Գևորգ Կոստանյանը պարզաբանում է՝ Շանթ Հարությունյանի գործով Սերժ Սարգսյանն անմեղության կանխավարկած խախտե՞լ է, թե՞ ոչ

«Ես չեմ տեսնում քաղաքական ենթատեքստ: Ես չեմ կարող տեսնել քաղաքական ենթատեքստ, որովհետև քրեական հետապնդման հարուցման և քրեական հետապնդման իրականացման գործընթացքում որևէ քաղաքական գործոն կամ որևէ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել, որովհետև ամբողջ գործը բավականին հիմնավորված, պատճառաբանված և ապացույցներով, ինքներդ լավ տեսել եք՝ անգամ տեսագրություններով հագեցած է, և այդ տեսակետից ապացուցողական բազայի առնչությամբ, եթե դուք ինքներդ օբյեկտիվորեն փորձեք այդ ամեն ինչը համադրեք, դուք ինքներդ կտեսնեք, որ քաղաքական ենթատեքստ չի կարող այստեղ լինել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ արձագանքելով այն հայտարարություններին, թե Շանթ Հարությունյանի և մյուսների գործով քաղաքական ենթատեքստ կա:

Լրագրողների այն հարցին՝ արդյոք ՀՀ նախագահ սերժ Սարգսյանն անմեղության կանխավարկած չի խախտե՞լ, երբ ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում ասել է, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել և արդյոք նրա այդ հայտարարությունը չի ազդե՞լ դատավճռի վրա: «Դատավճիռը կայացվում է՝ կամ մեղադրական, կամ արդարացման, ապացույցների հիման վրա և ոչ թե որևէ հայտարարության կամ մեկնաբանության հիման վրա: Այսինքն՝ անկախ նրանից՝ ինչ հայտարարություններ կհնչեն: Որովհետև այդ նույն հաջողությամբ յուրաքանչյուրը ձեզանից, մեզանից՝ ոչ ես պաշտոնապես, կարող ենք այս կամ այն անձի գործողությունների, այս կամ այն վարքագծին տանք համապատասխան գնահատականներ, այդ թվում՝ իրավական գնահատականներ և մեկնաբանություններ:

Եվ այստեղ նույն ձև, օրինակ ինձ, փորձում էին ներկայացնել, որ՝ տեսեք, երբ մինչև դատավճռի կայացումը գլխավոր դատախազը հայտնեց, որ այսպես է: Գիտեք, խնդիրը նրանումն է, որ դատախազի գործառույթը հենց նրանումն է, որ ինքը պետք է մեղադրանքը պաշտպանի: Այսինքն՝ ճիշտ է, անձը մեղավոր է ճանաչվում հանցագործության կատարման համար, երբ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Բայց երբ դրա վերաբերյալ տալիս է գնահատական և դատախազը վեր է կենում, նախաքննության որևէ փուլում անգամ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, հայտնում է այս կամ այն գործի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ այո՛ն մեղավոր է, կամ՝ ոչ, մեղավոր չէ, դա հենց դատախազական գործառույթ է, և դատախազն ինքն է որևէ փուլում ասում՝ այստեղ մեղավորություն կա, և այն հանգամանքը, որ մեղադրանք է առաջադրվել այդ անձին, կամ մեղադրանքը պաշտպանում է դատարանում, նշանակում է դատախազն ինքը գտնում է, որ այս անձը մեղավոր է:

Ինչ վերաբերում է որևէ մեկնաբանություններին, որոնք կարող են հնչեցվել: Սա ինքնին չի կարող անմեղության կանխավարկածի դաշտում ինքնին դիտվել, որովհետև անմեղության կանխավարկածի խախտումը, ըստ էության, համարվում է ոչ թե որևէ անձի կամ քաղաքացու կամ քաղաքական գործչի կամ պետական գործչի կողմից նախնական վերաբեմունքը որևէ հարցի վերաբերյալ, այլ այն պաշտոնատար անձի, որն իր իրավասության սահմաններում իրավասու չէ գնահատական տալ, մինչև որոշում կայացնելը: Օրինակ՝ եթե դատարանը մինչև դատավճռի կայացումը, դատավճռի հրապարակումը հայտնի այդ մասին որևէ դիրքորոշում, այո, մենք դա կդիտենք որպես անմեղության կանխավարկածի խախտում»:

Կարդացեք նաև

Հարցին՝ Սերժ Սարգսյանն անմեղության կանխավարկած խախտե՞լ է, թե՞ ոչ դատախազը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ»:

Տեսանյութեր

Լրահոս