Ինչն է դարձել Արակբիր բժշկական կոնտրոնում երեխայի մահվան պատճառը (տեսանյութ)
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Արաբկիր բժշկական կոնտրոնում մահացած 2.3-ամյա Լիա Միսակյանի գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց փորձագետ, քիթ-կոկորդ ականջաբան Սեյրան Հովհաննիսյաննը:
Նրա խոսքով՝ երեխայի մահվան պատճառ է դարձել ագրանուլոցիտոզ հիվանդությունը. քիթ-կոկորդ ականջաբանի խոսքով՝ դրա պատճառն էլ հապտենային դեղամիջոցները. որպես այդպիսի դեղամիոջ՝ նա նշեց անալգինը: Մեղադրողի հարցին՝ ըստ կատարված փորձաքննության՝ ովքե՞ր են նշանակել այդ դեղամիջոցները, փորձագետը պատասխանեց, որ երեխայի հայրն ու մայրը նշել են, որ երեխան 14 օր հիվանդ է եղել, հիվանդանոց ընդունվելուց 3 օր առաջ ջերմել է, ջերմիջեցնողներ են տվել նրան:
Փորձագետն ավելացրեց նաև, որ ջերմություն ունենալու դեպքում ջերմիջեցնողներ չնշանակելը նույնպես սխալ է: Նա նշեց, որ ագրանուլոցիտոզը չի կարող պարզվել հիվանդի ինքնազգացողությունից, այն պարզվում է արյան հետազոտության քննության արդյունքներից:
Ըստ փորձագետի՝ ասել, թե որ պահին է զարգացել այդ հիվանդությունը, ոչ ոք չի կարող: Ս. Հովհաննիսյանն ասաց, որ ինքը՝ որպես մասնագետ, առնչություն չի ունեցել նշված հիվանդության հետ, քանի որ դրա մասնագետը չէ, սակայն մահվան ելքի հավանականությունը բավական մեծ է:
Նշենք, որ Սեյրան Հովհաննիսյանը մասնակցել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությանը, որի հետևություններ բաժնում բժիշկները նշել են, որ ընդունվելիս Լիա Միսակյանի օբյեկտիվ և սուբյեկտիվ վիճակի և ներկայացված անամնեզտիկ տվյալների հիման վրա դրվել է նախնական ախտորոշում՝ սուր շնաչական վարակ, ջերմային ցնցումներ, որը համապատասխանում է ընդունվելիս ստացիոնար բժշկական քարտում արձանագրված տվյալներին:
Փորձագետները եկել են այն հետևության, որ ընդունվելիս նշանակված հետազոտությունների և բուժման ծավալը համապատասխանել է դրված նախնական ախտորոշմանը և եղել է ցուցված: Փորձագետները նշել էին. «Չնայած Լիա Միսակյանի բուժօգնության ցուցաբերման ընթացքում տեղ գտած վերը նշված թերություններին և բացթողումներին՝ հարկ ենք համարում նշել, որ արյան հետազոտությունների նման արդյունքների՝ լեյկոպենիայի և ագրանուլոցիտոզի ու իմունիտետի խիստ ընկճվածության պայմաններում խտաբանական փոփոխությունների՝սեպտիկ բարդությունների զարգացման առանձնահատկություններով պայմանավորված նշված թերությունների և բացթողումների ու Լիա Միսակյանի մահվան միջև անմիջական պատճառական կապ հաստատել հնարավոր չէ»:
Մեղադրողն ասաց, որ այսօր փորձագետն իր ցուցմունքում նշել է, որ եթե ճիշտ բուժում նշանակվեր, կար փրկվելու հնարավորություն և հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են փորձագետները նման պայմաններում «իմպերատիվ կերպով գրել՝ պատճառական կապ չկա»:
Ի պատախսն փորձագետն ասաց. «Մենք չենք գրել, որ չկա, գրված է՝ հնարավոր չէ»: Իր հարցաքննության ընթացքում փորձագետն ասաց նաև, որ սուր շնչական վարակը, ջերմային ցնցումները և ագրանուլոցիտոզը միմյանց բացառող ախտորոշումներ չեն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: