժամանակ ՀՀ ոստիկանության գործողությունների օրինաչափության վերաբերյալ զրուցել է օմբուդսմենի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանի հետ:

– Ձեր գնահատմամբ՝ հավաքների և երթերի ժամանակ ՀՀ ոստիկանության գործողություններն օրինաչա՞փ են, թե՞ ոչ:

– Ընդհանրապես մենք ընդհանուր գնահատական արդեն իսկ տվել ենք հավաքների ազատության իրավունքի ապահովմանը Հայաստանի Հանրապետությունում` տարեկան զեկույցով, և նշել ենք, որ արձանագրել ենք դրական զարգացումներ՝ ի տարբերություն նախկինում գրանցված դեպքերի, երբ անհամաչափ և, շատ դեպքերում, զանգվածային կերպով սահմանափակվում էր խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը: Հիմա մենք արձանագրում ենք բավական դրական առաջընթաց, թեև, իհարկե, առանձին դեպքերում մենք խախտումներ ենք արձանագրել Ոստիկանության աշխատակիցների կողմից և այդ մասին հանդես ենք եկել հրապարակային հայտարարություններով:

Օրինակ, Կոմիտաս 5-ի դեպքերը, երբ բախումներ տեղի ունեցան Ոստիկանության և հավաքի մասնակիցների միջև, մենք Ոստիկանության գործողությունները գնահատեցինք` որպես ոչ իրավաչափ: Եղել են նաև դեպքեր, երբ մենք, դիտելով կոնկրետ տեսագրությունները, արձանագրել ենք համապատասխան դրվագները, որտեղ Ոստիկանության ծառայողը գործել է իր լիազորությունների սահմանազանցմամբ, ասենք՝ արդեն իսկ վնասազերծված անձի նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել կամ հավաքը դադարեցվել է, ցրվել, այն դեպքում, երբ մեր գնահատմամբ՝ դեռևս չէին իրականացվել այն բոլոր միջոցները, որոնցով պետք է առաջնորդվեր Ոստիկանությունը: Այսինքն՝ ըստ էության, ցուցաբերվել էր անհանդուրժողականություն և ժամանակից շուտ գործողություններ էին ձեռնարկվել:

Կարդացեք նաև

– Նոյեմբերի 5-ին Երևանում անոնիմուսների երթ տեղի ունեցավ, որի ընթացքում Ոստիկանությունը պահանջում էր դիմակ կրող անձանցից` հանել դիմակները: Ոստիկանության այս պահանջը որքանո՞վ կարող է իրավաչափ համարվել:

– Ես շատ հետաքրքիր պրակտիկա եմ արձանագրել աշխարհում՝ դիմակների կրման հետ կապված կարգավորումների հարցում: Օրինակ, Ռուսաստանի օրենսդրությամբ արգելված է հավաքների, ցույցերի ժամանակ դիմակ կրելը կամ ցանկացած այլ ձևով դեմքը քողարկելը, որը հնարավորություն չի տալիս պարզել անձի ինքնությունը: Սա ուղղակի արգելք նախատեսող նորմ է իրենց օրենքում, բայց, օրինակ՝ Լեհաստանում 2004թ. Սահմանադրական դատարանը համարեց, որ դիմակ կրելու վերաբերյալ արգելքի սահմանումն օրենքում Սահմանադրության խախտում է: Այսինքն՝ չի համապատասխանում Սահմանադրությանը:

Rally of Anonymous

Թեև օրենքը գտնվում էր նախագծային փուլում, և Սահմանադրական դատարանին դիմում էր ներկայացվել՝ եզրակացություն ստանալու համար, բայց Սահմանադրական դատարանը համարեց, որ ցույցերի ժամանակ բոլոր դեպքերում դիմակ կրելու վերաբերյալ բլանկետային արգելք սահմանելը հանդիսանում է խաղաղ հավաքների ազատության իրավունքի, ինչպես նաև՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում Սահմանադրության տեսանկյունից: Նշեմ նաև, որ Վենետիկի հանձնաժողովը նաև կարծիք ունի Բելառուսի՝ հավաքների վերաբերյալ օրենսդրության մասին, որտեղ նույնպես, ըստ էության, առաջարկվում էր դիմակներ կրելն արգելող նորմ: Այստեղ նույնպես Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ չի կարող բոլոր դեպքերում նման սահմանափակում նախատեսվել օրենքով:

Եվ ընդհանրապես, եթե դիտարկենք միջազգային իրավական սկզբունքների և չափորոշիչների տեսանկյունից, կարգավորումն այսպիսին է՝ ցույցի ժամանակ դիմակ կրելու վերաբերյալ բացարձակ արգելք սահմանելն անթույլատրելի է, քանի դեռ այդ դիմակը կամ ցանկացած այլ ձևով դեմքը քողարկելու միջոցը չի օգտագործվում անձի կողմից, որը, հավանաբար, կատարել է իրավախախտում և ձերբակալման հիմք հանդիսացող գործողություն, և այդ միջոցով ինքը փորձում է նաև քողարկել իրեն Ոստիկանության ծառայողներից, որպեսզի նրանք չձեռնարկեն համապատասխան միջոցներ, կամ՝ եթե դիմակ կրելը չի առաջացնում անմիջական վտանգ որոշակի անօրինական գործողությունների կատարման վերաբերյալ:

Ընդհանուր կարգավորումն այսպիսին է: Սակայն կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով՝ պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի: Կարևորն այն է, որ բլանկետային սահմանափակումը, որը ոչ մի բացառություն չի սահմանում և բոլոր դեպքերի նկատմամբ է կիրառելի, համահունչ չէ ոչ Եվրոպական կոնվենցիայի, ոչ էլ, ըստ էության, Սահմանադրության հետ, որն ամրագրում է խաղաղ հավաքների ազատության իրավունքը: Մեր օրենսդրությամբ դիմակների կրելու հետ կապված հատուկ արգելք չկա: Ընդհանուր առմամբ խաղաղ հավաքների ազատության իրավունքի ոլորտում սկզբունքն այնպիսին է, որ բոլոր այն գործողությունները, որոնք ուղղակիորեն արգելված չեն օրենսդրությամբ, թույլատրելի են հավաքների մասնակիցների կողմից:

– Ընդհանուր առմամբ՝ որո՞նք են հավաքների ժամանակ Ոստիկանության կողմից թույլ տրվող խախտումները կամ թերությունները:

– Այն դեպքերը, երբ մենք խախտում ենք արձանագրել, օրինակ, վերաբերել են արդեն վնասազերծված անձի նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու խնդրին: Մենք տեսաձայնագրությունների ֆիքսված դրվագներով ցույց ենք տվել, որ, ենթադրենք, մեքենայի մեջ նստեցնելու ժամանակ կիրառվել է անհամաչափ ուժ, անձն արդեն վնասազերծված է, բայց ոստիկանը շարունակում է հարվածել համապատասխան անձին: Հավաքների իրավունքի հետ կապված` մենք բազմաթիվ անգամներ հանդես ենք եկել հայտարարությամբ՝ վրանի տեղադրման թույլատրելիության վերաբերյալ՝ նորից ելնելով կոնկրետ դեպքերի հանգամանքներից, որովհետև այնպես չէ, որ դա միշտ, ցանկացած հանգամանքներում է թույլատրելի:

Սակայն ամեն անգամ վերլուծելով հավաքի հետ կապված անհրաժեշտությունը՝ մենք կարողացել ենք հիմնավորել, որ, օրինակ՝ տվյալ դեպքում վրանի տեղադրումն իրավաչափ էր, անձի առողջության ապահովման, միաժամանակ` հավաքը շարունակելու հնարավորություն ստեղծելու նպատակ էր հետապնդում, հետևաբար՝ չէր կարող արգելվել: Սակայն ձեզ հայտնի դեպքերում, օրինակ, քաղաքապետարանի դիմաց արված նստացույցի ժամանակ, այդ վրանները չէին թույլատրվում: Ավելին՝ նույնիսկ վարչական պատասխանատվության էին ենթարկում անձանց: Այդ մասով մենք նույնիսկ ունենք խախտում հայտնաբերելու և առաջարկ ներկայացնելու վերաբերյալ առանձին որոշում, քանի որ, ըստ էության, մենք բոլոր միջոցները սպառեցինք Ոստիկանության հետ և, տեսնելով, որ միևնույն է՝ առաջարկը չի ընդունվել, մենք ավարտեցինք այդ գործընթացը՝ խախտման որոշում կայացնելով:

– Հայաստանի հետ կապված` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշումներ ունի՞ հավաքների ազատության հետ կապված, և ի՞նչ դիրքորոշում է արտահայտել:

– Ունի որոշումներ: Այդ որոշումները, ըստ էության, ֆիքսում են հետևյալ անկյունաքարային մոտեցումը. հավաքների իրավունքը ենթադրում է որոշակի անհարմարություն, տրանսպորտային երթևեկության, հետիոտնի շարժի հետ կապված խոչընդոտում, և նման դեպքերում դա պետք է ոչ թե հիմք հանդիսանա, որպեսզի անմիջականորեն Ոստիկանությունը տվյալ հավաքը դադարեցնի կամ ցրի, այլ կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով՝ Ոստիկանության կողմից պետք է առավել հանդուրժողական մոտեցում դրսևորվի՝ հաշվի առնելով նաև հավաքի ժամանակավոր բնույթը: Որովհետև, եթե մենք վերցնենք այլ անձանց իրավունքների հետ համադրման, առանց կոնկրետ գործի հանգամանքների մեջ խորանալու, մենք կտեսնենք, որ այդ դեպքում ընդհանրապես հավաքների ազատության իրավունքն անիրագործելի իրավունք կլինի:

Ցանկացած դեպքում այն ենթադրում է առօրյա կյանքի որոշակի խոչընդոտում, այլ անձանց երթևեկության, տրանսպորտային երթևեկության խոչընդոտում, սակայն այդ դեպքերում, եթե այդ անհարմարությունը մեծ չէ, Եվրոպական դատարանն արձանագրել է այն մոտեցումը, որ պետությունը պետք է ավելի հանդուրժողական մոտեցում դրսևորի և նման հավաքների պարագայում մեղմ պահանջներ առաջադրի: Մեր հայտարարություններում մենք նույնիսկ հենց Հայաստանի դեմ ուղղված գործերից ենք մեջբերումներ արել, որտեղ հենց այս սկզբունքն է արձանագրվում:

– Ձեր գնահատմամբ՝ այդ պարագայում որքանո՞վ են լրագրողները կարողանում հավաքների ժամանակ կատարել իրենց պարտականությունները, արդյոք խախտվո՞ւմ են նրանց իրավունքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եղել են դեպքեր, երբ լրագրողները ևս բերման են ենթարկվել, կամ էլ՝ ուժ է կիրառվել նրանց նկատմամբ:

– Ասեմ, որ այդ խնդիրը՝ լրագրողների իրավունքների պաշտպանությունը հավաքների լուսաբանման գործընթացում, մեզ համար շատ մտահոգիչ է, քանի որ մենք վերջին ժամանակներում ականատես եղանք մի քանի դեպքերի, երբ տեղի ունեցան որոշակի իրադարձություններ, և դրանց, ըստ էության, չհետևեց պատշաճ արձագանք: Այդ առումով մենք հանդես ենք եկել հայտարարություններով: 2013թ. տարեկան զեկույցում մենք հետևողականորեն Ոստիկանությունից պահանջել ենք բոլոր այն գործերը, որոնք իրենց մեջ պարունակել են լրագրողների իրավունքների սահմանափակման հետ կապված խնդիրներ, և տեսել ենք թե՛ ընտրությունների, թե՛ խաղաղ հավաքների լուսաբանման գործընթացում ինչպիսի ընթացք են ստացել այն գործերը, որոնք առնչվել են մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն: «Ա1+»-ի լրագրողի հետ կապված գործով մենք հանդես եկանք հայտարարությամբ:

Ճիշտ է, այդ գործը հետագայում կարճվել է, սակայն հաշտության հիմքով է կարճվել, և մենք նույնիսկ զանգահարել ենք լրագրողին՝ հասկանալու համար՝ արդյոք ինքը բավարարվա՞ծ է գործի նման ընթացքով, թե՞ ոչ: Իհարկե, կան նաև գործեր, որտեղ մենք տեսնում ենք, որ գործընթացը, ըստ էության, կամ կիսատ է մնացել, կամ հարուցված քրեական գործը կարճվել է, կամ ընդհանրապես գործ չի հարուցվել: Այդ առումով շատ մտահոգված ենք և համարում ենք, որ ցանկացած դեպք, որն անպատժելի է մնում, իր մեջ շատ մեծ վտանգ է պարունակում ընդհանրապես երկրում խոսքի ազատության պաշտպանության մակարդակի ապահովման տեսանկյունից:

– Արդյոք Հայաստանում ցանկացած անձ, քաղաքացի կարողանո՞ւմ է իրականացնել հավաքներ անցկացնելու իր իրավունքը՝ հաշվի առնելով Ոստիկանության գործողությունները:

– Այդպես միանշանակ գնահատական երևի կդժվարանամ տալ, որովհետև, ինչպես նշեցի՝ ընդհանուր տենդենցի տեսանկյունից` մենք դրական տեղաշարժ ենք արձանագրել, բայց դա չենք կարող տարածել բոլոր դեպքերի վրա, քանի որ մենք տեսնում ենք, որ առանձին դեպքերում տեղի են ունենում հստակ խախտումներ, որոնք մեր կողմից արձանագրվում են, հրապարակայնորեն հայտարարվում են: Որպես այդպիսին՝ գնահատականը երևի կախված կլինի կոնկրտտ դեպքի հանգամանքներից, բայց ընդհանուր առմամբ, այո՛, մենք տարիների ընթացքում տեսնում ենք, որ դեպի դրական առաջընթաց է արձանագրվում այս ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս