«Ադրբեջանը հոխորտում էր, որ ռազմական ձևով հարցը լուծելու է, բայց հիմա խելոք նստել է բանակցությունների սեղանի շուրջ». Լևոն Շիրինյան

Ինչպես հայտնի է, երեկ Փարիզի Մարինյի պալատում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների եռակողմ հանդիպումը՝ ուղղված ԼՂ հիմնահարցի կարգավորմանը: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը մեզ հետ զրույցում դրական գնահատեց այդ քայլը:

Նրա խոսքով՝ վերջին զինված գործողություններում տանուլ տալուց հետո Ալիևը հանգիստ նստում է բանակցությունների սեղանի շուրջ. «Դրանք երկու-երեք տարի անընդմեջ հոխորտում էին, որ ռազմական ձևով հարցը լուծելու են: Հետո այդ հռետորաբանությունը հուլիսի վերջից վերածվեց ռազմական գործողությունների, սահմանային գոտին ամբողջովին վերածվեց ռազմաճակատի: Բայց հայկական բանակն այնպիսի գործողությոններ ձեռնարկեց, որ ժողովուրդն անգամ տագնապ չզգաց այն դեպքում, երբ շատ դաժան կռիվներ էին: Հայկական զինուժը նրանց իրենց տեղը դրեց: Հետո էլ այդ հոխորտանքը թողեցին, վազեցին Սոչի: Ես վստահ եմ, որ եթե մենք ռազմական գործողություններում հաջողություններ չունենայինք, Ալիևը Սոչի չէր գնալու, սկսելու էր պայմաններ թելադրել:

Եկավ Սոչի, խելոք նստեց տիրոջ մոտ, և հայկական կողմը նրան պարտադրեց նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ, նոր պայմաններ էլ չներկայացնել: Այդ բոլորը մեր նվաճումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ փորձում են հարցը կարգավորել միջազգային տեսանկյունից: Մեզ մնում է բանակցային դիրքերն ավելի ամրապնդել, քանի որ այդ դեպքում հարցի լուծումն ավելի կհեշտանա»:

Ըստ քաղաքագետի՝ գերտերություններն էլ են հակված, որ հարցը խաղաղ ճանապարհով լուծվի. «Աշխարհն այսօր շատ լարված վիճակում է. Ռուսաստան-ԱՄՆ հակասությունները կարող են հակամարտության վերածվել: Այդ իսկ պատճառով էլ գերտերություններն ամեն ինչ անում են միջազգային կոնֆլիկտ թույլ չտալու համար՝ մասնավորապես Ուկրաինայում և Անդրկովկասում՝ ավելորդ գլխացավանքից խուսափելու համար: Այս իմաստով՝ Պուտինը, Օլանդն ու մյուսներն իրենց գործն արեցին: Միայն մի բան դուրս չի գալիս. նորից ամեն մեկը կրկնում է, որ ստատուս-քվոն անընդունելի է: Այդ դեպքում ես առաջարկում եմ, որ ճանաչեն Արցախի՝ միջազգային իմաստով պետության գոյությունն ու ինքնորոշման իրավունքը: Հարգե՛ք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որոնք ռազմաճակատում իրենց արյունով ու քրտինքով են հաստատել այդ իրավունքները»:

Մի շարք քաղաքագետներ պնդում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն կորցրել է իր արդիականությունն ու նշանակությունը: Լևոն Շիրինյանը համաձայն չէ այդ կարծիքի հետ: Նրա խոսքով՝ դա այն ֆորմատն է, որը մեզ ձեռք է տալիս և հնարավորություն ստեղծում, որ հակամարտություն չբորբոքվի.

«Դա 100-տոկոսանոց շահ չէ մեզ համար, բայց մի բան է, որը հակամարտությունը տանում է խաղաղ ճանապարհով: Իսկ այդ քաղաքագետներն ի՞նչ են առաջարկում. միջուկային պատերա՞զմ: Մենք ռազմական գործողություններից խուսափել ենք և նստեցրել բանակցությունների սեղանի շուրջ: Մենք ո՛չ Անգլիան ենք մեր ներուժով, ո՛չ էլ նույնիսկ Իսրայելը. քանի որ Հայաստանի Հանրապետությունն ենք, պետք է կարողանանք մեր ուժերի սահմաններում ստանալ առավելագույնը ներկա իրավիճակում: Պետք է հաշվի առնենք նաև այն, որ չունենք բարեկամ պետություն. ամենամոտ բարեկամը Ռուսաստանն է, բայց Աստված հետու պահի նման բարեկամից: Հիմա մենք նրա հետ ենք աշխատում, և ես կարծում եմ՝ հայկական կողմը գործընթացը շատ լավ տանում է առաջ»:

Քաղաքագետի գնահատմամբ՝ ԼՂ հիմնահարցն այժմ հավասարակշռության պահպանման փուլում է, և մեզ մնում է այս իրավիճակը պահել ու պետությունը հզորացնել:

 

 

Տեսանյութեր

Լրահոս