Բաժիններ՝

«Վատ է գյուղի վիճակը. ստիպված ընկել ենք վարկերի տակ»

Շիրակի մարզի Անուշավան համայնքի բնակիչները «Ասպարեզի» հետ զրույցում դժգոհում էին իրենց կենսակերպից, սոցիալական պայմաններից: Նրանք նշում էին, որ պետությունն աչքաթող է արել գյուղացուն, ոչ մի արտոնություն չի տալիս, մյուս կողմից՝ ցրտահարությունն ու կարկուտն են ոչնչացնում այն, ինչ փորձում են ստեղծել պարտքերով ու բանկերից վերցված վարկերով:

Գյուղացիները դժգոհում են, որ ապրուստի հիմնական միջոցը վաստակում են արտագնա աշխատանքի միջոցով, իսկ ամենավատն այն է, որ գյուղից հեռանում են նաեւ ընտանիքներով՝ դատարկ թողնելով տները: Գյուղապետ Երվանդ Հակոբյանի տվյալներով, գյուղի շուրջ 2200 բնակչությունից 600-ը մեկնում է արտագնա աշխատանքի:

-Գյուղից բոլորը գնում են խոպան, միայն հիվանդները, ծերերն ու կանայք են մնացել: Մեռել էլ որ լինում է, չեն կարողանում թաղել: Ոչ մի երիտասարդ գոյություն չունի, 10-րդ դասարանն ավարտեց, երեխան արդեն ծնողների հետ խոպան է գնում: Անձամբ ես ավարտել եմ ֆիզմաթ ֆակուլտետ, կրթություն ունեմ, բայց չկարողացա իմ աշխատավարձով ընտանիք պահել: Հիմա Ռուսաստան եմ գնում՝ փող աշխատելու, բայց գալիս ենք, մինչեւ հունվար-փետրվար մնում ենք ու նորից առանց փող ետ գնում,- դժգոհում է անուշավանցի Արտավազդ Խաչատրյանը:

Զրուցակիցս նշում է՝ գյուղում եկամուտ չկա, գյուղացիները չեն կարող մշակել հողը, չունեն այն անհրաժեշտ միջոցները, որ կարողանան վճարել գոնե տեխնիկայի, սերմացուի համար.

«Աշխատում ենք, բայց անգամ այդ վառելիքի փողը չունենք, որ տանք, ստիպված մեծամասնությունն ընկել է վարկերի տակ: Վատ է գյուղի վիճակը: Իսկ այս պետությանը ես պետություն չեմ կարող համարել, գոնե սեփական ժողովրդին աշխատանքով ապահովեին, կարողանային աշխատել, ապրել»:

Գյուղատնտեսության հիմնական միջոցը Անուշավանում հողագործությունն ու անասնապահությունն է, սակայն գյուղը ոչ ոռոգման նորմալ համակարգ ունի, ոչ էլ արոտավայրեր.«Այսքան հող կա, բայց արոտավայրեր չկան: Անասունն արոտավայրից ետ եկավ, նորից պիտի բան քաղես, տաս՝ ուտի: Հողագործության հետ կապված էլ ասեմ, որ պարտադիր մի բան լինում է այս խեղճ գյուղացոնց: Ջուր չեն տալիս, նորմալ ոռոգման համակարգ չկա, կարտոֆիլ ցանել ենք, մի անգամ ենք ընդամենը ջրել, չորացավ, գնաց: Ամեն տեղ էլ դժվարություններ կան, բայց այսպիսի դժվար պայմաններ ես չէի ցանկանա՝ ունենայինք: Գյուղացին հողը չի կարող մշակել, հեկտարներով հող ունենք, բայց չի մշակվում, չենք կարողանում. պարարտանյութ է պետք, որտեղի՞ց ճարենք»,- շարունակում էր դժգոհել Արտավազդ Խաչատրյանը:

-Առավոտից իրիկուն տանջվում ենք, մեջն էլ եկամուտ չկա: Առանց այն էլ ջուր չունենք, հազիվ ենք ստեղծում, ու այդ ստեղծածի մի մասն էլ կարկուտն է տանում: Շատ քյասիբ գյուղ է: Ոչ մի բանից եկամուտ չունենք: Կարկուտն եկավ, սաղ գարին, ցորենը տարավ, քամին ելավ՝ կռիշների շիֆերները տարավ,- ավելացրեց Համլետ Մկրտչյանը՝ նշելով, որ անգամ կարտոֆիլի բարձր գնից օգուտ ստանալ չեն կարող, քանի որ իրենք եւս այլ համայնքներից են կարտոֆիլ գնում.«Ջուր չկա, ջուր որ չլինի, կարտոֆիլ որտեղից կլինի»:

-Վարկեր ենք վերցնում, բայց դրանք էլ բարձր տոկոսադրույքով են, չեն արդարացնում իրենց,- միջամտեց Կոլյա Հովհաննիսյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս