Ամուսնալուծությունների թիվն ավելացել է. որո՞նք են հիմնական պատճառները

Վերջերս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել էր թվեր, ըստ որոնց՝ ամուսնալուծությունների թիվը Հայաստանում աճել է 35,5 տոկոսով, այսինքն՝ 1990թ. եթե 1000 ամուսնություններին բաժին էր ընկնում 154 ամուսնալուծություն, ապա 2014թ. առաջին կիսամյակի տվյալներով ցուցանիշը դարձել է 258:

Որո՞նք են այդ խնդրի հիմնական պատճառները. այս հարցին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում անդրադարձավ հոգեբան Խաչիկ Գասպարյանը:

Վերջինիս խոսքով՝ ընտանեկան խնդիրների հիմնական պատճառները դասակարգվում են: Դրանց մեջ առանձնացվում են նյութական կամ ֆինանսական պատճառները, հետո՝ խնդիրներ են առաջանում, երբ ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ առաջ են գալիս վարքի խանգարումներ կամ հոգեկան խնդիրներ.

«Ընտանիքը համակարգ է, և եթե դրա անդամներից որևէ մեկն ունենում է դժվարություն, ապա այդ համակարգն ամբողջովին վերաձևակերպվում է, և այնտեղ կարող են ծագել բազմաթիվ կանխատեսելի ու անկանխատեսելի խնդիրներ: Ընդհանրապես ընտանեկան խնդիրներն աrնչվում են հիմնականում մեծերին՝ ծնողներին, և եթե երեխաներն են խնդիրներ ունենում, ապա մենք այդ խնդիրների բուն պատճառը փնտրում ենք ծնողների հարաբերությունների մեջ. երեխաները հիմնականում սեփական խնդիրներ չեն ունենում՝ բացառությամբ 3-5 % դեպքերի»:

Կարդացեք նաև

Այդ խնդիրները, կարելի է ասել, միշտ էլ եղել են, բայց ո՞րն է պատճառը, որ այսօր ավելացել է ամուսնալուծությունների թիվը. լրագրողների այս հարցին հոգեբանը պատասխանեց, որ այսօր պարզապես երիտասարդ ընտանիքներում համարձակությունն է շատացել. «Եթե դժգոհ են, ընդվզում են, և հանուն երեխայի, հանուն հասարակական կարծիքի, հանուն ընտանեկան արժեքների՝ ընտանիքները չեն պահպանվում: Եթե նախկինում քիչ էր ամուսնալուծությունների թիվը, դա չի նշանակում, որ բոլորն ավելի երջանիկ են եղել: Ընտանիքը հասարակության մի մասնիկն է, և բոլոր այն բացասական, անցանկալի, սոցիալ-հոգեբանական հիվանդությունները, որոնք գոյություն ունեն մեր հասարակության մեջ, ուզենք թե չուզենք, իրենց անդրադարձն ունեն ընտանիքի հոգեկան աշխարհում»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս