Թուրքիայում կարգելվեն պետականության դեմ բողոքի բոլոր ակցիաները
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Ժանդարմերիայի ու Առափնյա պաշտպանության ուժերի հրամանատարության նշանակումն իրականացվելու է ուղիղ ՆԳՆ-ի միջոցով: Դավութօղլուի խոսքերով՝ այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության երեկվա նիստում:
Ժանդարմերիայի հրամանատարին նշանակելու է ներքին գործերի նախարարը: Դա կապված է Ժանդարմերիան զինված ուժերից դուրս բերելու հետ: Անդրադառնալով թուրք-քրդական հաշտեցման գործընթացին՝ Դավութօղլուն հայտարարել է, որ դա ներքին, ազգային ու ինքնատիպ նախագիծ է:
Դավութօղլուի խոսքերով՝ կառավարությունը մտահոգվում է բնակչության անվտանգությամբ և իրականացնում է համապատասխան ուղղվածությամբ բարեփոխումներ:
Դավութօղլուն մանրամասնել է, որ արգելք է դրվում պետականության դեմ ուղղված բոլոր ակցիաների և այն ակցիաների վրա, որոնք կարող են սպառնալ մարդկանց կյանքին:
Դավութօղլուն ընդգծել է, որ թույլատրված բողոքի ակցիաների մասնակիցները չեն կարող դիմակ կրել ու թաքցնել դեմքը. դա կդիտվի որպես սպառնալիք. «Իսկ ահա ցուցարարների կողմից «մոլոտովյան կոկտեյլների» նետումը կգնահատվի որպես զենքի կիրառում»:
Մեծացվելու են ցույցերին զինված մասնակցելու համար պատիժները: 6 ամսից մինչև 3 տարի կազմող պատժաժամկետները հասցվելու են 2.5-4 տարվա ազատազրկման: