
Արա Հարությունյանն ընդունել է «Մայրություն» ՀԿ ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն երեկ ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ, հայտնում են կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Վարչապետը ողջունել է նման ձեւաչափով հանդիպելու կազմակերպության նախաձեռնությունը եւ կառույցի նոր ծրագրերին ծանոթանալու ցանկություն հայտնել:
«Մայրություն» ՀԿ նախագահ Հ. Միքայելյանը, անդրադառնալով կազմակերպության գործունեությանը, ներկայացրել է հանրապետության սոցիալական որոշ խնդիրների վերաբերյալ իրենց ունեցած մտահոգությունները եւ դրանց հաղթահարման ուղղությամբ առաջարկություններ արել: Նա՝ համախոհների անունից պատրաստակամություն է հայտնել առավել ակտիվորեն ներգրավվել պետական ծրագրերի իրագործման եւ երկրի հասարակական կյանքի աշխուժացման գործում:
Հանդիպման մասնակիցներին ներկայացնելով կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը, վարչապետը նշել է, որ հանրապետության իշխանությունները մեծ տեղ են հատկացնում հատկապես սոցիալական ծրագրերին: Ա. Հարությունյանի համոզմամբ՝ տնտեսական աճով են պայմանավորված երկրի սոցիալական երաշխիքները եւ տարբեր նախագծերի իրագործումը:
Կառավարության ղեկավարը, անդրադառնալով տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ընդգծել է, որ կցանկանար դրանք առավել տեսանելի լինեին կրթության եւ առողջապահության համակարգերում: Նա պատասխանել է կազմակերպության ներկայացուցիչների տարաբնույթ հարցերին:
Հանդիպման ավարտին վարչապետը մեկ անգամ եւս կարեւորել է հայ կանանց ակտիվ դերակատարությունը հասարակական կյանքում եւ այդ համատեքստում ողջունել կազմակերպության գործելաոճը պետականաշինության, հասարակական դաշտի կայացման եւ մատաղ սերնդի դաստիարակության գործում: