Բաժիններ՝

Էդ Իսկենդերյան. Հայազգի նշանավոր գիտնականն ու բաշխիչ լիսեռի «հայրը» (լուսանկարներ)

Հայազգի գիտնական Էդ Իսկենդերյանը (Ed Iskenderian), ով հայտնի է նաև Իսկի (Isky ) անվամբ, ծնվել է 1921 թվականին, Կալիֆոռնիայում, Դիք և Արմինե Իսկենդերյանների ընտանիքում: Ծնողները ծնվել են Թուրքիայում, բայց հեռացել են նախքան Ցեղասպանությունը: Էդի մայրը փրկվեց, երբ ընտանիքը նրան ուղարկեց Գերմանական քրիստոնեական մենաստան` թուրքերից պաշտպանելու նպատակով: Էդի հայրը թեև դարբին էր Թուրքիայում, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներ գաղթելուց հետո Կալիֆոռնիայի Սան Ջոաքին հովտում հիմնեց խաղողի ֆերմա: Էդի ապագան որպես գինեգործ չկայացավ, քանի որ ցրտահարությունների պատճառով նրանց խաղողի այգիները ոչնչացան: Պայմանները ստիպեցին Իսկենդերյան ընտանիքին տեղափոխվել Լոս Անջելես:

Iskanderyan (34)

Iskanderyan (21)

Iskanderyan (5)

Լոս Անջելեսի Պոլիտեխնիկի բարձրագույն դպրոցում (Polytechnic High School) Էդի սկզբնական ուսանողական նախագիծը եղել է «Ֆորդ T Ռոյսթեր» մեքենայի ստեղծումը:
Հետո նա ուսանել է մեխանիկայի հիմունքները` աշխատելով այդ նույն մեքենայի մոդելի վրա: Հաճախակի հանդիպելով ծնկաձև լիսեռի թերություններին, Էդ Իսկենդերյանը հիմնական շեշտը դնում էր ցածր պտույտներով շարժիչների վրա: Ուշադրություն դարձնելով Ֆորդի V8 հորիզոնական շարժիչին, նա գտավ, որ ծնկաձև լիսեռն ավելի կայուն է աշխատում, երբ օգտագործում է ավելի մեծ առանցքակալ: Նա տեղադրեց գլանի գլխիկի փականը` բազմակի ներարկիչներով: Էդն այրման խցիկը սկսեց պատրաստել կապարով և դրանով ճնշման տոկոսը կարողացավ հասցնել 13/1-ի, որն այդ ժամանակ շատ բարձր ցուցանիշ էր մրցավազքային մեքենայի համար:

Iskanderyan (4)

Պոլիտեխնիկն ավարտելուց հետո նա շարունակեց իր գործունեությունը մեքենաների դետալների արտադրության ոլորտում: Նա հասավ շատ մեծ հաջողությունների, քանի որ ուներ կատարելագործվելու ձգտում: Կարիերան ընդհատվեց Համաշխարհային 2-րդ պատերազմով: Քանի որ շատ էր սիրում արագություն, ընդգրկվեց ռազմաօդային ուժերի կազմում: Ծառայել է օդային տրանսպորտի գնդում, որը մատակարարումներ էր իրականացնում Խաղաղօվկիանոսյան կղզիներին: Պատերազմից հետո Էդը շարունակեց V8 շարժիչների համար բաշխիչ լիսեռի ստեղծման աշխատանքները: Այդ լիսեռներն արտադրելու համար նա հայտնագործեց և ստեղծեց հղկման նոր սարքավորումներ, որոնք հետագայում իրենց տեղը գտան համաշխարհային մեքենաշինության մեջ:

Iskanderyan (3)

1950-ականների վերջին և 60-ականների սկզբին Էդ Իսկենդերյանը հայտնագործեց առաջին հիդրավլիկ բաշխիչ լիսեռը, որը տեղավորված է 505 մագնումի վրա: Այդ կարգի առաջադեմ տեխնոլոգիական բաղադրիչն արդեն պահանջում էր, որ մյուս բաղադրիչները նույնպես կատարելագործվեն: Էդի նախաձեռնությամբ նաև նոր տեսակի փականներ սկսեցին տեղադրվել մրցավազքային մեքենաների վրա: Այդ գյուտերի շնորհիվ Էդը մրցավազքային մեքենաների աշխարհում ստացել էր «բաշխիչ լիսեռի հայր» մականունը: 1963թ. Էդն այդ ոլորտի մի քանի առաջավորների հետ ստեղծեց «Արագության սարքավորումների միավորումը», որն այժմ հայտնի է՝ որպես SEMA` հատային սարքավորումներ արտադրողների միավորում: Էդ Իսկենդերյանը եղել է այդ կազմակերպության նախագահը 1963-64 թվականներին և ղեկավարել է այն սկզբնական կարևոր շրջանում: Բացի այդ, նա աշխատել է բազմաթիվ մեծ և փոքր դոնորական կազմակերպություններում, որոնք աջակցություն են ցուցաբերել և խթանել են տեղական մրցավազքերի կազմակերպումը:

Iskanderyan (6)

Էդ Իսկենդերյանն առաջիններից էր, որ մաքսիմալ արագությամբ մրցավազքի դուրս եկավ Աղի լճում: 1942 թվականին նա 120 մղոն արագությամբ անցավ Էլ Միրաժ լճի վրայով, որի մասին վկայում է տախտակին ամրացված մետաղական ցուցանակը: Մրցավազքային մեքենան շարժվում էր 8 գլաններից կազմված շարժիչով, որն էապես ձևափոխել էր: Իսկենդերյանը տեղադրել էր նոր գլանի գլխիկ` սեփական արտադրության բաշխիչ լիսեռով և ուղիղ ելքով, որն անցնում էր դռան ճեղքի տակով: Շարժիչի կափույրների կափարիչը նա ինքնուրույն էր պատրաստել: Երբ առաջին մեքենան էին հավաքում, Իսկին բաշխիչ լիսեռներ ձեռք բերելու համար գնում էր բոլորի կողմից ճանաչված վարպետ Էդ Վինֆիլդի մոտ:

Iskanderyan (39)

Բանակում ծառայությունն ավարտելուց հետո Էդը վերադարձել էր բավական մեծ գումարով, որը ներդրեց այդ նախագծի ավարտի համար: Շուտով Իսկիի բիզնեսն անսպասելի արագությամբ սկսեց բարգավաճել այնպես, որ Իսկիին ավելի քիչ կարելի էր տեսել իր մրցավազքային մեքենայով ընթանալիս: Ամեն դեպքում, նա այն պահեց իր մոտ: Իսկենդերյանը հայտնի էր նրանով, որ ոչինչ չէր թափում. Ո՛չ ավելորդ ապրանքներ, ո՛չ գործիքներ: Եվ դրա շնորհիվ դարձավ ժամանակի շունչն ու չափանիշը` բոլոր մրցավազքային մեքենաների երկրպագուների համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս