Բաժիններ՝

«Այս անիմաստ թալանը մեր անշնորհք ղեկավարների գործելաոճն է»

asparez.am-ը գրում է.  Հայաստանի 3 հանրապետությունների քաղաքացի 104-ամյա Ազգանուշ Հովհաննիսյանը հիշում է՝ իր Բադաս պապից (Սպիտակի շրջանի հարուստ, բարերար ու երեւելի մարդկանցից էր) է լսել ՀՀ առաջին անկախ պետության մասին: 1928-ին, երբ արդեն հասուն էր, կոմունիստները իր Արմենակ հորը կուլակաթափ են արել եւ նրանք ընտանիքով պատսպարվել են Վանաձորում: Պապը չհարմարվելով ունեցվածքի կորստի հետ՝ մահացել է, եւ որպես հարգված ու պաշտելի մարդ՝ թաղվել Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փոքր էր (ռազմաճակատ գնացած հորը կարոտում էր), բայց 5 եղբայրների միակ քույրը մինչեւ հայրենական պատերազմը ոչ մի բանի կարիք չի զգացել: Հետագայում եղբայրներից մեկը հիվանդության պատճառով մահացել է, 2-ը 1942թ-ին զոհվել են ռազմաճակատում: Դեռ արցունքը չէր ցամաքել, երբ մեկ տարի անց եկել է ամուսնու զոհվելու բոթը:

Հասուն կյանքի 70 տարիները ապրել է երկրորդ հանրապետությունում՝ ԽՍՀՄ կազմում: Իր ապրած կյանքից չի դժգոհում է, ասում՝ այն ժամանակ բոլորն էլ նույն չարչարանքն են կրել, բայց վաղվա օրվա հանդեպ հավատ ու վստահություն կար. «Կոլտնտեսությունում՝ դաշտում տղամարդկանց փոխարեն էլ եմ աշխատել, հետո դարձել է սովխոզ՝ ճակնդեղագործ, կովկիթ ու ոչխարակիթ եմ եղել: Ձմռանն էլ Ջաջուռի թունելի մուտքը մաքրել ենք, որ չփակվի: Շատ խիստ ու տառապալի աշխատանք եմ տարել՝ մի կտոր հաց վաստակելու համար»:

Ազգանուշ տատը աշխատանքի վետերան է, «Թիկունքի աշխատակցի» շքանշանակիր, երկրորդ համաշխարհային պատերազմի 50-ամյակի մեդալակիր: Աշխատանքից հետո, գիշերները գուլպաներ ու ձեռնոցներ է գործել, ուղարկել ռազմաճակատ՝ Հայրենական եւ Արցախյան պատերազմների ժամանակ: Համադրելով երկու պատերազմները եւ դրանց հետեւած իրականությունը՝ նա ասում է. «1947-50թթ-ին կյանքը աստիճանաբար բարելավվեց, բրդի, ձվի հարկերը վերացվեցին, մի կով ու 3 ոչխար պահեցի, աշխօրով էի աշխատում, երեխաներին պահելը թեթեւացավ: Սովետի ժամանակ լավ էր, անկախության տարիներին ոչ մի լավ բան չեմ տեսել, բացի 88-ի հանրահավաքից: Համաժողովրդական պայքարով հաղթանակ տարանք եւ վայելեցինք, բայց էս կառավարությունը չկողմնորոշվեց, թե ինչպես կարելի է երկիրը կառավարել, սեփականաշնորհումը մեջ գցեց, մեր ժամանակվա ստեղծած ամեն ինչը քանդեց, թալանեց»:

Շատ է մտածում 8 թոռների ու 19 ծոռների ապագայի մասին, հույս չունի, թե այսօրվա ղեկավարությունը մի օր պետության շահը իր շահից վեր կդասի՝ չի թալանի ժողովրդին: Նկատում է՝ ժողովրդին մի քանի ձեւով են թալանում. լսել է, որ 100-ը բոլորած տարեցներին ՀՀ կառավարությունը 100 հազար դրամ է պարգեւում, ինքն այդ գումարը չի ստացել. «Առաջին ձեւը մարդկանց աշխատածը չվերադարձնելն է: Էդքան տարվա ստաժ ունեմ, թոշակս միայն դեղի եմ տալիս (չի ասում՝ ինչքան է ստանում): Ամոթ է, դա ասելու թիվ չէ»:

Տանջալի աշխատանքից կոպեկ-կոպեկ հավաքել ու երեխաների վաղվա օրվա համար խնայդրամարկղում գումար էր հավաքել, բայց գումարը հետ ստանալու համար դիմել ու մերժվել է: Դժգոհում է՝ երկրաշարժից քանդված Լեռնուտ գյուղի բնակարանի համար ստացած 18 հազար ռուբլու փոխարեն ՀՀ կառավարությունը 15 հազարի համար փոխհատուցեց, որի դիմաց 800 դոլար ստացավ.« Սա թալան չէ՞, հա, բա ի՞նչ է»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս