Իրանը պատրաստ է մինչև 2017 թվականը կրկնապատկել գազի արդյունահանման ծավալը
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է մինչև 2017 թվականը կրկնապատկել բնական գազի արդյունահանումը, անգամ եթե չեղյալ չհայատարարվեն արևմտյան պատժամիջոցները: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության տնօրեն Համիդ Ռեզա Արակին:
Նա մանրամասնել է, որ իրենք պլանավորել են առաջիկա երեք տարիներին բնական գազի օրական արդյունահանման ծավալը հասցնել մինչև 1 միլիարդ խորանարդ մետրի: Դրան կարող է նպաստել Հարավայն Փարս խոշորագույն գազային հանքավայրի չորս հատվածներում գազի արդյունահանման աճը, ուր պլանավորված է օրական արդյունահանումը մեծացնել մինչև 100 միլիոն խորանարդ մետրի:
Իրանում բնական գազի արդյունահանման աճը կնպաստի էներգակիրների արտահանման աճին, որը ներկայումս կազմում է օրական 30 միլիոն խորանարդ մետր: Ներկայումս իրանական գազի խոշորագույն գնորդը Թուրքիան է: 2015 թվականի ապրիլից Իրանը սկսելու է գազ մատակարարել Իրաքին՝ օրական մինչև 25 միլիոն խորանարդ մետր: