Փաստաբան Շարբաթյանի գործով նշանակվեց լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն
Փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործում առկա է դատաբժշկական փորձաքննության երկու եզրակացություն: Սկզբնական դատաբժշկական փորձաքննուրյան եզրակացությունը տրվել է 2012թ. նոյեմբերի 19-ին Լոռու մարզի դատաբժշկական կենտրոնի ղեկավար, փորձագետ Վարուժ Սաքանյանի կողմից: Երկրորդը` լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննույան եզրակացությունը տրվել է 2013թ. փետրվարի 12-ին` ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի (տնօրեն` Արգամ Հովսեփյան)կողմից: Եզրակացություններում առկա հակասությունների վերաբերյալ դատարանում հարցաքննվել և պարզաբանումներ են ներկայացրել Վ. Սաքանյանն ու Ա. Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի դատական նիստը հետաձգվել էր` մեղադրողի միջնորդությունը պատրաստ չլինելու պատճառով: Նոյեմբերի 6-ի դատական նիստին մեղադրող Պետրոս Մարտիրոսյանը միջնորդեց հիշյալ քրեական գործով նշանակել լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն` դրա կատարումն հանձնարարելով երկրորդ փորձաքննության եզրակացությունը տված ՀՀ ԳԱԱ «Փորձաքնությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:
Պաշտպանական կողմը դեմ էր այս միջնորդությանը, նշելով, որ ինչպես բազմիցս հայտարարել են, դատաբժշկական փորձաքննության երկրորդ եզրակացություն որպես այդպիսին գոյություն չունի, քանի որ ակնհայտ անհիմն է, չպատճառաբանված, գիտականորեն չհիմնավորված, ապօրինի` նաև կեղծ, (տրվել է լուսանկարների հիման վրա, այն էլ անհայտ ծագման), երրորդ փորձաքննություն նշանակելու փաստացի անհրաժեշտություն կամ իրավական հիմքեր չկան` ներկայացնելով մանրմասն հիմնավորումներ: Միևնույն ժամանակ պաշտպանական կողմը դատարանին հորդորելով միջնորդության բավարարման դեպքում նշանակել կրկնակի և ոչ թե լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն և դրա կատարումն ոչ մի դեպքում չհանձնարարել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննություների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձաքգետնբերին, որոնց ղեկավար Արգամ Հովսեփյանի դեմ տրված հանցագործության մասին հաղորդումը պնդեցին և կրկնեցին Սամվել Դիլոյանն ու Վերանյան եղբայրները:
Դատախազ Մարտիրոսյանն ասաց, որ երբ ստացվի երկրորդ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, դատախազությունը կամ դատարանը սեփական նախաձեռնությամբ ընթացք կտան այս հաղորդմանը` «կամ կհարուցվի քրեական գործ, կամ չի հարուցվի»:
Տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանը դեմ չէր միջնորդության բավարարմանը: Նրա ներկայացուցիչ Լևոն Գոգիհյանը ներկայացրեց սեփական դիտարկումները: Պաշտպան Ռուբեն Հակոբյանն էլ առաջադրեց մեկ հարց, որին ևս դատախազության առաջ քաշած հարցերի հետ պետք է պատասխաներ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությունը, այն է` հնարավոր է արդյո՞ք ոչ մասշտաբային, ոչ 3D ֆորմատի, բջջային հեռախոսով ոչ մասնագետի կատարած լուսանկարների հիման վրա իրականացնել դատաբժշկական փորձաքննություն, մասնավորապես պարզել մարմնական վնասվածքի առկայություն, տեղակայում, բնույթ, առաջացման վաղեմություն, մեխանիզմ և ծանրության աստիճան:
Սակայն դատարանը մերժեց պաշտպանի հարցը ընդգրկել ընդհանուր հարցաշարի մեջ այն հիմնավորմամբ, որ այդ հարցի լուծումը հատուկ մասնագիտական գիտելիքներ չի պահանջում:
Նոեմբերի 7-ի դատական նիստին դատարանը միջնորդություը բավարարեց գրեթե ամբողջությամբ: Միայն դրա կատարումը հանձնարարելով ոչ թե վերոնշյալ ՊՈԱԿ-ին, այլ ՀՀ առողջապահության նախարարությանը:
Դատական նիստը հետաձգվեց մինչև լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացության ստացումը: Նիստի օրվա մասին դատավարության կողմերին կտեղեկացվի լրացուցիչ ծանուցմամբ:
Հովհաննես Սարդարյան