Ուկրաինայում «Բոինգը» կործանել են ռուսամետ անջատողականները. գերմանական հետախուզություն
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND) Ուկրաինայում «Բոինգի» կործանման պատասխանատվությունը դրել է ռուսամետ անջատողականների վրա: Այս մասին նշված է Spiegel Online-ի կայքում:
Հոկտեմբերի 8-ին BND-ի ղեկավար Գերհարդ Շինդլերը բունդեսթագի վերահսկիչ հանձնաժողովին է ներկայացրել անջատողականների մասնակցությամբ ուղևորատար ինքնաթիռի կործանման ապացույցներ: Ապացույցների թվում կան արբանյակային տվյալների փորձագիտական գնահատականներ, տարբեր լուսանկարներ:
Շինդլերն ընդգծել է, որ անջատողականները հակաահաբեկչական գործողության ուժերից խլել են «Բուկ» ինքնագնաց զենիթա-հրթիռային համալիր, նրանից հրթիռներ են արձակել, որոնք էլ պայթել են անմիջականորեն մալայզիական ինքնաթիռի մոտ: BND-ը հանգել է մի շարք հստակ եզրակացությունների:
1) Ուկրաինական կողմի տրամադրած լուսանկարները կեղծիք են: 2) Ռուսական պնդումներն այն մասին, որ «Բոինգը» կործանել են ուկրաինացի զինվորականները, և որ նրա մոտ գտնվել է ուկրաինական մարտական ինքնաթիռ, չեն համապատասխանում իրականությանը:
Շինդլերի զեկույցում նշված է, որ ինքնաթիռը կործանել են ռուսամետ անջատողականները: «Բոինգի» կործանման հետևանքով զոհվել է 298 մարդ, որոնցից 4-ը Գերմանիայի քաղաքացիներ են: