
Ուկրաինան բողոք է հղել ԱՀԿ-ին՝ կապված Ռուսաստանի սահմանափակիչ միջոցների հետ

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան բողոք է հղել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ կապված Ուկրաինայից բանջարեղենի ու մրգի ներկրման հարցում Ռուսաստանի կիրառած սահմանափակիչ միջոցների հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ագրոքաղաքականության նախարարությունը:
Վերջինս ընդգծել է, որ ռուսական կողմը, կատարելով նման գործողություններ, հավատարիմ չի մնում երկկողմ համաձայնագրերի դրույթներին ու միջազգային չափորոշիչներին, քանի որ Ուկրաինան Ռուսաստանից պաշտոնապես իրազեկում չի ստացել խախտումների հայտնաբերման մասին:
2014 թվականի առաջին 9 ամսում Ուկրաինայից Ռուսաստան արտահանվել է ընդհանուր 45.8 միլիոն դոլարի 81.000 տոննա միրգ ու բանջարեղեն. լոլիկ, վարունգ, սոխ, կարտոֆիլ, խնձոր, տանձ, ծիրան, կեռաս, սալոր և այլն:
Գերատեսչությունը հաշվարկել է, որ ուկրաինացի գյուղմթերք արտադրողների կորուստները մինչև տարեվերջ կարող են կազմել 17 միլիոն դոլար, իսկ 2015 թվականի կորուստները գնահատվում են 62 միլիոն դոլար: