
TAPI գազատարի կառուցումը կմեկնարկի 2015 թվականին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան» (Turkmenistan-Afghanistan-Pakistan-India, TAPI) գազատարի կառուցումը պլանավորված է սկսել 2015 թվականին: Այս մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Նրա խոսքերով՝ TAPI գազատարի նախագիծն այսօր ուղղված է նրա մասնակից երկրների ազգային էկոնոմիկաների զարգացմանը և ընդհանրապես տարածաշրջանի քաղաքական կայունության ամրապնդմանը: TAPI գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է մինչև 33 միլիարդ խորանարդ մետր:
Գազատարի ընդհանուր երկարությունը կազմելու է 1735 կիլոմետր, որից 200 կիլոմետրը բաժին է ընկնում Թուրքմենստանի տարածքին, 735 կիլոմետրը՝ Աֆղանստանի տարածքին, իսկ 800 կիլոմետրը՝ Պակիստանի տարածքին՝ մինչև Հնդկաստանի հետ սահմանին գտնվող Ֆազիլկա բնակավայր: