Բաժիններ՝

Արտ-թերապիայի տեսակներից մեկը Հայաստանում. ի՞նչ է ֆոտոթերապիան (լուսանկարներ)

Այսօր Նկարիչների միությունում կազմակերպվել էր «Ֆոտոթերապիա» կորպորատիվ ցուցահանդես-վաճառք, որի հասույթի մի մասը տրամադրվելու է «Արմենակ և Աննա Թադևոսյանների բժշկական կենտրոն»-ին: Ցուցահանդեսը հազմակերպել էր «Գոյ» հոգեբանական կենտրոնը, որի հիմնադիր-տնօրեն Հասմիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նկարները մեկնաբանվում են հոգեբան-մասնագետների կողմից և դրական նշանակություն, ազդեցություն են թողնում մարդկանց վրա.

«Մենք փորձում ենք լուսանկարների միջոցով փոխել մարդկանց աշխարհայացքը, մտահորիզոնը, ինչն էլ ֆոտոթերապիայի գլխավոր առանձնահատկություններից է: Ցուցահանդեսը նաև բարեգործական բնույթ է կրում. մենք հասույթը տրամադրելու ենք «Արմենակ և Աննա Թադևոսյաններ բժշկական կենտրոն»-ին հավանաբար գեղեցիկ միջոցառման տեսքով, քանի որ այնտեղ կան հաշմանդամություն և մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ ու նրանց հետ նախատեսում ենք զարգացնող աշխատանքներ տանել»:

Fototerapia7

Fototerapia6

Fototerapia4

Fototerapia3

Fototerapia1

Fototerapia5

Ցուցահանդեսին ներկայացված էին նաև սոցիալական խնդիրներ պատկերող նկարներ, այսինքն՝ հասարակության բոլոր շերտերին էլ կարող էր ուղղված լինել և վերաբերել միջոցառումը: Հ. Հակոբյանի խոսքով՝ չկա որևէ մեկը, որ իր ներաշխարհը չկարողանա տեսնել լուսանկարներում՝ սկսած դպրոցական տարիքի երեխաներից, վերջացրած հասուն տարիքի մարդկանցով:

Նշենք, որ լուսանկարների գները տատանվում էին 3000-5000 դրամի սահմաններում, և ցուցահանդեսի բացման արարողությունից մի քանի րոպե հետո արդեն երեք նկար վաճառվել էր: Հասմիկ Հակոբյանն անկեղծացավ և ասաց, որ իր մտերիմների շրջանակից էլ շատ մարդկանց խնդրել է, որ անպայման գան, մասնակցեն և գնեն նկարներից: Նա հույս հայտնեց, որ միջոցառումն իր նպատակին կծառայի, և նկարներն անպայման կվաճառվեն:

Հատկանշական էր նաև այն, որ ցուցադրված լուսանկարների հեղինակները հայեր էին: Հ. Հակոբյանն ասաց, որ այդ ընտրությունը հատուկ նպատակ ունի. արվել է նրա համար, որ հանրությունը ծանոթանա նաև հայ լուսանկարիչների աշխատանքներին, իմանա, որ ունենք շատ լավ լուսանկարիչներ, պարզապես ճանաչված չեն., այսինքն՝ սա նաև առիթ է, որպեսզի գնահատենք մերը:

Fototerapia8

Fototerapia9

Fototerapia12

Fototerapia10

Fototerapia14

Մենք զրուցեցինք նաև լուսանկարներից մի քանիսի հեղինակ-լուսանկարչի՝ Արկադի Քալանթարյանի հետ, ով, որքան էլ զարմանալի է՝ չկարողացավ բացատրել իր նկարներում թաքնված միտքը, գաղափարը:

Նրա փոխարեն դա կատարեցին «Գոյ» հոգեբանական կենտրոնի հոգեբան-մասնագետները:

Արկադիի խոսքով՝ ինքը ցուցահանդես-վաճառքին որոշել է մասնակցել այն ժամանակ, երբ իմացել է, որ երեխաների օգնությանն է ուղղված: Նշեմ, որ առաջինը հենց Արկադիի լուսանկարներից մեկը վաճառվեց, և նա մեզ հետ կիսվեց իր տպավորություններով: Նրա խոսքով՝ ինքն անչափ ուրախ է, որ իր փոքրիկ լուման ներդրեց այդ գործի մեջ. «Չէ՞ որ երեխաներին օգնելն անչափ կարևոր գործ է»:

Նշենք նաև, որ ողջ ընթացքում հնչում էր կենդանի երաժշտություն:

Ի դեպ՝ ցուցահանդես-վաճառքը լինելու է նաև վաղը՝ առավոտյան ժամը 12:00-ին, այսինքն՝ դուք էլ կարող եք գալ, մասնակիցը դառնալ այդ բարեգործությանը, և ի վերջո հետաքրքիր ու բովանդակալից ժամանակ անցկացնել:

Հ.Գ. Ֆոտոթերապիան համարվում է արտ–թերապիայի տեսակներից մեկը: 1970-ական թվականներին ԱՄՆ– ում և Կանադայում հոգեթերապևտները սկսեցին օգտագործել նկարը` որպես հոգեբանական խորհրդատվության գործիք: Ֆոտոթերապիան օգտագործվում է նևրոզների, դեպրեսիաների, վախերի, ֆոբիաների, ինչպես նաև հոգեսոմատիկ հիվանդությունների բուժման նպատակով, ինչպես նաև օգնում է մարդկանց ձեռք բերել ինքնավստահություն և ազատվել հոգեկան լարվածությունից: Այս մեթոդը կիրառվում է թե՛երեխաների, թե՛մեծահասակների հետ աշխատելիս:

Ունենալով իր արխիվում մի շարք նկարներ` այցելուն հոգեբանական խորհրդատվության համար ընտրում է միայն նրանք, որոնք կարևոր են իր համար կյանքի հենց տվյալ ժամանակահատվածում:

Ֆոտոթերապիայի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ շատ դեպքերում այն ավելի դյուրին է դարձնում հոգեբանական քննարկումները, օգնում է այցելուին անկաշկանդ արտահայտել սեփական մտքերը, ապրումներնում մտատանջությունները: Հոգեթերապևտը նկարների միջոցով կարող է պարզել, թե ինչպես և կյանքի որ փուլում են սկսվել այցելուի հոգեբանական խնդիրները, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի փոխհարաբերությունների մեջ է գտնվում այցելուն իր ընտանիքի անդամների, ընկերների և առհասարակ շրջապատի հետ: Կարևոր նշանակություն ունի նաև այն, թե մարդն ինչ դիրքով է նկարվում, ինչ ֆոնի վրա և նկարներում ինչ գունային գամմա է գերիշխում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս