«Մենք հենց հիմա պետք է խոսենք ոչ թե ուղեվարձը բարձրացնելու, այլ նվազեցնելու մասին». Արմեն Պողոսյան
«Խաղաղ պայմաններում մենք մոտավորապես 300 կյանք ամեն տարի կորցնում ենք ճանապարհային պատահարների հետևանքով: Դա նշանակում է` բարձիթողի է վիճակը, չի կարգավորվում հենց Ճանապարհային ոստիկանության և քաղաքաշինական առումով»,- նման տեսակետը հայտնեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Ըստ նրա` հայ մարդը երթևեկում է անմարդկային պայմաններում. «Այն մանուկը, որը միկրոավտոբուսում երթևեկում է ողնաշարը ծալապատիկ վիճակում, նա ինչպե՞ս մեզ պետք է պաշտպանի վաղը: Չէ՞ որ մարդն այդ դեպքում արդեն ընկճված տրամաբանությամբ է մեծանում: Կա նորմ, թե միկրոավտոբուսում որքան մարդ պետք է լինի, և այդ նորմը 13 մարդն է: Բայց եթե այդ մեքենան 27 մարդ է տեղափոխում, ուրեմն ուղիղ վտանգի տակ է ներսում գտնվողների կյանքը»:
Պարոն Պողոսյանն անդրադարձավ նաև այն խնդրին, որ վարորդները նոր մեքենան ստանալուց անմիջապես հետո կատարում են նստարանների վերադասավորություն` այդպիսով ի սկզբանե ճիշտը դարձնելով սխալ. «Այնտեղ, որտեղ այդ մեքենան արտադրվել է, տեղի մասնագետները սահմանել են նստարանների քանակը և դասավորությունը, իսկ մեզ մոտ աբսուրդ մի իրավիճակ է. մեքենան շահագործելը սկսվում է ջարդելուց:
Բացի այդ` քաղաքակիրթ աշխարհում մեքենան ոչ ոք 4 տարուց ավել չի շահագործում, իսկ այդ մեքենաներն էլ ժամկետը լրանալուց հետո մեզ մոտ են հայտնվում: Միկրոավտոբուսը կամ ավտոբուսը պետք է իր տարիքն ունենա»:
Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է վերաբերվում ուղեվարձի բարձրացմանը, Արմեն Պողոսյանը դեմ արտահայտվեց: Նրա կարծիքով` այդ գինը դեռ մի բան էլ պետք է իջնի. «Մենք հենց հիմա պետք է խոսենք ոչ թե սակագինը բարձրացնելու, այլ նվազեցնելու մասին, քանի որ մեր Երևանը բացառիկ մի քաղաք է, որը Չինաստանից 300-ից ավելի ավտոբուս նվեր ստացավ: Չէ՞ որ դա հեշտացրեց տնտեսվարող սուբյեկտի գործը: Բացի դա` այդ միկրոավտոբուսների հարցում այնքան թաքնված, չհարկվող, չերևացող փողեր կան, որ դա նույնպես հաշվի առնելով` պետք է խոսք գնա էժանացման մասին»: