Նժդեհի արձանը կտեղադրվի Կառավարության շենքին հարակից այգում և ոչ թե իր անվան հրապարակում
Երևանի Քաղաքապետարանի կայացրած որոշմամբ՝ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվելու է Կառավարության շենքին հարակից այգում և ոչ թե իր անվան հրապարակում: Այս որոշումը մտահոգության տեղիք է տվել հասարակության շրջանում, և այս առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսում իր պարզաբանումները տվեց քանդակագործ, Քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի անդամ Լևոն Թոքմաջյանը:
Նրա խոսքով՝ Քաղաքաշինական կամ գեղարվեստական խորհուրդը զուտ խորհրդատվական կազմակերպություն է, և իրենք ինչ-որ բան պարտադրելու կամ անելու իրավունք չունեն. «Որոշումները կայացվում են վերևներում, իսկ մենք՝ որպես արվեստագետներ, գնում նայում ենք ու մեր խորհուրդն ենք տալիս քանդակագործին: Այստեղ զավեշտալի մի իրողություն կա. կա Նժդեհի հրապարակ, բայց կանգնեցված է Սուրեն Սպանդարյանի արձանը: Ինձ թվում է, որ մեր քաղաքացիների մեծ մասը կարծում է, թե Գարեգին Նժդեհը նա է, քանի որ ոչ մեկը ո՛չ Սուրեն Սպանդարյանին է տեսել, ո՛չ էլ Գարեգին Նժդեհին: Որքանո՞վ է դա ճիշտ:
Բայց ինձ ավելի շատ անհանգստացնում է քանդակի գեղարվեստական արժեքը, քանդակը՝ որպես կերպար, որպես հայրենասերի ընդվզող մի տիպար: Հենց այս անհանգստության հետևից էլ գնացինք, և տեսանք, որ ճարտարապետական լուծումները, ամեն ինչ կարծես թե տեղին է արված. արձանը երեսով կանգնելու է դեպի փողոց, մեջքով՝ դեպի հրապարակ: Տեսնելուց հետո ո՛չ ընդունեցինք, ո՛չ էլ մերժեցինք. այնտեղ ահագին բաներ կային, որ քանդակագործը՝ Գագիկ Ստեփանյանը, պիտի փոփոխի, և խնդրեցինք, որ վերջնական տեսքի բերելու ժամանակ մեր խորհրդին նորից կանչի, քանի որ ուզում ենք՝ լավ բան լինի: Վերջ ի վերջո լավ գործը, լավ ստեղծագործական աշխատանքը ամեն տեղ էլ շատ լավ կերևա: Մեր ֆունկցիաները սկսվում և ավարտվում են այսքանով՝ խորհուրդ տալով, վերջնական որոշումը կայացվում է վերևներում»:
Քանդակագործն անդրադարձավ նաև անկախությունից հետո Երևան քաղաքում տեղադրված արձաններին՝ ասելով, որ դրանք իրեն դուր չենք գալիս.«Լուսանկարչական, կինոներից դրվագներ վերցնել և մեխանիկորեն քանդակ դարձնել. անկեղծ ասած դրանք ինձ դուր չեն գալիս, քանի որ եթե քանդակի մեջ չլինի ռոմանտիկա, սիմվոլիկա, որը ժամանակի ընթացքում պիտի ընդունվի, ապա այդ քանդակն արվեստի գործ համարելը մի քիչ դժվար է: Ես կարծում եմ, որ մեզ այժմ հայրենասիրական գործեր են պետք, քանի որ ամբողջ երկիրը պետք է ուժեղանա, այս խեղճությունը թող դուրս գա մեր միջից, ավելի ընբոստ, ավելի կրակոտ, մեր հողի, հայրենիքի համար մարտնչող կերպարներ են պետք»: