Արտեմ Ասատրյան. Մեր միակ նպատակը, որ պետական բյուջեի միջոցները ծախսենք առավել նպատակային և հասցեական

Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հղիության նպաստների շուրջ կազմակերպված լսումների ժամանակ «Վիվասելի» իավաբանական վարչության պետ Արմինե Սարգսյանը հարցադրում արեց, թե ինչո՞ւ է հավասարության նշան դրվում մայրության և ժամանակավոր անաշխատուտունակության մյուս նպաստների միջև: Ըստ նրա՝ նախկինում սա եղել է նպատակային արձակուրդի վճար, հետագայում է անվանումը փոխվել և տարբեր մեկնաբանությունների տեղիք տվել:

«Ինչո՞ւ տղամարդուն կարելի է մեկնել զորավարժություների և ստանալ 100%, իսկ կինը պետք է զրկվի իր եկամտի մի մասից»,- ասաց նա՝ շեշտելով, որ սա անհավասարության և խտրականության դրսևորում է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ՀՀ-ում թեև ծնելիությունը չի ավելացել, բայց ծախսերը վերջին տարիներին ավելացել են 3 անգամ. «Իսկ արդյոք արդյունավետությունը ավելացե՞լ է: Այն, ինչ ներկայացված է օրենսդրական նախաձեռնությամբ, առաջարկութուն է՝ հաշվի առնելով խնդիրները»:

Ըստ նախարարի՝ գուցե ճիշտ է, որ վճարովի արձակուրդ անվանվի, քանի որ վճարովի արձակուրդի համար վճարում է գործատուն: Ա.Ասատրյանը նշեց, որ եթե խնդիրների ձևակերպումների շուրջ գան համաձայնության, հնարավոր կլինի համաձայնության գալ լուծումների շուրջ:

«Մեր միակ նպատակը, որ պետական բյուջեի միջոցները ծախսենք առավել նպատակային և հասցեական»,- ասաց Ա.Ասատրյանը:

Ա.Սարգսյանի խոսքով՝ Սոցիալական խարտիայի համաձայն, վճարովի արձակուրդի համար վճարվում է սոցապահովության համապատասխան նպաստներից, կամ հասարակական ֆոնդերից, ոչ թե գործատուն: Նա մեջբերում արեց Ժնևի կոնվենցիայից, ինչին ի պատասխան ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը կոչ արեց մեր՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքից մեջբերում անել: Սարգսյանը նշեց, որ ամեն դեպքում վարձատրությունը պետք է համահունչ լինի:

Ըստ Ա.Սարգսյանի՝ խնդրի լուծումը պետք է փնտրել խախտումների հանդեպ վերահսկողություն սահմանելու միջոցով:

Օրինագծի դեմ արտահայտվող քաղհասարակության ներկայացուցիչներին Հ.Հակոբյանը պարբերաբար կոչ էր անում ելույթներ չունենալ և միայն հարց հնչեցնել. «Թեկուզ մինչև ժամը 8-ը մնանք, ես Ձեզ հնարավորություն կտամ ելույթ ունենալու»:

Դիմելով Ա.Սարգսյանին՝ Հակոբյանը նկատեց. «Դուք մի քիչ շատ խորացաք խարտիաների մեջ: Խարտիաները շատ տարբեր են, տեսական գաղափարների մեջ շատ մի խորացեք»:

Տեսանյութեր

Լրահոս