Գործողությունների հանրահավաքը՝ հոկտեմբերի 24-ին

Երեկ հայտնի է դարձել, որ ոչ իշխանական ուժերի եռյակ/քառյակի հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այդ հանրահավաքն անվանել է «գործողությունների հանրահավաք»: Թե ի՞նչ գործողություններ է պատրաստվում իրականացնել ՀԱԿ-ն իր գործընկեր ԲՀԿ-ի և «Ժառանգության» հետ, Լևոն Զուրաբյանն առայժմ չի գաղտնազերծել՝ առաջարկելով գալ հանրահավաքի և այնտեղ ականատես կամ մասնակից լինել այդ գործողություններին: Չնայած գործողությունները հայտնի չեն, սակայն հայտնի է այդ գործողությունների նպատակը. Հայաստանում ձևավորել իշխանություն, որը վայելելու է հասարակության վստահությունը և կարող է լուծել Հայաստանի առջև դրված խնդիրները: Իրականում ոչ իշխանական ուժերի գործողությունների ծրագիրը դժվար չէ գաղտնազերծել. ընտրությունների միջոցով իշխանության գալու այլընտրանքը բռնի իշխանափոխությունն է:

Դրան հասնելու համար ընդդիմությունը պետք է այն աստիճան ապակայունացնի իրավիճակը, որ իշխանությունը, կորցնելով վերահսկողությունը հանրային կյանքի կազմակերպման վրա, ստիպված լինի հրաժարական ներկայացնել: Լևոն Զուրաբյանը համոզված է, որ իշխանությունները չեն առաջնորդվի «խելագարության կանխավարկածով» և առանց որևէ դիմադրության և ինքնակամ հրաժարական կտան՝ իշխանությունը հանձնելով ժողովրդի վստահությունը վայելող և Հայաստանի առջև կանգնած խնդիրները լուծելու ունակ եռյակին:

Դրա համար, ինչպես նախորդ հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, իշխանությունը կարող էր «ողջամիտ» առաջարկներ ներկայացնել: Սակայն անցած երեք օրերին, գոնե հրապարակային հարթությունում, իշխանությունը ոչ իշխանական ուժերին ոչ ողջամիտ, ոչ էլ անհեթեթ որևէ առաջարկ, կարծես, չի արել:

Տեսանյութեր

Լրահոս