Փոստանջյանը հետաքրքրվել է, թե արդյոք բյուջեով գումար նախատեսվե՞լ է հաջորդ տարվա արտահերթ ընտրությունների համար

«Եկող տարի սպասվում են արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ…»,- այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ իր հարցն այսպես սկսեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդհատեց նրան ու հայտարարեց՝ «ես չգիտեմ նման բան»:

Նշելով, որ ուրեմն տեղեկացնում է այդ մասին, Զ. Փոստանջյանը հարցրեց, թե որքա՞ն գումար է նախատեսվում բյուջեից ընտրությունների անցկացման համար:

«ԿԸՀ-ն մինչև այս տարեվերջ ունի իրականացնելու ՏԻՄ ընտրություններ՝ դեկտեմբերի 14-ին: Մինչ այս պահը անցկացվել են 132 համայնքներում համայնքի ղեկավարների և ավագանու ընտրություններ: Հաջորդ տարի ՏԻՄ ընտրությունների հետ կապված օրերը հաստատել ենք և մոտ 150 համայնքներում նախատեսվում է ՏԻՄ ընտրությունների անցկացում: Սա են այն աշխատանքները, որ նախատեսվել են և կարող եմ տեղեկություն տրամադրել: ԿԸՀ-ն որևէ գործառույթ իրականացնում է, երբ նշանակվում են ընտրություններ: Ձեր նշածը, եթե սահմանված կարգով է, կարգ կա, կնշանակվի, սահմանված կարգով կիրականացվեն աշխատանքները: Ես տեղեկացված չեմ այդ մասին»,- հայտարարեց Տ.Մուկուչյանը:

Զ.Փոստանջյանի դիտարկմանը, որ արտահերթ ընտրությունները սպասվում են, Մուկուչյանը պնդեց, թե իր ասածն օրենքվ նշանակվածի մասին է:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նկատեց՝ «2017-18թթ. մասին է խոսքը»:

«Արտահերթը օրենքից դուրս չէ»,- հակադարձեց Զ.Փոստանջյանը:

«Բյուջեն կազմելիս հաշվի են առնվում օրենքով ամրագրված պահանջները: Եվ երբ կազմվում է, կարող են ընդգրկվել այն ցուցանիշները, որոնք իրավական տեսանկյունից առկա են: Ընտրությունները նշանակվում են իրվական ակտի հիման վրա, երբ չկա իրավական հիմք, չի արտացոլվում: Այլապես հակառակ կողմից՝ ո՞րն է հիմքը նման թվեր ամրագրելու»,- նշեց Տ. Մուկուչյանն ու հավելեց, որ եթե ընդհանրապես հետարքրքրում է համապետական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ գումարի չափը, դա նախորդ ընտրությունների ժամանակ ներկայացվել է և թվի մեջ չսխալվելու համար կարող է նիստից հետո «կոպեկի ճշգրտությամբ» ներկայացնել արդեն ծախսված գումարների մասին:

Տեսանյութեր

Լրահոս