«Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թիմով պետք է պայքարի, որ Ծառուկյանը նախագա՞հ դառնա»

asparez.am-ը գրում է.  Հարցազրույց ՀՀԿ «Գյումրի-3» շրջանային կազմակերպության նախագահ Բորիս Ալեքսանովի հետ:

-Պարոն Ալեքսանով, Եռյակն իշխանություններին հրաժարականի պահանջ է ներկայացրել: Ձեր կարծիքով, իշխանությունները դրան ինչպե՞ս կվերաբերվեն:

-Իհարկե, ոչ լուրջ: Այդ պահանջը չեն ընդունի: Ընդդիմությունը միասնական չէ. կան տարբեր ընդդիմադիր ուժեր: Եթե յուրաքանչյուրը իշխանություններին հրաժարականի պահանջ ներկայացնի, արդյունքում ի՞նչ կունենանք:

Դա պատկերացնել էլ հնարավոր չէ: Չեմ կարող ժխտել, որ Եռյակին հաջողվեց կազմակերպել բավական մարդաշատ հանրահավաք, բայց ես այդպես էլ չհասկացա, թե այն ինչ տվեց ժողովրդին կամ «Ազատության» հրապարակում հավաքվածներն ինչ սպասելիքներ ունեին հանրահավաքից: Նման ամեն հանրահավաքում մարդկանց խոստանում են՝ հաջորդ հանրահավաքին կլինի շատ լուրջ հայտարարություն եւ այդպես էլ այն չեղավ: Ապրիլ ամսին «Ասպարեզին» տված հարցազրույցում ես նշել էի, որ Քառյակի հաջողությունները պայմանավորված կլինեն այն հանգամանքով, թե որքանո՞վ դրա մաս կազմող ուժերն իրար նկատմամբ անկեղծ կլինեն, ինչին ես շատ կասկածում եմ: Նաեւ ասել էի՝ չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող են համագործակցել եւ ձեռք ձեռքի տված աշխատել ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: Չի բացառվում, որ եթե այժմ խոսում ենք Եռյակի, մի քանի օր հետո կարող ենք խոսել Երկյակի մասին: Եթե չեմ սխալվում, այժմ «Ժառանգությունն» իր 7 պահանջներն է ներկայացրել Եռյակին, որոնք կատարելու դեպքում նոր կշարունակեն համագործակցել ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ: Հասկանալի է, որ մեր ընդդիմադիր դաշտը երկար գոյատեւել չի կարող:

-Որքանո՞վ են Եռյակի առաջադրած պահանջներն համահունչ մարդկանց մեծամասնության՝ իշխանություններին ներկայացրած պահանջներին:

-Ժողովրդի կարծիքը միանշանակ չէ: Մարդիկ կան, որ, իրոք, ոգեւորված են եւ իշխանափոխություն են ուզում, բայց կան նաեւ մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ կոփված են եւ այդ ամենը չեն ընդունում, քանի որ իշխանափոխությունն ամբիոնից գոռգոռալով չեն իրականացնում: Կամ որ խոսում են՝ ժողովրդի շահերից ելնելով դեմ են սահմանադրական բարեփոխումներին, բայց արդեն ապագա նախագահի անուններ են տալիս: Այստեղ անձնական ամբիցիաներ եւ շահեր կան, պարզապես շատ են շտապում, արտահայտությունների մեջ, իրենց չեն կարող զսպել, ինչն էլ ժողովուրդն արագ ընկալում է:

-Գագիկ Ծառուկյանի՞ն նկատի ունեք: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա ասել էր, որ պատրաստ է առաջադրվել որպես նախագահի թեկնածու:

-Ես Գ.Ծառուկյանին նկատի չունեմ: Այդ արտահայտությունները բոլորից էլ լսել եմ: Եռյակի մեջ մտնող բոլոր ուժերն արդեն իրենց նախագահ են պատկերացնում: Եթե հետագայում Եռյակն իր նպատակին հասնի, ամենավտանգավոր բանը կլինի ձեռք բերածն իրար մեջ բաժանելը: Տեսնենք՝ ամսի 24-ին ինչ հայտարարություններ են անելու, ինչի են դրդելու ժողովրդին:

-Վտանգավորությունն ինչո՞վ է արտահայտվելու:

-Ոչ մեկը մյուսին չի զիջելու: Որպեսզի դիվանագիտական լպրծուն ուղղվածությունից դուրս գանք, ասեմ՝ ձեր կարծիքով Լ.Տեր-Պետրոսյանն իր թիմով պետք է պայքարի, որ Գ.Ծառուկյանը նախագա՞հ դառնա, կամ Գ.Ծառուկյանն իր թիմով պետք է չարչարվի, որ Ր.Հովհաննիսյա՞նը նախագահ դառնա: Իհա՞րկե, ոչ: Ուղղակի այստեղ նախագահի աթոռն ազատելու խնդիրն է դրված, բայց հետագայում այդ աթոռին տիրանալու համար մեզ շատ լուրջ եւ տհաճ փորձություններ են սպասվում: Ես այսքան ժամանակ քաղաքականության մեջ լինելով՝ չեմ պատկերացնում, որ թվարկածս քաղաքական գործիչները, կուսակցությունների ղեկավարները մեկը մյուսի համար պայքար ծավալեն, որ իրենց երրորդ գործընկերը նախագահ դառնա: Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր հետեւում կանգնած բավական լուրջ ընտրազանգված ունի, որի արդյունքում իրենք հայտնվել են ԱԺ-ում: Ո՞վ պետք է իր ռեսուրսները ներդնի, որ մյուսն իր նպատակներին հասնի: Ես սա բացառում եմ եւ մտքովս էլ չի անցնում, որ նման բան տեղի կունենա: Ընդդիմության մեջ դեռեւս վերադասավորումներ լինելու են: Մարդիկ բարեփոխումների են սպասում, բայց կան մարդիկ էլ, ովքեր հիասթափվել են, քանի որ ընդդիմախոսներն արտաքինից ժողովրդի շահերից են խոսում, բայց իրականում իրենց նպատակներն են իրականացնում:

-Իսկ ՀՀԿ-ն է ժողովրդի շահերի՞ց է խոսում ու գործում:

-Չեմ ուզում իդեալականացնել այդ քաղաքական ուժը, իսկ ժողովրդի բողոքը լուրջ մտածելու տեղիք է տալիս: Մենք ասել ենք այն, ինչ իրական է եւ չենք խաբել: Մարդկանց մեծ մասն իշխանություններից դժգոհ է, մենք անելու շատ բան ունենք: Բայց նաեւ չենք կարող խաբել, որ՝ եթե մեզ կրկին վստահեք, մենք կախարդական փայտիկով ամեն ինչ կանենք, որ մի ամիս հետո ամեն ինչ լինի: Բայց կան մարդիկ, որ արդեն խոստանում են՝ երեք ամսվա մեջ այնքա՜ն բան կփոխենք: Ես բավական լուրջ պաշտոններ եմ զբաղեցրել, բայց այդպիսի դեղատոմս չեմ ունեցել:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս