
Քերին ու Լավրովը քննարկել են Ուկրաինայի արևելքում հրադադարի պահպանման հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին պայմանագրի լիարժեք պահպանման անհրաժեշտությունը:
Քերին ապօրինի է որակել ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ընտրությունները: Քերին հավելել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հետագա քայլերը հստակեցվելու են Միլանի գագաթաժողովում, որին մասնակցելու են Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահները:
Լավրովն իր հերթին օգտակար է համարել Քերիի հետ հանդիպումը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն հանդիսանում Ուկրաինայի հակամարտության կողմեր: Նրանց հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում և տևել է երեք ժամ: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Իրանի հարցը, «Իսլամական պետության» ու Էբոլա վիրուսի դեմ պայքարի հարցերը: