Իրակա՞ն, թե՞ տակտիկական հակասություններ

Կիրակի օրը Հայ ազգային կոնգրես կուսակցությունը (ՀԱԿԿ) հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի վերջին որոշման վերաբերյալ: Ըստ ՀԱԿ-ի՝ համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ հիմնելու գործընթացը կարող է դանդաղեցնել շարժումը և իշխանություններին հնարավորություն տալ այդ ընթացքում համապատասխան հակաքայլեր կատարել: «Միասնական գրասենյակների ձևավորումն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն զուգորդվում է մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ, ինչը լրացուցիչ խթան կարող է ծառայել հենց այդ գրասենյակների արդյունավետ գործունեության համար։

Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու և Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար։ Նկատի ունենալով նշված հանգամանքները, Հայ ազգային կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձևավորմանը զուգընթաց, որևէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը»,- նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։

Երեկ արդեն ԲՀԿ-ն նույնպիսի կոռեկտությամբ պատասխանել է ՀԱԿ-ին՝ ակնարկելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է՝ ցանկացած պահի, ցանկացած վայրում հրապարակային միջոցառումներ կազմակերպել: ՀԱԿ-ի այս հայտարարության առթիվ հնչած առաջին գնահատականները հանգում էին եռյակի երկու կուսակցությունների միջև առկա տարաձայնություններին, որոնք այն աստիճանի են հասել, որ արտահայտվում են արդեն հրապարակավ:

Գուցե դա համապատասխանում է իրականությանը: Մյուս կողմից, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան թանկ է գնահատում ՀԱԿ ղեկավարությունն ու հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, չպետք է բացառել, որ ՀԱԿ-ի հայտարարությունը կարող է նաև ներքին պայմանավորվածության արդյունք լինել: Ավելին՝ բացառված չէ, որ ՀԱԿ-ն այդ հայտարարությունը հրապարակած լինի անգամ ԲՀԿ-ի խնդրանքով:

ՀԱԿ-ն այս հայտարարությամբ ցույց է տալիս, որ ինքն է եռյակի ամենաարմատական ուժը, և, որ ԲՀԿ-ի գործողությունները կարող են «ճակատագրական սխալ դառնալ» համաժողովրդական շարժման համար: Այս հայտարարությունը ԲՀԿ-ին կարող էր անհրաժեշտ լինել իշխանության մոտ որպես ավելի կառուցողական ուժ ընկալվելու և, ամենակարևորը՝ ԲՀԿ-ի գործողությունները ոչ արմատական, հետևաբար՝ տեսանելի ապագայում, ոչ վտանգավոր գնահատելու համար:

Տեսանյութեր

Լրահոս