«Ստեղծված քաղաքական դասավորության մեջ Գագիկ Ծառուկյանը համարվում է կոմպրոմիսային ֆիգուր»

Հարցազրույց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի հետ

– Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ եռյակի առաջին երևանյան հանրահավաքը, ի՞նչ տպավորություն ունեք դրանից:

– Որքանով հասկանում եմ, հանրահավաքը քաղաքական միջոցառում է, և տպավորություններն էլ այդ կոնտեքստում պետք է լինեն: Սակայն շատերը քննարկում են մասնակիցների քանակը, նրանց ոգևորության աստիճանը և այլն: Մեկ բան ակնհայտ է, Հայաստանում կան տասնյակ-հազարավոր մարդիկ, որոնք ոչ միայն դժգոհ են գործող իշխանությունից, այլև պատրաստ են կոնկրետ գործողությունների դիմել, սակայն հանրահավաքի մասնակիցներին գործողությունների քայլեր չառաջարկվեց: Սա 1996-ի և 2008-ի սցենարն է հիշեցնում:

– Հաջորդ հանրահավաքը լինելու է հոկտեմբերի 24-ին: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի խոսքով` այդ հանրահավաքը լինելու է «միասնական ծրագրերի և միասնական քայլերի հանրահավաք: Ժողովուրդը քայլեր ունի իրականացնելու և գալու է իրականացնելու այդ քայլերը»: Ի՞նչ կարելի է սպասել` հաշվի առնելով, որ այն հանրահավաքին ժողովուրդը հենց այդ պահին էր պահանջում քայլեր իրականացնել, սակայն նրան չլսեցին:

Կարդացեք նաև

– Էական չէ, թե այդ քայլերը ֆիզիկապես երբ կիրականացվեն, այլ կարևորն այն է, թե առհասարակ քայլեր կա՞ն, թե՞ ոչ: Եվ առաջարկվելիք քայլերն ինչո՞վ են տարբերվում նախորդ տարիների քայլերից և տրամաբանությունից:

– Հաշվի առնելով, որ վերջին հանրահավաքում ժողովրդի ձայնը լսելի չեղավ, և ԲՀԿ առաջնորդն էլ ելույթ չունեցավ, ինչպես նախատեսվում էր, ի՞նչ կարելի է ակնկալել` նույնքան մարդ կլինի՞ առաջիկա հանրահավաքին:

– Ի՞նչ է նշանակում «ժողովրդի ձայն» ասածը: Ժողովուրդը կարող է միայն ապստամբել և հաջողության դեպքում ավերել` որպես բողոքի նշան: Տրամաբանված պահանջներ կարող է ներկայացնել կազմակերպված հասարակությունը` իր կողմից ընդունված ինստիտուտների միջոցով: Մենք չունենք կազմակերպված հասարակություն, կան կուսակցություններ, որոնք կոռումպացված են և ներկայացնում են միայն այդ կուսակցությունների վերնախավի շահերը:

Հենց այդտեղ է գտնվում մեր հիմնական խնդիրը` կուսակցությունները հանրային կառույցներ չեն և չեն կարող ներկայացնել հանրային շահը, ավելին` հանրային շահը ձևակերպված չէ: Հայաստանում կուսակցություններն ընդամենը սննդային շղթայի օղակներից մեկն են: Մարդիկ, իմ կարծիքով, կլինեն, որովհետև գործող ռեժիմն այն վիճակին չի հասցրել մարդկանց, որպեսզի նրանք տանը նստեն, առաջին իսկ հնարավորության դեպքում փողոց դուրս եկողներ կլինեն: Մարդիկ ոչ թե Եռյակի համար են փողոց դուրս եկել, այլ` գործող ռեժիմի դեմ:

– Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` իրենք միասնական օրակարգ չունեն: Արդյոք հնարավո՞ր է հաջողության հասնել` առանց միասնական օրակարգի:

– Նախ` նրանցից յուրաքանչյուրը պետք է ընդհանրապես որևէ օրակարգ ունենա, որից հետո փորձեն դրանցից ստանալ միասնական ինչ-որ մի բան:

– Արտաքին քաղաքականության հարցում այս քաղաքական ուժերը համակարծիք չեն, և հենց հանրահավաքի օրը հարթակից լրիվ հակասական տեսակետներ հնչեցին: Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ: Հնարավո՞ր է` եռյակն էլ պառակտվի:

– Հայաստանում ոչ մեկն էլ չունի հստակ և տրամաբանված արտաքին քաղաքականության օրակարգ, չեն քննարկվում աշխարհում և մեր մեծ տարաշրջանում տեղի ունեցող դեպքերի հնարավոր զարգացման սցենարներ: Սակայն կան տեսակետներ և մտքեր, որոնք հիմնավորված չեն: Ինչ վերաբերում է Եռյակի պառակտվելուն, ապա ամեն ինչ էլ հնարավոր է, բացառված չէ, որ Հանրապետական կուսակցությունն էլ պառակտվի:

– Լևոն Տեր-Պետրոսյանը, խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին, ասաց, որ «դրան դեմ արտահայտվող երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»: Լևոն Զուրաբյանն էլ մեղադրում է այդ «ջղաձգվողներին» Հայաստանի ինքնիշխանությունը ծախելու մեջ, որովհետև իրենք համարում են, որ ծախվել է Հայաստանը, ու չեն բողոքում: Համակարծի՞ք եք նրա հետ: Ինչո՞ւ ԵՏՄ-ին դեմ արտահայտվողները ոչ մի բան չեն ձեռնարկում:

– Ինձ ավելի շատ մտահոգում են Մերձավոր Արևելքում կատարվող դեպքերը: Իմ կարծիքով` այդ խնդիրն է առաջին հերթին պետք քննարկել: Մեր երկրի ճակատագիրն այդտեղ է որոշվում, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին կամ Արևմուտքին, ապա նրանք շատ լավ հասկանում են, թե ինչպիսի վիճակում է գտնվում Հայաստանը, և մեծ պահանջներ Հայաստանի առաջ չեն դնում, ուղղակի Հայաստանի գործող իշխանությունն է ցանկանում արտաքին հովանավորներ փնտրել` իր իշխանությունը երկարաձգելու համար, և ողջ երկիրը մտցնում է տարբեր ֆորմատների մեջ: Խնդիրը ռեժիմն է, այլ ոչ թե միջազգային վերադասավորումները:

– Գագիկ Ծառուկյանը հարցազրույց էր տվել` խոսելով իր` նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորության մասին: Ի՞նչ կասեք դրա մասին: Ինչքանո՞վ եք իրատեսական համարում դա:

– Իմ կարծիքով` Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ ամբիցիաներ չունի: Հակառակը, իրեն համոզում են մտնել մեծ քաղաքականություն: Նա ստեղծված քաղաքական դասավորության մեջ համարվում է կոմպրոմիսային ֆիգուր, և ես հավատում եմ նրա այն խոսքերի անկեղծությանը, որ ինքը համարում է, որ իրենից ավելի լավ թեկնածուներ կան:

Տեսանյութեր

Լրահոս