
Չնայած ԵՏՄ-ին՝ ՌԴ-ի ու Բելառուսի դաշնակցային պետության այժմեականությունը նախկինի նման բարձր է. Լուկաշենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հանդիպման ժամանակ Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Բելառուսի միջև միությունը հատուկ ինտեգրացիոն միավորում է:
Մեդվեդևի խոսքերով՝ Ռուսաստանի ու Բելառուսի դաշնակցային պետությունը պետք է կողմնորոշիչ ծառայի եվրասիական տնտեսական ինտեգրմանը մասնակցող մյուս երկրների համար. «Դաշնակցային պետության շրջանակներում մեր երկրների միջև փոխգործակցության մակարդակն այն կողմնորոշիչն է, դեպի ուր ուղղված կլինեն մյուս բոլոր երկրները»:
Մեդվեդևը հայտարարել է, որ ներկայումս Ռուսաստանի ու Բելառուսի հարաբերություններում չկան գերբարդ հարցեր, և որ առաջնահերթությունը տրվում է առևտրային շրջանառության մեծացմանը:
Լուկաշենկոն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի ու Բելառուսի դաշնակցային պետության այժմեականությունը նախկինի նման բարձր է՝ չնայած Եվրասիական տնտեսական միության ի հայտ գալուն: