Ավետիք Իշխանյան. Կոստանյանը չէր կարող գործեր հարուցել՝ առանց համաձայնության

ՀՀ դատախազությունը մի շարք քրեական գործեր է հարուցել Քննչական կոմիտեի աշխատակիցների նկատմամբ: «ՀՀ դախազությունը հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ»,- նշված էր դատախազության տարածած հաղորդագրությունում: Քրեական գործեր հարուցվել էին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով «քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի, քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ»:

Այս ընթացքում հնչեցին մեկնաբանություններ, որ քրեական գործերի հարուցումը պայմանավորված է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի միջև տեղի ունեցող հակամարտությամբ: Հայաստանի Հելսնիկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն այդ կապակցությամբ ասաց.

«Շատ կուզենայի, որ իսկապես, դա լիներ հակամարտություն, ինչպես շատերն ուզում են այդպես ներկայացնել: Այն, որ այդ ղեկավարների միջև հակամարտություններ միշտ եղել են, դա փաստ է, բայց որ հակամարտությունների արդյունքում նրանք և համարձակություն չունեն, և ի վիճակի չեն լուրջ գործեր սկսելու, դրանում եմ համոզված: Այսինքն՝ Հայաստանում ինքնուրույն, անկախ գործող կառույցներ չկան: Դրանք դե յուրե համարվում են անկախ, բայց դե ֆակտո բոլորովին անկախ չեն, և ցանկացած հարց քննարկելուց, և եթե նրանք ուզում են հարց բարձրացնել կամ հարց լուծել, ապա դա անպայման պետք է լինի նախագահի համաձայնությամբ: Եվ տվյալ դեպքում ես համոզված եմ, որ դատախազության այդ ձեռնարկումներն ինքնուրույն ձեռնարկումներ չեն, և դրանք համաձայնեցված են նախագահական պալատի հետ»:
Ավետիք Իշխանյանը դժվարացավ ասել, թե ինչ նպատակ է հետապնդում այդ քրեական գործերի հարուցումը. «Բայց մի բան վստահ կարող եմ ասել, որ դա ինքնուրույն է: Կոստանյանը չէր կարող հարուցել՝ առանց համաձայնության»:

Գևորգ Կոստանյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք գործերի հարուցումը նշանակո՞ւմ է, որ այս երկու կառոյցների միջև հակասություններ կան, ասել էր. «Նախ, ինքնին քրեական գործի հարուցումը դատախազի իրավունքն է, այսինքնգ երբ դատախազը տեսնում է հանցագործության հատկանիշներ, նա պարտավոր է քրեական գործ հարուցել: Եվ երբ քրեական գործը հարուցվում է այս կամ այն ոլորտում որևէ չարաշահման կապակցությամբ, դա ամենևին չի նշանակում և չի կարող նշանակել, որ այդ համակարգերի ղեկավարների կամ համակարգերի աշխատողների միջև կամ նրանց կողմից կան որոշակի հակասություններ, և ինձ համար, անկեղծ ասած, և՛ անընդունելի է, ևգ զարմանալի, որ յուրաքանչյուր համակարգի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների իրականացումն անպայմանորեն ներկայացվում է էմոցիոնալ կամ անձնական որոշակի զեղումներով և դրդումներով»:

Քննչկան կոմիտեն էլ հայտնել էր, որ քրեական գործերի հարուցման հիմքում դրված են առանձին դատավարական ժամկետների բացթողման (անձի ձերբակալման մասին դատախազին մի քանի ժամ ուշացումով իրազեկում, նախաքննության ժամկետի երկարացում), նախաքննության ժամկետը դատախազի կողմից չերկարացվելու պարագայում գործը մեղադրական եզրակացությամբ քննիչի կողմից դատախազին ուղարկելու հանգամանքները: Միևնույն ժամանակ, կոմիտեն նշել էր. «Լիահույս ենք, որ քրեական գործերով կապահովվի քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը»:

Տեսանյութեր

Լրահոս