«Վերջին երկու ամսվա մեջ հարձակումներ են եղել Կենտրոնական բանկի ենթակայքի և «Արարատբանկ»-ի վրա». Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ խոսելով հակերային հարձակումներից, ասաց, որ վերջին ամսվա մեջ բավականին ակտիվացում է եղել.
«Ակտիվացումն առաջին հերթին կապված էր Ադրբեջանի անկախության օրվա հետ, հետո ադրբեջանական հակերային խմբի՝ «Անտի Արմենիա»-ի տարեդարձն էր, ինչի առթիվ այդպես զանգվածային հարձակում արեցին հայկական կայքերի վրա: Այդ հարձակումների զոհերի մեծ մասը միշտ այնպիսի կայքեր են, որոնց մասին մենք իմանում ենք հենց շնորհիվ այդ հարձակումների: Այդ տեսանկյունից ադրբեջանական հակերները ստեղծում են հայկական ցանցի էնցիկլոպեդիան. միշտ ինչ-որ մի նոր բան ենք բացահայտում մեզ համար, բայց պետք է նշել, որ իրականում ադրբեջանցիները հմտանում են այս ոլորտում»,- ասաց նա:
Փորձագետին անհանգստացնում է այն, որ շատ հաճախ լուրջ տեղեկատվության տիրապետող կայքերը չեն զգուշացնում իրենց վրա հարձակումների մասին այն մարդկանց, որոնց տվյալներն այնտեղ են գտնվում.
«Կան կայքեր, որոնք, օրինակ, զբաղվում են էլեկտրոնային առևտրով: Դրանք տեսականորեն իրենց շտեմարաններում ունեն մեր մասին տվյալներ, եթե մենք այդտեղ առևտրով ենք զբաղվել: Կան նաև բանկային կայքեր, որոնք նույնպես պարունակում են անհատական տվյալներ, որոնք պետք է գաղտնի պահվեն:
Կարելի է արձանագրել, որ վերջին երկու ամսվա մեջ հարձակման են ենթարկվել մի քանի նմանատիպ կայքեր, և, ցավոք սրտի, մեզ մոտ չի ձևավորվել այն մշակույթը, որ կայքի ադմինիստրացիան նախ հայտարարի, որ իրենց վրա եղել է հարձակում, երկրորդ՝ իրազեկի բնակչությանը, որ արդյո՞ք եղել է տվյալների արտահոսք, և եթե եղել է՝ ինչ անել:
Դա աշխարհում նորմա է, որը շատ երկրներում նաև օրենքով է նորմավորված, բայց նաև մշակույթի մի մաս է, երբ մարդուն տեղյակ են պահում, որ իր տվյալները հայտնվել են երրորդ ձեռքում, կամ գոնե ասում են, թե՝ գիտես, մեզ «կոտրել» են, բայց տվյալների արտահոսք չի եղել: Այստեղ էլի կարելի է նշել, որ ադրբեջանցիները մեզ համար ինչ-որ խնդիրներ են բացահայտում, իրնեց պետք է պոզիտիվ նայել, իրենք միշտ օգնում են մեզ գտնել մեր թերությունները»,- նշեց նա:
Փորձագետի կարծիքով՝ հանրությունը պետք է սկսի պահանջել, որպեսզի նմանատիպ հարձակումների մասին իրենց իրազեկեն:
«Կարելի է արձանագրել, որ վերջին երկու ամսվա մեջ առնվազն երկու բանկային կայքերի վրա հաջողված հարձակումներ են եղել, մեկը՝ Կենտրոնական բանկի ենթակայքն է, որը օնլայն լիցենզիաներ է տրամադրում, մյուսը՝ «Արարատ» բանկն է: Առնվազն այդ երկու կայքերը ադրբեջանցիների կողմից հարձակման են ենթարկվել: Առաջին էջի վրա տեղադրվել է նկար, սա չի նշանակում, որ ադրբեջանցիները կարողացել են ներթափանցել կայքի ներսն ու ինչ-որ տվյալներ ստանալ, բայց դա ևս չի բացառվում: Հանրությունը պետք է դրա մասին տեղեկացվեր»,- պարզաբանեց նա:
Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ ահռելի քանակի կազմակերպություններ ունեն մեր անձնական տվյալները, իսկ նորմալ կարգավորում չկա. «Անհատական տվյալները պետք է պաշտպանված լինեն, մենք ունենք նույնիսկ «Անհատական տվյալների մասին օրենք»:
Հիմա Արդարադատության նախարարությունը պատրաստում է նոր նախագիծ՝ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ : Բայց մի կետ կա, որը շատ վիճելի է: Այսինքն՝ կան տվյալներ, որոնք չպետք է պաշտպանվեն: Ընդհանրապես, անձնական տվյալ համարվում է այն տվյալը, որով կարելի է մարդուն իդենտիֆիկացնել, այսինքն՝ այդ տվյալն իմանալով՝ կարող ես հասկանալ, թե դա ով է: Կարծում եմ՝ մարդու անուն-ազգանունը, հասցեն և ծննդյան թիվը մարդուն իդենտիֆիկացնող տվյալներ են: Բայց, ցավոք սրտի, ըստ նույն այդ նախագծի՝ դա չի համարվում պաշտպանվող տվյալ:
Կարևոր է, որ հանրային լսումներ արվեն, որովհետև մենք ունենք «Անհատական տվյալների մասին օրենք», որ դեռևս 2002թ. է ընդունվել, բայց քանի որ ընդունվել է առանց հասարակության մասնակցության, իսկ հետո այդ օրենքը ոչ մի ենթաօրեսդրական ակտով չի հարստացվել, այդպես մնացել է թղթի վրա: Հիմա, որպեսզի սա էլ թուղթ չդառնա, կարևոր է, որ հասարակոթյունը ներգրավվի մշակմանը, առավել ևս որ կան վիճահարույց հարցեր»,- եզրափակեց նա: